«Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես
ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ»:
Այսօր՝ 2026 թ-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, երբ Հայաստանն արցախազուրկ է, արցախահայերը՝ հայրենազուրկ, եկեղեցին՝ պառակտված, նվիրապետական աթոռը՝ սասանված, Սյունիքը՝ թուրանական միջանցք, Տավուշն՝ իր տարածքները կորցրած և այլն, 2021-ի խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ՀՀ իշխանությունների և նրանց վերահսկող ուժերի նպատակներն ավելի քան ակնհայտ են․ պետք էր լեգիտիմացնել ստերով, կեղծիքով, «հաղթելու_ենք»-ով համեմված պատերազմը, դավաճանությունը։ Պետք էր Հայաստանի հանրությանը ու ընդհանրապես հայ ժողովրդին մոլորեցնել հետճշմարտային մանիպուլjացիաներով, նետել դեպրեսիայի ու ապատիայի գիրկը։ Ու հետո նույն հայ ժողովրդի «գրպանը գցել» և՛ պայմանական նիկոլին, և՛ ընդվզելու նրա բնատուր իրավունքը, և՛ պարտությունը, և՛ Արցախի կորուստն ու հանձնումը։
Առաջին անգամ, երբ 2021-ի սկզբին հավաքական ընդդիմության առանձին դեմքեր սկսեցին համաձայնություն հայտնել ընտրությունների միջոցով պարտության ու կապիտուլյացիայի լեգիտիմացմանը, ինձ նման բազում մարդիկ նախ բարկացան, հետո տարակուսած մտածեցին՝ դե երևի ընդդիմադիր գործիչները, հատկապես առաջնորդները, մի բան գիտեն, որ մենք չգիտենք։
Կարդացեք նաև
Ու այդպես տարակուսած՝ ստիպված մենք էլ ընդունեցինք ընտրությունների օրակարգը, քանի որ ընդդիմությունը մեզ այլընտրանք չթողեց, ձայն տվեցինք՝ տրվելով ընդդիմության սին հույսերին (թե՞ խաբկանքին), ինչից հետո՝ 5 երկարուձիգ տարի, սպասելով, որ հրես- շուտով, ամեն աղետի հետ դուրս եկանք ընդվզելու ու գլխիկոր տուն գնալու, որ մարսենք հերթական կորուստը։ Հինգ երկարուձիգ տարի մենք շարունակում ենք մեզ հույս տալ, թե շուտով մի բան կփոխվի, քանի որ նրանք՝ ընդդիմությունը, հաստատ «մի բան գիտեն», որ մենք չգիտենք։
Եթե 2020 թ-ի պատերազմից անմիջապես հետո ընդդիմությունը սովորական մարդկանց մեղադրում էր փողոց փակելու և հեղափոխություն անելու մեջ, 2021-ից ի վեր այն նույն մարդկանց մեղադրում է Նիկոլ Փաշինյանին ընտրելու մեջ․ ըստ ընդդիմության՝ հայ ժողովուրդը արժանի դարձավ իր բոլոր կորուստներին՝ տղաներ, Արցախ, Տավուշ, Հայաստան։
Պատմությունը տարիներ անց դեռ պիտի տեղը դնի դեպքերը, դրանց հերթականությունը, ներքին ինտրիգները, միջամտած արտաքին խաղացողներին և նրանց միջամտության աստիճանը, ներքին խաղացողների և արտաքին խաղացողների միջև համաձայնությունները, դրանց տեսակները, մասնակից ու չմասնակից անձանց և այլ մանրամասներ։ Այսօր մենք ընդամենը մոտավորապես գուշակում, ենթադրում ենք կամ ունեցած ոչ լիարժեք տեղեկատվության հիման վրա փորձում ենք տրամաբանական շղթա կազմել՝ հասկանալու, թե որոնք էին մեր աղետի պատճառները, ովքեր էին դրա կազմակերպիչներն ու մասնակիցները։
Եվ թեև դեռ ամբողջությամբ հայտնի չէ, թե ինչ է տեղի ունեցել իրականում, մենք արդեն ունենք նշանակված մեղավոր՝ ՀՀ սովորական քաղաքացին, որը համարձակվել է չհավանել նախկին իշխանություններին, հոգնել նրանց արհամարհանքից, նրանց բուծած օլիգարխներից, անարդարություններից, բևեռացումից, հանդգնել է կիրառել ընդվզելու իր պարզ քաղաքացիական իրավունքը։ Սովորական ՀՀ քաղաքացին, որին չեն հարգել, վերաբերվել են որպես ընդամենը 5000 դրամով կաշառվող ընտրազանգվածի, որի երեխաները պարտավոր էին ծառայել բանակում՝ հենվելով հիմնականում պետական պաթոսի և սեփական ընտանիքից ստացած կամ չստացած հայրենասիրության, տղամարդկության, արժանապատվության հասկացությունների վրա։ Ապա այդ քաղաքացիները պարտավոր էին բանակից վերադառնալուց հետո ընտանիք կազմել, թողնել ընտանիքն ու արտագաղթել՝ ասֆալտ փռելու ու Հայաստան գումարներ ուղարկելու։ Նկարագրությունը, բնականաբար, բավականին չափազանցված և ընդհանրացված է, սակայն պատկերը մոտավորապես այդպիսին էր, հատկապես՝ Երևանից դուրս։
Եվ այսպես, 2021-ի հունիսից ի վեր ՀՀ քաղաքացին, ինչպես արդեն նշվեց, մեղավոր է ճանաչվել նաև սխալ ընտրության համար։ Ճիշտ է՝ Նիկոլ Փաշինյանն ընտրվել է ընտրության իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների 50%-ից պակաս մասնակցության արդյունքում, սակայն մեղավորը ՀՀ քաղաքացին է։ Ճիշտ է՝ 2021 թ․ ընտրությունները տեղի ունեցան առաջին հերթին քաղաքական գործիչների ու ուժերի կատարած սխալ ընտրության արդյունքում։ Այդ սխալ ընտրությամբ նրանք լեգիտիմացրեցին պատերազմից անմիջապես հետո ժողովրդական մեծ ընդվզման և ստորագրած կապիտուլյացիայի պատճառով առնվազն մարդկանց ընկալումներում իր լեգիտիմությունը կորցրած Նիկոլ Փաշինյանին, սակայն ժողովրդին «ժեխ» անվանելով՝ հենց նրան էլ մեղավոր նշանակելն, անշուշտ, հարմար տարբերակ էր սեփական սխալները, իրենց անձերի վերաբերյալ պաթետիկ ու պաթոլոգիկ ընկալումները, տգետ հաշվարկները կամ, ինչո՞ւ ոչ, կոլաբորացիան քողարկելու համար։
Իհարկե, կարելի է 2021-ի ընտրությունների արդյունքները 5 տարվա ընթացքում վերլուծելու փոխարեն շարունակել միամտաբար հավատալ ու ենթադրել, տեղ-տեղ մուննաթով ակնկալել, որ քաղաքացիները ինքնուրույն պիտի վերլուծեն ստի, կեղծիքի, մանիպուլյացիաների, խառնաշփոթ տեղեկատվական գրոհի այս աննախադեպ տարափը, ինքնուրույն բարկանան, ինքնուրույն դուրս գան և ինքնակազմակերպվեն (որովհետև, եթե չեն անում այդքանը՝ ժեխ են), իսկ փողոցը պետք է ինքնագեներացվի (հակառակ դեպքում՝ ո՞ւմ է պետք ճշգրտորեն և մտածված կերպով չինքնագեներացվող փողոցը), ու ինքնակազմակերպված քաղաքացիները ինքնագեներացված փողոցի միջոցով հասնեն այն վճռորոշ կետին, երբ իշխանությունը պիտի ահասարսուռ փախուստի մատնվի, ու․․․
․․․ ու հասարակությունը ճշգրտորեն պիտի հավաքվի ճիշտ և միակ փրկչի շուրջը։ Իսկ ճիշտ և միակ փրկիչ, ինչպես գիտենք, մեր երկրում շատ կա։ Ամեն փրկիչ անզիջում է, համառ՝ իր փրկիչ լինելու մեջ՝ հանուն Հայրենիքի, իհարկե, ոչ իր իսկ շահի․․․ Գիտենք։
Եվ արդյոք բազում ճիշտ և միակ փրկիչների միակը լինելու պատճառո՞վ է, թե՞ հայրենակից «ժեխին» սխալ ընտրությունից հետ պահելու մղումից, որ համընդհանուր զանգվածային բողոքի բազում ալիքներ բարեհաջողությամբ մեռել են ընդդիմության հոգատար ձեռքերում՝ չգիտենք։ Կարող ենք ընդամենը ենթադրություններ անել, իսկ բարձրաձայնելու դեպքում թիրախ դառնալ մնացած ճիշտ և միակ փրկիչների քաղաքական աղանդների համար։
Ահա այս քաոսային, անմիաբան վիճակում, երբ հավաքական ընդդիմությունը չունի ո՛չ օրակարգ, ո՛չ գիտելիք իր սահմանափակ հնարավորությունների մասին, ո՛չ կարծես թե ցանկություն լուրջ և իսկական պայքար մղելու հանուն Հայաստանի փրկության, քաղաքական ուժերը գնում են երկրորդ ու հիմնական կապիտուլյացիան լեգիտիմացնելու, իսկ ժողովրդին մասնակից են դարձնում, որ նրա գրպանը գցեն այն։ Դե արի՛, հա՛յ ժողովուրդ, ապացուցի՛ր սեփական քաղաքական գործիչներին ու միջազգային հանրությանը, որ դու չես ընտրել այդ ճանապարհը։ Այս տարվա ընտրությունները վերջնական կապիտուլյացիայի տակ հավաքական հայության ստորագրությունն են լինելու։
Վերևում մեջբերված նախադասությունը հատված է Նիկոլ Փաշինյանի 2026 թ-ի նախընտրական ծրագրից (ի դեպ, արժե կարդալ ամբողջը)․ մեզ անթաքույց կերպով խոստանում են հայ ազգի ապամոնտաժում, ազգից ժողովրդի անցում՝ աներազանք, անապագա, անհայրենիք, անստեղծարար, անկշիռ, դատարկ հոգով՝ կուշտ փորի ձգտող։
Վախենալի է անգամ հարցնել, թե կապիտուլյացիայի մոտալուտ լեգիտիմացմանը Արարատի պատկերով, ուժեղության ու ծաղկունքի խոստումով գնացող քաղաքական թիմերում քանիսն են կարդացել Նիկոլ Փաշինյանի նախընտրական ծրագիրը։
Համենայն դեպս, այս ընտրություններով հենց քաղաքական գործիչնե՛րն են լեգիտիմացնում վերջնական կապիտուլյացիան, ազգի ապամոնտաժումը, իրենց ձեռքերում է հայկական երազանքը թաղելու պատանքը։ Ո՛չ հայ ժողովրդի, ո՛չ ՀՀ այն քաղաքացիների, որոնք, այլընտրանք չունենալով և 5 տարի խաբվելով, նորից ստիպված կգնան ընտրությունների ու կկատարեն իրենց ընտրությունը։ Անգամ կապ չունի, թե ում կընտրեն։ Քաղաքական ուժերը Հայաստանի կործանումը արդեն գցել են հայ ժողովրդի գրպանը։
Նարինե ԱՂԱԲԵԿՅԱՆ
Վերնագրում՝ ակնարկ Երվանդ Օտյանի հայտնի երկին


















































