Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի պատերազմի ընթացքը Մերձավոր Արեւելքի բոլոր փոքր երկրներին ստիպում է մտածել իրենց ճակատագրի մասին։ Ամեն բան, ինչի վրա այս երկրները կես դար հույս են դրել սեփական անվտանգությունն ապահովելու համար, սկսել է աշխատել իրենց դեմ։ Ամերիկյան ռազմակայաններն ու կապիտալը անվտանգության եւ բարգավաճման աղբյուրից վերածվել են գոյաբանական սպառնալիքի։ Եղբայրական ու բարիդրացիական հարաբերությունները վերածվել են փոխադարձ ատելության եւ ագրեսիայի։
Աճող գիտակցություն կա, որ թուլացող ԱՄՆ կայսրությունը ոչնչացնում է իր իսկ կառուցած բարգավաճման աշխարհը։ Նրանք, ովքեր դեռեւս ապագայի հույսերը կապում են Միացյալ Նահանգների դաշինքի հետ, ոչ պակաս մտահոգված են։ Դաշինքը, ինչպես բարիդրացիական հարաբերությունները, այլեւս երաշխիք չէ։ Հայաստանում նույնպես տասնամյակներ շարունակ քաղաքական դասի անվտանգության ու զարգացման բոլոր հույսերը հանգում էին տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների եւ գերտերությունների հետ դաշինքին։
Իրանում շարունակվող պատերազմի համատեքստում կարեւոր է նախեւառաջ հասկանալ, թե տարածաշրջանային ի՞նչ մարտահրավերներ կարող են առաջանալ, որոնք ուղիղ ազդեցություն կունենան նաեւ Հայաստանի վրա: Տեղի են ունենում դեպքեր, որ անգամ դժվար է ասել, թե Իրանում պատերազմ է, առաջին իսկ օրվանից պատերազմն ամբողջ միջինարեւելյան տարածաշրջանում է, ու հիմա արդեն շատ շատերն են խոսում, որ անգամ Իսրայելի ու ԱՄՆ-ի համար էր դա անսպասելի: Որեւէ մեկը չի կարող ասել, թե ինչ տարածքով այն կտարածվի, դա կախված է ռազմական գործողությունների բնույթից:
Մեզ համար ի սկզբանե կարեւորն այն էր, թե արդյո՞ք պատերազմը կարող է տեղափոխվել Կովկասյան տարածք, թե՝ ոչ: Մեզ համար կոնկրետ լուրջ խնդիր էր Ադրբեջանին ուղղված այն մեղադրանքը, թե իր տարածքում ծայրահեղական տարրեր է պահում, ու եթե այդ տարածքից ինչ-որ գործողություններ լինեն, ապա Իրանի պատասխանը չի ուշանա: Այդ խնդիրը վերջին օրերին հրատապ դարձավ Նախիջեւանի դեպքերի համատեքստում։ Բարեբախտաբար՝ Իրանի ու Ադրբեջանի միջեւ այդ լարվածությունը, կարծես թե, հարթվեց:
Կարդացեք նաև
Երկրորդ էական խնդիրը, որը մեծ նշանակություն ունի ապագայի համար, այն է, որ Թուրքիան ու Ադրբեջանը տարբեր վերաբերմունք ունեն այս պատերազմի նկատմամբ: Եթե Ադրբեջանը փորձում է ամեն կերպ մեջտեղ ընկնել այս պատերազմում, ամեն տեղ ցույց տալ, որ ինքը Իսրայելի, ԱՄՆ-ի հետ է, Թուրքիան, հակառակը՝ ամեն կերպ փորձում է խուսափել Իրանի հետ հարաբերությունները բարդացնող որեւէ գործողության մասնակցելուց: Մեզ հետ կապված հիմնական խնդիրը դա է, որ եթե Ադրբեջանը կամ Թուրքիան ներքաշվի պատերազմում, ապա պատերազմն անմիջապես տեղափոխվելու է մեր տարածաշրջան, իսկ այս տարածքում արդեն չգիտես, թե դեպքերն ինչպես կարող են զարգանալ:
Թուրքիան բազմիցս ասել է, որ խնդիրներ ունի Իսրայելի հետ, վերջինս տարբեր գործիչների մակարդակով հայտարարել է, որ Իրանի հետ վերջացնելուց հետո Թուրքիային են անցնելու: Իսրայելն անընդհատ ասում է, որ Թուրքիան իր համար ռազմավարական վտանգ է ներկայացնում, ու իրենք այդ հարցերը պետք է լուծեն։ Բնական է, որ Թուրքիան որեւէ կերպ չէր ցանկանա, որ Իսրայելն ԱՄՆ-ի հետ որեւէ հաջողության հասներ Իրանի դեմ պատերազմում, որովհետեւ դա միանշանակ կբարդացնի իր վիճակը: Այս տեսանկյունից, իհարկե, Թուրքիան փորձում է ամեն կերպ հեռու մնալ ու որեւէ կերպ չմտնել պատերազմի մեջ, չաջակցել Իրանին:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Ադրբեջանի հետ խնդիր ունի հենց Իրանը՝ նկատի առնելով, որ, ի տարբերություն Թուրքիայի, Ադրբեջանն անմիջականորեն մասնակից է Իսրայելի հետ հարաբերություններում: Երկրորդն էլ այն է, որ Արցախի վերջին պատերազմում հաղթելուց հետո Ալիեւի մեջ հաղթողի բարդույթ է ձեւավորվել, որ իրենից պետք է բոլորը զգուշանան, այլապես կպատժի բոլորին, ինչպես Հայաստանին պատժեց: Ադրբեջանը անընդհատ տարբեր մակարդակներով շոշափում է այն հարցը, որ Իրանի հետ հարցերում գոյություն ունի հարավային ադրբեջանցիների խնդիր:
Ակնհայտ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան տրամագծորեն տարբեր մոտեցումներ ունեն, եւ մեծ վտանգը՝ պատերազմի տարբեր զարգացումների տեսքով, հենց այստեղ է: Նրանցից մեկի՝ պատերազմի մեջ ներքաշվելիս մյուսը եւս կներքաշվի: Նման իրադրությունում Թուրքիան հազիվ թե կարողանա ինչ-որ ձեւով աջակցել «կրտսեր եղբորը», եթե վերջինս հայտնվի բարդ վիճակում: Դե, պատերազմ է, ամեն ինչ կպատահի: Բայց ցավն այն է, որ իրավիճակի այդպիսի զարգացման դեպքում անմիջական վտանգն ընկնում է Հայաստանի տարածքին, քանի որ արեւելքում քրդերն են, եւ եթե Թուրքիան ցանկանա Ադրբեջանին օգնություն տրամադրել, պետք է օգտագործի Հայաստանի տարածքը:
Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում


















































