Նրանք գնում են, առաջ են գնում,
Առաջ են գնում, որ վեր բարձրանան
Երկիրը նրանց ներքև է տանում՝
Բնանյութ է պետք, որ պարարտանա։
Մկրտիչ Գրաբսկի
Aravot.am-ի «Առողջ առավոտ» նախագծի շրջանակներում զրուցել ենք ՀՀ ԱՆ գլխավոր ուրոլոգ, «Իզմիրլյան» ԲԿ ուրոլոգիական բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Արթուր Գրաբսկու հետ։
-Բժիշկ Գրաբսկի, վերջերս Ձեր հայրիկի՝ բժիշկ ու բանաստեղծ Մկրտիչ Գրաբսկու ստեղծագործություններն էի ընթերցում ու ակամայից սկսեցի մտածել, թե ինչի՞ց է, որ մեծ կապ կա նկարչության, գրականության, առհասարակ արվեստի ամենատարբեր ճյուղերի ու բժշկության միջև, չէ՞ որ վերջինս ավելի «չոր», գիտական փաստերով, թվերով ու բանաձևերով հագեցած ոլորտ է թվում։
Կարդացեք նաև
-Ո՞նց կարող է բժշկությունը չոր լինել. մարդկանց հույս տալը, բուժելը, խնամելը, ոտքի կանգնեցնելը, չբուժվող հիվանդություն ունեցող մարդու հետ շփվելը․․․ չէ, չոր չէ․․․ Ավելին ասեմ՝ ձեր նշած բոլոր ուղղություններն էլ բժշկության մեջ կան․ թե՛ արվեստը և թե՛ գիտությունը, կարծես միավորվում են մեր ոլորտում՝ հանուն մարդու բարօրության․․․ Դեռ ուսանողական տարիներից էր մեզ հայտնի, որ եթե նույնիսկ առաջին շփումից հետո հիվանդը թեթևացած դուրս չեկավ բժշկի սենյակից, ուրեմն նա բժիշկ չէ։
Հիվանդ կարող են լինել բոլոր ոլորտի մարդիկ՝ սկսած հասարակ հողագործից մինչև ակադեմիկոս, և բժիշկը պետք է կարողանա, այսպես ասած, հասկանալ նրանցից յուրաքանչյուրին․ դա էլ արվեստի մի տեսակ է։
-Թույլ տվեք ավելացնել, որ բժիշկը ոչ միայն մարդուն պետք է կարողանա հասկանալ, այլ նաև այն ժամանակը, որում ապրում է մարդը, և այս առումով Ձեր կերպարն ինձ շատ հետաքրքիր է, քանի որ Դուք և, այսպես կոչված, ավանդական բժշկությանն եք հրաշալիորեն տիրապետում, և նաև Ձեր ոլորտին առնչվող շատ նորարարություններ հենց դուք եք բերել Հայաստան՝ դառնալով առաջամարտիկ։
-Դա բնականորեն է ստացվել։ Հայրիկս սովորել է այն մարդու մոտ, որը հենց թերապիայի դասագրքի հեղինակն էր։ Իմ ուսանողական տարիներին ես նույնիսկ Բժշկական համալսարանից այդ գիրքը չվերցրեցի, քանի որ արդեն տանն ունեի այն՝ հենց հեղինակի ստորագրությամբ։ Ես ուրախ եմ, որ անցել եմ թերապևտիկ այդ ավանդական դպրոցը՝ իմ ուսուցիչների, հայրիկիս առաջնորդությամբ, բայց իմ մասնագիտությունը՝ վիրաբուժությունը, պահանջում է ակտիվ գործողություններ, որոշ հիվանդությունների դեպքում՝ նաև շատ արագ կողմնորոշվելու ունակություն, ինչի համար պետք է անընդհատ զարգանալ, առաջ նայել։
Սրա հետ կապված մի դեպք պատմեմ․ մի ընկեր ունեի, որը զինվորական էր՝ գնդապետ։ Նրա հետ ճանապարհորդում էինք Վրաստանում, երբ մեր մեքենան ճանապարհին խափանվեց։ Նկատելով, որ նա չի կողմնորոշվում, թե ինչ անի, սկսեցի հուշել նրան, որ մեքենայի էս մասն է պետք, էս բանին պետք է ուշադրություն դարձնել, և ինքն էլ շատ արագ գնաց, շուկայից բերեց-տեղադրեց, և երբ մեքենան սարքվեց, ու մենք ետ եկանք, երկուսս էլ ծիծաղելով նկատեցինք, որ ընկերս, լինելով իր գործում պրոֆեսիոնալ զինվորական, պատրաստ էր ծայրից ծայր հրահանգները կատարել՝ փայլուն և արտակարգ, բայց այդտեղ օգնեց իմ՝ վիրաբույժ լինելը, քանի որ պետք էր մարդ, որը կկարողանար վայրկենական որոշումներ կայացնել․ վիրահատությունների ժամանակ էլ է այդպես, չէ՞, որ երբ մի բան է լինում, բարդություն է առաջանում, դու պետք է անհապաղ որոշում կայացնես՝ առանց հետաձգելու կամ ինչ-որ մեկին սպասելու, որը կգա ու քեզ կասի, թե ինչ անես։
-Բժիշկ Գրաբսկի, այն, որ բժշկությունն անընդհատ է զարգանում, նորություն չէ։ Այսօր ռոբոտային վիրաբուժությունը, արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ այլևս ֆանտաստիկայի ժանրից չի թվում․ ըստ Ձեզ՝ ո՞ւր ենք հասնելու այս տեմպով։
-2013 թ․ Սան Դիեգոյում մասնակցում էի Ամերիկյան ուրոլոգիական ասոցիացիայի կոնգրեսին, և հենց այդ ժամանակ էլ ռոբոտիկ վիրաբուժության բումն էր, երբ Ամերիկայում համարյա ստանդարտ էր դառնում հայտնի ռոբոտ Դա Վինչիի օգտագործումը։ Պանելային քննարկման ժամանակ, որին մասնակցում էին ոլորտի համաշխարհային փորձագետներ, նստած էինք բեմում, իսկ բեմի կողքը երկու մեծ անիվ էր դրված, և երբ հետաքրքրվեցի, թե ի՞նչ անիվներ են դրանք, պարզվեց՝ Մարսագնացի անիվներն էին, որոնք Մարս էին հասել՝ այնտեղից բերելով այդ մոլորակի առաջին գունավոր նկարները։ Եվ քննարկման ժամանակ հենց այդտեղից էլ հարց ծագեց, որ եթե Մարսագնացը հասել է Մարս, ապա մենք այստեղից Մարսի վրա կարո՞ղ ենք վիրահատություններ անել ռոբոտների միջոցով՝ հաշվի առնելով, որ ռոբոտիկ վիրաբուժության ժամանակ ամենևին էլ պարտադիր չէ, որ բժիշկը հիվանդի հետ նույն սենյակում գտնվի։ Եվ այդտեղ ես նշեցի, որ, իհարկե, տեսականորեն կարող ենք, բայց չմոռանանք, որ այստեղից այնտեղ ինֆորմացիան 20 րոպե հետո է հասնում, իսկ վիրաբուժության մեջ այդ 20 րոպեն կարող է ճակատագրական լինել, և որքան էլ զարգանա ռոբոտային վիրաբուժությունն ու այլ ուղղությունները, մարդկային գործոնը, մարդու արձագանքման արագությունը էական կմնան։
Այդ նույն քննարկման ժամանակ, երբ հարց հնչեց, թե լավ, բա հաջորդ քայլը ո՞րն է լինելու, ապագայում ինչպե՞ս է զարգանալու վիրաբուժությունը, կանխատեսումներ եղան, որ ստեղծվելու է մի մետաղական պարկուճ, որը կտեղադրվի հիվանդի մարմնում, կգնա այնտեղ, ուր պետք է, վիրահատությունը կանի ու դուրս կգա մարմնից։
-Հուսանք՝ մենք էլ կհասնենք այդ օրերին, իսկ մինչ այդ, եկեք մի փոքր խոսենք մերօրյա հիվանդություններից․ վերջերս մի հոդված կարդացի, որ առաջիկայում տղամարդկանց շրջանում շագանակագեղձի քաղցկեղի դեպքերի աճ է սպասվում․ արդյոք այդ կանխատեսումներն իրակա՞ն են ու առիթ են հարցին ավելի ուշադիր լինելու։
-Կարծում եմ՝ դա նորություն չէ։ Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց շրջանում հաճախ հանդիպող ուռուցքներից է՝ թոքի քաղցկեղից հետո։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այլ պատճառներից մահացած 80 տարեկան տղամարդկանց մոտ 20 տոկոսն ունեցել է շագանակագեղձի քաղցկեղ։ Տարիներ առաջ, երբ դուրս եկավ այս քաղցկեղի մարկերը՝ Պրոստատ-սպեցիֆիկ հակածինը (PSA), լայնածավալ կերպով այն կիրառվեց ու ահռելի քանակի քաղցկեղներ հայտնաբերվեցին, որոնք սկսեցին ինտենսիվորեն բուժել։ 10-15 տարի անց պարզվեց, որ ագրեսիվ բուժման հետ կապված հաշմանդամությունը, մահերը բավականին մեծ տոկոս են կազմում, ինչը հիմք տվեց շագանակագեղձի քաղցկեղի հետ կապված սքրինինգները դադարեցնելու ու սիմպտոմատիկ բուժում իրականացնելու համար, քանի որ երբեմն ավելի նպատակահարմար է ուղղակի հետևելը՝ հաշվի առնելով, որ նույնիսկ բիոպսիա արած քաղցկեղի տեսակներ կան, որոնք դանդաղ աճող են և սոսկ ակտիվ հսկողություն են ենթադրում։
Վերջին մեր ուղեցույցների մեջ անգամ կա նախադասություն, որ PSA անալիզը նշանակելուց առաջ հիվանդին հարցրեք՝ ուզո՞ւմ է արդյոք այդ անալիզը հանձնել, և եթե այդ անալիզը շեղում ցույց տա, կցանկանա՞ հաջորդ փուլերն անցնել՝ հետազոտություն, բիոպսիա, վիրահատություն։ Այս մեղմացումներն արվել են, քանի որ ավելի ագրեսիվ բուժումն էլ բերում է ուրիշ պրոբլեմների։
Օնկոլոգիայում էսպիսի մի արտահայտություն կա՝ մահացավ քաղցկեղի հետ, բայց ոչ քաղցկեղից․ երբեմն սա շատ տեղին է շագանակագեղձի քաղցկեղի հետ կապված հարցերում։ Այս դեպքում սքրինինգներն էլ պետք է իմաստավորված լինեն, և որքան էլ վաղ հայտնաբերումը կարևոր է, սակայն հարցի մյուս կողմն էլ կա․ այս օրգանը շատ կարևոր է տղամարդկանց համար թե՛ վերարտադրողական առողջության, թե՛ սեռական կյանքի, թե՛ նրանց կյանքի որակի համար, և մինչև չհաստատվի, որ մեջը չարորակ բան կա, ցանկալի է այն չհեռացնել, քանի որ վիրահատությունը շատ տրավմատիկ է և կարող է բերել հաշմանդամության։ Այստեղ, սակայն, կուզեի ընդծել, որ բոլոր դեպքերում քաղցկեղը պետք է ձգտել վաղ հայտնաբերել և բուժել՝ լավագույն արդյունք ստանալու համար։
Ահա թե ինչու 50 տարեկանից հետո, եթե դեմ չեն, բոլորին տարին մեկ PSA անալիզ ենք անում։ Երբ PSA-ի, շագանակագեղձի զննման ու սոնոգրաֆիայի մեջ շեղում է լինում, շարունակում ենք հետազոտությունները, եթե չէ՝ ստանում է բուժում։ Ուրոլոգիական բաժանմունքի 30-40 տոկոս հիվանդները շագանակագեղձի բարորակ ուռուցքով պառկած հիվանդներն են, որոնք գանգատվում են միզարձակության խնդիրներից, հաճախամիզությունից, գիշերը հաճախ վեր կենալուց, մեզի շիթի թուլացումից․ սրանք բարորակ ադենոմայի ախտանշաններ են համարվում, տարիքային կախյալ խնդիրներ են է և կյանքին սպառնացող ազդեցություն չունեն։
– Բժիշկ Գրաբսկի, մի ծայրահեղություն ենք նկատել ՝ թերևս կապված համացանցի, տեղեկատվական հոսքերի զարգացման հետ․ որքան էլ կարևորվում է առողջությանը հետևելը, բայց շատերի մոտ դա կպչուն մտքի նման մի բան է դառնում․ ի՞նչ պարզ խորհուրդներ կարող եք տալ մարդկանց, որոնք ցանկանում են հոգ տանել իրենց առողջության մասին։
-Մարդը պետք է լիարժեք իր կյանքով ապրի, որովհետև կյանքում ինչ ասես կպատահի։ Շատ հիվանդներ են գալիս սարսափելի ապրումներով, գիշերը չքնած, վախեցած, որ իրենց անալիզի մեջ աննշան շեղումներ են լինում։ Մենք հանգստացնում ենք նրանց, պատասխանատվությունը մեզ վրա ենք վերցնում, ասում ենք՝ գնացեք, ձեզ բուժել պետք չէ, մի քանի ամսից նոր կգաք։ Առաջ հիվանդները Google –ով էին ուսումնասիրում իրենց հիվանդությունները, հիմա գալիս են Chatgpt -ով։ Ես ունեմ այդպիսի հիվանդներ, որոնց շրջանում նաև հայտնի մարդիկ են, որոնք նույնպես այդ կերպ են վարվում: Եղել է դեպք, երբ պացիենտը Chatgpt-ի խորհրդով օրական դեղորայքի եռակի դոզա է ստացել՝ գրեթե հասնելով թունավոր չափաբաժնի։ Լավ է՝ երրորդ օրը հասավ ինձ ու դադարեցրինք դեղի ընդունումը՝ կանխելով օրգանիզմի ինտոքսիկացիան։
Մեկ-մեկ կենցաղային զրույցների ժամանակ ասում եմ՝ կերեք այն, ինչ դուրսը աճում, վազում-թռնում է, ոչ թե կոնսերվացված, տարիներով ժամկետ ունեցող բաներ, որովհետև ապացուցված է, որ, օրինակ, կարմիր մսի կիսաֆաբրիկատները կամ ապխտած մթերքները մեծացնում են քարերի, շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը։ Կենդանական ծագման, առավել ևս երիտասարդ կենդանիների սպիտակուցները կամ կոնսերվացված մսեղենի մեծ քանակը կարող է քարերի առաջացման բերել։ Քարի տեսակներ կան, որից մեր ժողովուրդը շատ է տառապում։ Դրանք ամենապինդ տեսակներն է՝ կալցիումի օքսալատային քարերը, որոնց ձևավորմանը նպաստում են սուրճի կամ սև թեյի չարաշահումը, սպանախի, հազարի, ավելուկի և թրթնջկաթթվով հարուստ բուսատեսակների հաճախակի օգտագործումը։ Մսի սպիտակուցից առաջացած քարերի ձևավորումը կանխելու համար խորհուրդ եմ տալիս շատ ջուր խմել ու ջրին լիմոնի հյութ ավելացնել։
Առհասարակ շատ կարևոր է ջուր խմելը, քանի որ մեր մարմնում մեծ է ջրի պարունակությունը։ Սթրեսը, որը մեր կյանքում ամենուր է, ազդում է օրգանիզմում ջրի քանակի վրա, քանի որ սթրեսի ժամանակ բջիջները ջուր են կորցնում և էդպես են հիվանդանում։ Հազարամյակներից եկել է, որ երբ երեխան վախենում է՝ ջուր են խմեցնում․ սա լուրջ բիոքիմիական էֆեկտ ունի, որը թույլ է տալիս կանխել բջջային մակարդակի վնասումներն ու բալանսի բերել օրգանիզմում ջրի մակարդակը։ Եվ իհարկե, առողջության կարևոր նախապայմաններն են ֆիզիկական ակտիվությունը, աշխատանքային դրական, բարենպաստ միջավայրն ու մթնոլորտը, մաքուր օդը։
-Բժիշկ Գրաբսկի, իհարկե դեռ շատ վաղ է Ձեր գործունեությունն ամփոփելու համար, բայց ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ հաջողությունը։
-Ինձ թվում է՝ այս բաժանմունքը («Իզմիրլյան» ԲԿ ուրոլոգիական բաժանմունքը՝ Ա․Մ․), որի 20-ամյակը նշեցինք անցյալ տարի։ Միգուցե այն այժմ Հայաստանի ամենամեծ բաժանմունքն է, որտեղ 20 բժիշկ են աշխատում․ 20 երիտասարդ ուրոլոգներ, որոնց ոգևորել ենք, և նրանք մնացել են ուրոլոգ՝ չգայթակղվելով վերջին մոդայիկ մասնագիտություններով, որոնք թույլ են տալիս ավելի արագ ու հեշտ գումար վաստակել։
Իհարկե, այս ամենը ես մենակ չեմ արել, իմ կողքին եղել են իմ ուսուցիչները, մասնավորապես պրոֆեսոր Աղաջանյանը, որն ինձ ուղղություն է ցույց տվել, իմ գործընկերները։ Մեր 20-ամյա զարգացման գործում մեծ դեր ունի Կարո Դերձակյանը, ինչպես մենք ենք ասում՝ մեր բաժնի քավորը։
Այն երիտասարդ բժիշկները, որոնց մասին նշեցի վերևում, մեր հաջորդ սերունդն են, որ պետք է շարունակեն մեր գործը, և դա եմ ես համարում իմ ամենամեծ հաջողությունը։ Չէ՞ որ ամենամեծ գանձը մարդկային ռեսուրսն է։ Ո՛չ մի հարստություն, ո՛չ մի զենք ու արհեստական ինտելեկտ չի կարող մարդուն փոխարինել։
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ



















































