«Թազա հոդված են «գտել» տղաների համար. 452 հոդվածի պերճանքն ու թշվառությունը», – ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը և ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել.
«Երեկ Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասնակից դպրոցականների դեմ փորձում են քրեական վարույթ հարուցել Քրեական օրենսգրքի 452 հոդվածի հատկանիշներով»։
Հոդվածը վերաբերում է պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն։
«Պատկերացրեք՝ տղաները պատարագին են մասնակցում, սկսել է պատարագը, և գալիս է ինչ-որ մի խումբ քաղաքական գործունեություն իրականացնելու բովանդակությամբ, այդ հոդվածը տղաների վրա կարելը հենց դրա մասին է խոսում, այդ նպատակով եկեղեցի մտնելը պատարագի ժամանակ սրբապղծություն է։ Եթե այդ մարդն այդ պահին քաղաքական գործունեություն էր իրականացնում, այ ընկեր, ի՞նչ գործ ունես, նշանակում է՝ նա ծեսին միջամտում է: Ես չգիտեմ, այդ տղան ի՞նչ է այդ պահին մտածել, մտածե՞լ է հրոսակներ են մտել՝ եկեղեցին գրավելու», – մանրամասնել է իրավապաշտպանը։
Կարդացեք նաև
Ռուբեն Մելիքյանն ընդգծել է՝ քաղաքական գործունեությունն ի՞նչ կապ ունի տեղի ունեցածի հետ, ոստիկանությունը գտնո՞ւմ է, որ եկեղեցում ծեսի ժամանակ կարելի է քաղաքական գործունեություն իրականացնել։
«Մեղադրանքի ձևակերպումն ինքնին եկեղեցու հետևորդների համար վիրավորանք է: Ես չգիտեմ նախկին դատախազ Հայկ Հարությունյանը, որ եկել էր ձերբակալություն էր իրականացնում, ո՞վ է տեսել, որ վարչության պետը գա ու ձերբակալություն իրականացնի։ Կարող ենք ասել, որ այս գործով ոստիկանությունը քաղաքական հրահանգ կատարող է», – նշել է նա։
Ավելի վաղ փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնել էր, որ տղաներին տեղափոխել են Կենտրոնի քննչական բաժին, «որպես դարի հանցագործներ, ինչ որ մեկի հոգու բավարարվածությունն ապահովելու ձևով»։
Իսկ մինչ այդ «ուղիղ 50 րոպե է ոստիկանության քաղաքի վարչությունում փաստաբաններիս թույլ չեն տալիս բարձրանալ մեր վստահորդների մոտ»։


















































