Ճկուն, խարիզմատիկ առաջնորդի ուժը նրա հեռատեսությունն է, պետական մտածողությունը, ճշմարտախոսությունը, անբասիր վարքը, նվիրվածությունն իր երկրին ու ժողովրդին, բարոյական անաղարտությունը, մի խոսքով՝ բոլոր այն հատկանիշները, որոնցից ՀՀ-ում վարչապետի աթոռը զբաղեցնող անձն իսպառ զուրկ է: Ուժեղ ղեկավարը չեղած տեղը պատերազմ չէր հրահրի եւ մարդկային, նյութական բազում կորուստներ, ողբերգություն ու ավեր չէր բերի, հարյուր հազարավոր իր հայրենակիցներին չէր ունեզրկի, սեփական պետությունը չէր ծվատի եւ մաս-մաս դարավոր թշնամուն չէր նվիրի:
Ուժեղ առաջնորդը՝ ա/ քաղաքական ընդդիմախոսներին կեղծ մեղադրանք չի առաջադրի, նրանց ապօրինի կերպով բանտերում չի փակի; բ/ Եռաբլուրը եռապատկելուց հետո իրեն քեֆ-ուրախությունների, տարատեսակ անզուսպ, ինքնամոռաց վայելքների չի տա; գ/ կեղծ պատարագները չի խրախուսի, 1700-ամյա Հայ Առաքելական եկեղեցու վրա ճնշումներ չի բանեցնի եւ, առհասարակ, Եկեղեցու գործերի մեջ քիթը չի խոթի; դ/ իր Զինված ուժերը չի թուլացնի, թշնամու պատվերով բանակը չի «ամորձատի», փորձառու սպայակազմին չի հեռացնի, անհիմն չի պատժի; ե/ Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ չի դնի, չի ուրանա մեկուկես միլիոն հայ նահատակների արյունն ու հիշատակը: Այս ցանկը կարելի է երկար շարունակել:
Թույլ առաջնորդը՝ ա/ իրեն շրջապատում է ուժայիններով, քանի որ վախը միշտ սրտումն է. նրան թվում է՝ իրեն հետապնդում են, եւ սպանես՝ 10 քայլ առանց թիկնապահների չի գնա; բ/ հակված է դավաճանության եւ առաջին իսկ պատեհության դեպքում կմատնի ընկերոջը, զորամիավորմանը, անգամ՝ հայրենիքը; գ/ իշխանատենչ է եւ իր իշխանությունը ցկյանս պահելու համար պատրաստ է ցանկացած ստորացման եւ ստորության; դ/ չի վայելում վստահություն ո՛չ հանրության ո՛չ էլ յուրայինների շրջանում: Խոսքն արժեզուրկ է, խոստումները՝ անհրապույր; ե/ թույլ բանակցող է եւ անզոր է միջազգային ասպարեզում պաշտպանել իր դիրքորոշումն ու իր պետության շահերը:
Թույլ առաջնորդից միշտ անբաժան է պարտվածի համախտանիշը: Իսկ ընդհանուր առմամբ՝ թույլ առաջնորդ չի լինում: Եթե թույլ է, ուրեմն՝ առաջնորդ չէ: Համենայն դեպս՝ պետք է այդպես լինի:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երեւանից» թերթի այս համարում


















































