Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են թատերական «Արտավազդ» մրցանակը համարում «լուրջ» կամ «անլուրջ»

Մարտ 30,2026 12:16 Share

Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում էին հավաքվել Հայաստանի թատերական ոլորտի ներկայացուցիչները՝ մասնակցելու «Արտավազդ» մրցանակաբաշխությանը, որն այս տարի նվիրված էր մեծանուն արտիստուհի Մետաքսյա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակին:

2024 թվականից նոր կարգ՝ բարեփոխում մտցվեց մրցանակաբաշխության մեջ. եթե նախկինում թատրոնների գեղարվեստական ղեկավարներն էին մրցանակի ներկայացնում այս կամ այն դերասանին, ապա այժմ փորձագիտական հանձնաժողովը կամ, այսպես ասած, առաջին փուլի ժյուրին է ընտրում, զտում ՀՀ թատրոնների այն ներկայացումները, որոնք կարող են հավակնել մրցանակի: Դերասանները հաճախ էին բողոքում, որ գեղարվեստական ղեկավարները կողմնապահություն են անում և չեն ներկայացնում արժանի դերասան-դերասանուհիներին, այլ նրանց, ովքեր իրենց «մտերիմներն» են: Իսկ այս նոր ձևը թույլ է տալիս ժյուրիի անդամներին իրենք ընտրեն «լավագույններին»:

Artavazd Theatre Awards ceremony held at the K. Stanislavsky Russian Drama Theatre. Yerevan, Armenia

Ուրախալի է, որ հավելվել է «Լավագույն թատերախոսական» անվանակարգը, ինչը մասամբ կխթանի թատերագետների գործը: Դրամատուրգիային վերաբերող անվանակարգը ամենաողբերգական վիճակում է, որովհետև գրեթե վերջին տասնամյակում շարունակական բախումներ են լինում ժյուրիների և հայ դրամատուրգների միջև: Վերջիններս հավաստում են, որ ոչ բոլոր անդամներն են հասկանում դրամատուրգիա կամ ընթերցում պիեսը և հետևապես մեկ կամ երկու անդամների քմահաճությամբ որոշվում է դրամատուրգի գնահատականը, իսկ ժյուրիի անդամներն էլ, երբեմն, առանց քաջատեղյակ լինելու արդի դրամատուրգիային, հայտարարում են, որ «չունենք լավ դրամատուրգիա»: Հայտնի է նաև դեպք, որ ժյուրին հանել է «Դրամատուրգիա» անվանակարգը և ոչ մեկը չի արժանացել մրցանակի, բայց մասնակից հայ դրամատուրգներից մեկի նույն պիեսը միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի:

Մրցանակաբաշխության ժյուրիի 2-րդ փուլի կազմում էին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արթուր Ղուկասյանը, Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Վահան Բադալյանը, թատերագետներ Հասմիկ Ծատուրյանն ու Սուսաննա Բրիկյանը։

Artavazd Theatre Awards ceremony held at the K. Stanislavsky Russian Drama Theatre. Yerevan, Armenia

Artavazd Theatre Awards ceremony held at the K. Stanislavsky Russian Drama Theatre. Yerevan, Armenia

Դահլիճը մեծագույն ջերմությամբ ընդունեց արդի հայ թատրոնի երկու անվանի դեմքերին՝ բազմաթիվ մրցանակների դափնեկիր Գրետա Մեջլումյանին և Դավիթ Հակոբյանին, որոնք արժանացան հատուկ մրցանակների:

Artavazd Theatre Awards ceremony held at the K. Stanislavsky Russian Drama Theatre. Yerevan, Armenia

Մետաքսյա Սիմոնյանի անվան մրցանակին արժանացավ Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի տնօրեն, դերասանուհի Տաթև Մելքոնյանը: Մյուս մրցանակակիրները՝ «Լավագույն ներկայացում»՝ «Յամա» (Ստանիսլավսկու թատրոն), «Լավագույն ռեժիսուրա»՝ Գոռ Մարգարյան՝ «Յամա», «Լավագույն դերասան»՝ Նարեկ Բաղդասարյան, «Լավագույն դերասանուհի»՝ Տաթև Հովակիմյան: Մրցանակներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ  այստեղ:

Երկրորդ փուլ անցած որոշ ներկայացումների մասին թատերագետներ Գոռ Վանյանը, Սուսաննա Բրիկյանը և Տիգրան Մարտիրոսյանը գրել էին թատերագիտական հոդվածներ: Թատերագետ Գոռ Վանյանի «Ջին խաղը» հոդվածն արժանացավ մրցանակի:

Մեր նախկին հոդվածներից մեկում անդրադարձել էինք նաև Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնում բեմադրված և «դրական աղմուկ» հանած «Չարենց» ներկայացմանը, որն առաջադրված է 4 անվանակարգերով, սակայն ոչ մի մրցանակ չտրվեց: Ավելին՝ թատերագիտական ծավալուն հոդվածով հանդես էր եկել թատերագետ Տիգրան Մարտիրոսյանը: Այստեղից կարող ենք գալ եզրահանգման, որ ժյուրիի առաջին և երկրորդ փուլերի անդամները կարող են աննրբանկատ լինել նման հարցերում և «անտեսեն» մասնագիտական հոդվածները…

Մոտ 22 անվանակարգերի «հաղթողներից» միայն երկու-երեքն էին մարզային թատրոնների ներկայացուցիչներ: Բացի դրական կողմերը՝ մրցանակաբաշխություն անմասն չմնաց նաև «սկանդալներից». Հրազդանի թատրոնն իր պաշտոնական էջում հանդես եկավ հայտարարությամբ և հրաժարվեց մրցանակաբաշխությանը մասնակցելուց. «Հրազդանի Դրամատիկական թատրոնը չի մասնակցի 2026 թվականի Արտավազդ ամենամյա մրցանակաբաշխությանը` ներկայացման ժամանակ ժյուրիներից երկուսի անհարգալից պահվածքի պատճառով։ Հիշեցնենք` թատրոնի դերասան Լևոն Մամիկոնյանը նոմինացվել էր որպես լավագույն երիտասարդ դերասան («Շունն ու կատուն» ներկայացում, ռեժիսոր՝ Ա. Հակոբյան)»։

Տարիներ առաջ ժյուրիներից մեկի պահվածքի համար կրկին բողոք կար թատրոններից երկուսում. դերասանները նկատել էին, որ ժյուրիի անդամ բեմադրիչն ամբողջ ներկայացման ընթացքում ծամոն ծամելով «խաղում է» հեռախոսով: Սոց ցանցերում «աղմուկ» բարձրացրեց Հրազդանի միջադեպը, մյուս աղմկահարույց դեպքը ևս արժանի է ուշադրության: Այս տարի ևս ժյուրիի անդամները դժգոհ էին 19 դրամատուրգների գործերից, որոնցից միայն 4-ն էին անցել կարճ ցուցակ՝ «short list», բայց վերջնական քվեարկության ընթացքում ոչ մի պիես չհավաքեց համապատասխան միավոր, որպեսզի դառնա «մրցանակակիր»:

Սերիալի ու թատրոնի դերասան և դրամատուրգիայով զբաղվող Նարեկ Մանուչարյանը, սցենարիստ Արմինե Բոյաջյանը և այլ մարդիկ հանդես եկան հայտարարությամբ՝ հարգանք պահանջելով մրցանակաբաշխության կազմակերպիչներից, նշելով, որ առանց ազգային դրամատուրգիայի չկա ազգային թատրոն և որ ինչու բեմից չեն հայտարարում, որ ոչ մեկը չի անցել: Այս մոտեցումը դիտվեց որպես բացահայտ արհամարհանք դրամատուրգիայով զբաղվողների հանդեպ:

Հայ դրամատուրգիայի հանդեպ այսպիսի մոտեցումը, անկախ օբյեկտիվ-սուբյեկտիվ պատճառներից, ավելի քան լուրջ է, և ըստ սոցցանցերի բազմաթիվ գրառումների, ժյուրիի մեջ չկար անգամ մեկ գրականագետ, առանց որի այնքան էլ լուրջ չէ խոսել գրական գործի մասին: Դրամատուրգները հաճախ բողոքում են, որ ժյուրին «ժամանակ ու հավես չունի» կարդալու շատ պիեսներ, իսկ ըստ կարգի, ժյուրիի բոլոր անդամներն են պարտավոր կարդալ, ոչ թե մի քանիսը:

Կես կատակ, կես լուրջ քննարկվում էր, որ նոմինացված դերասանուհիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է արդյունքներից հետո և շտապ օգնություն է կանչվել: Պարզվեց՝ այն համապատասխանում է իրականությանը:

Artavazd Theatre Awards ceremony held at the K. Stanislavsky Russian Drama Theatre. Yerevan, Armenia

Եթե տարիներ առաջ խոսվում էր, որ թատրոնների ռեժիսոր ղեկավարները և նրանց զավակներն են արժանանում «Արտավազդների», այժմ նշում են, որ գրեթե նույն մարդկանց են տրվում ամեն տարվա մրցանակները: Կարևոր խրախուսանք է «Արտավազդ» թատերական ամենամյա մրցանակը, սակայն իրականում ի՞նչ է տալիս այն, ինչո՞ւ են չափից շատ լուրջ կամ չափից անլուրջ վերաբերում դրան, մնում է անհասկանալի: Թերևս չկա մրցանակաբաշխություն, որ գոհացնի բոլորին, սակայն վերոնշյալ խնդիրներն ունեն իրենց լուծման ճանապարհը և ցանկության դեպքում էլ ավելի կարող է բարելավվել մրցանակներ հանձնելու և կոմպետենտ ժյուրի ընտրելու կարգը:

ԿԳՄՍ նախարարը կամ մշակույթի գծով փոխնախարարը ներկա չէին տարվա թատերական ամենակարևորված միջոցառմանը:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031