Լրահոս
Օրվա լրահոսը

Կամո Ունանյանը խեղդող հնարքով 55 վայրկյանում հաղթեց մրցակցին

Մարտ 30,2026 13:48 Share

Մարտի 28-ին կայացավ Hype Fighting MMA-ի խոշոր մրցաշարը, որի շրջանակներում կարատեի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Կամո Ունանյանը փայլուն հաղթանակ տարավ իրանցի մարզիկ Ամիր Բախրամեդջանի նկատմամբ։

Մենամարտը խոստանում էր լինել լարված, սակայն Կամո Ունանյանն այլ պլաններ ուներ։ Հենց առաջին վայրկյաններից նա դիմեց ակտիվ հարձակման՝ թույլ չտալով մրցակցին նույնիսկ կողմնորոշվել ռինգում։ Արդյունքում՝ մարտի սկզբից ընդամենը 55 վայրկյան անց, Կամոն փայլուն կերպով կիրառեց խեղդող հնարքը՝ ստիպելով մրցակցին հանձնվել։

«Հենց սկզբից էլ պլանավորել էի հարձակողական մարտ վարել։ Այդ պլանը շատ լավ աշխատեց, քանի որ մրցակիցս պատրաստ չէր նման արագ ընթացքի, և իմ պլանավորած հնարքը լիովին իրականություն դարձավ», – մեկնաբանելով իր հաղթանակը՝ ասաց Կամո Ունանյանը։

Այս հաղթանակը Կամո Ունանյանի համար ուներ երկու առանցքային նշանակություն. նախ՝ տպավորիչ այս արդյունքով նա վերահաստատեց իր տեղը MMA-ի ռինգում՝ պահպանելով անպարտելիի տիտղոսը՝ 8 հաղթանակ և ոչ մի պարտություն։ Բացի այդ, սա մարզիկի առաջին մենամարտն էր ողնաշարի բարդ վիրահատությունից հետո։

Հատկանշական է, որ վերջին վեց ամիսների ընթացքում Ունանյանը չէր մարզվել և միայն վերջերս էր վերսկսել վերականգնողական մարզումները։ Չնայած մրցակցի վերջին պահին փոփոխությանը և առողջական լուրջ ռիսկերին՝ նա ընդունեց մարտահրավերը և փայլուն իրականացրեց այն։

«Անկեղծ լինեմ՝ դեռ լիովին չեմ վերականգնվել։ Բայց ես ժամանակ չունեմ սպասելու լիարժեք ապաքինմանը, քանի որ սպորտային կարիերայում ժամանակն արագ է անցնում։ Գիտակցված ռիսկի գնացի մրցաշարին մասնակցելու համար և արդեն ունեմ հաղթանակ», – խոստովանում է չեմպիոնը։

Կամո Ունանյանի մարզական օրացույցն արդեն հայտնի է։ Այս տարի նա պատրաստվում է MMA-ի ևս մեկ մարտի, որը նախատեսված է մայիսի 30-ին՝ MIX fight մրցաշարի շրջանակներում։ Դրանից հետո պարզ կլինեն տարվա մյուս հանդիպումների ժամանակացույցերը։ Բացի այդ, չեմպիոնը պլանավորում է մասնակցել կարատեի տարբեր վարկածներով աշխարհի և Եվրոպայի առաջնություններին։

Հայաստանի կարատեի միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031