«Առավոտ»-ի զրուցակիցն է ադրբեջանագետ, պատմաբան Գրիգորի Այվազյանը։
-Պարոն Այվազյան, մինչ Նիկոլ Փաշինյանը խուսափում է խոսել Արցախում իրականացված ցեղասպանության ու էթնիկ զտման մասին, Ադրբեջանի ՄԻՊ-ը միջազգային հանրությունից պահանջել է 1918 թվականի իրադարձությունները ճանաչել որպես «հայերի կողմից իրականացված ցեղասպանություն»։ Ի՞նչ է ցույց տալիս սա։
-Ադրբեջանում ավելի քան 30 տարիների ընթացքում տարվա մեջ երեք օր նշում են իբր «հայերի կողմից ադրբեջանցի թուրքերի նկատմամբ կազմակերպված ցեղասպանության» օրեր։ Այդ օրերից մեկը մարտի 31-ն է, այսպես կոչված՝ 1918 թվականի մարտյան իրադարձությունները, երբ Բաքվի կոմունայի եւ Ադրբեջանում գործող մուսավաթական սադրիչ բանդաների միջեւ բախումներ են տեղի ունեցել։ Բացի դրանից, նրանք տարվա մեջ հիշատակում են այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությունը» եւ այսպես կոչված 1990 թվականի հունվարի 20-ի դեպքերը, երբ խորհրդային զորքերը մտել են Բաքու, որտեղ ադրբեջանական բանդաները հայերի կոտորածից հետո փորձել են տապալել խորհրդային իշխանություններին եւ կոչեր են հնչեցրել նաեւ ռուսներին սրի քաշելու մասին։ Այդ շարժումը ճնշելում համար խորհրդային զորքերը մտել էին Բաքու։
Իրականության մեջ հայերի հանդեպ է ցեղասպանություն իրագործվել։ 1918 թվականին օսմանյան կանոնավոր բանակը մտել է Բաքու քաղաք, Հայաստանի ճանապարհով գնալիս հայերին կոտորել են, մինչեւ հասել են Բաքու։ Եվ սեպտեմբերի 15-ին ներխուժեցին Բաքու ու սրի քաշեցին, ցեղասպանության ենթարկեցին ավելի քան 30 հազար հայի։ 1990 թվականին հունվարի 13-19-ն ընկած ժամանակահատվածում Բաքվում հայերի սպանդ է կազմակերպվել։ Բացի դրանից, պետք է հիշատակենք նաեւ Սումգայիթի ջարդերը եւ Գարդմանի հայաթափումը, մի շարք այլ դեպքեր։
Կարդացեք նաև
Ժամանակին Հայաստանը եւ Արցախի Հանրապետությունը պետք է ճանաչեին այս ցեղասպանությունները, այս իրադարձություններին իրավական եւ քաղաքական գնահատական տային՝ դրանով հիմք դնելով Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը։ Դա անհերքելի ապացույց էր, որ Արցախը չէր կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այդ ցեղասպանական գործողությունները կրկնվեցին 2020 եւ 2023 թվականներին Արցախի հայ բնակչության նկատմամբ։ Ադրբեջանական գործող ռեժիմը չի թաքցնում իրենց մտադրությունները՝ նույնը կատարել Հայաստանի Հանրապետության տարածքում։
Ադրբեջանի նախագահը ասում է, որ իրենք ուժով բացել են իբր թե «օդային զանգեզուրյան միջանցքը», ողջ Սյունիքն իրենց համար պատկերացնում են որպես «միջանցք»։ Եվ բազմիցս բարձրացրել են նաեւ այսպես կոչված «ադրբեջանցի փախստականների վերադարձի» հարցը, նաեւ տարբեր ուղղություններով պահանջներ են ներկայացնում Հայաստանին՝ միջամտելով ներքին գործերին։ Եվ արդեն երեկ Ադրբեջանի ՄԻՊ-ը հերթական մեղադրանքը հնչեցրեց հայ ժողովրդի նկատմամբ, փոխարենը խոսեն հայերի նկատմամբ ցեղասպանություններ կազմակերպելու եւ իրագործելու մասին եւ նաեւ արդարացի փոխհատուցում տան ադրբեջանահայությանը եւ արցախահայությանը՝ միջազգային անվտանգության երաշխիքների ներքո վերադարձի իրավունքն իրացնելու համար։
-Պարզունակ մոտեցո՞ւմ է, թե՞ այլ նպատակ կա, երբ ՀՀ իշխանություններն ասում են՝ չխոսենք ցեղասպանությունից, որովհետեւ «խաղաղություն» է։
-Արդյոք մենք չպե՞տք է խոսենք Ադրբեջանում հայերի ցեղասպանության մասին, իրերը պետք է կոչել իրենց անուններով։ Մենք չենք կարող ջայլամի քաղաքականություն վարել, գլուխներս ավազների մեջ թաքցնել՝ մտածելով, որ եթե մենք չենք արծարծում այդ հարցը, ապա թշնամին չի արծարծելու։ Ընդհակառակը, թշնամին այս պարագայում ավելի ոգեւորվում է, անպատժելիության մթնոլորտում գործողություններ է կատարում միջազգային տարբեր հարթակներում, ինչը վտանգ է ներկայացնում ՀՀ բարի համբավի եւ գոյության համար։ Ըստ էության, Ադրբեջանի համար զսպաշապիկ չկա, եւ Ադրբեջանը, ինչպես 30 տարի իր ռեւանշիզմը կազմակերպում էր Արցախի նկատմամբ, որն իրագործեց, նույնը շարունակում է անել ՀՀ նկատմամբ։ Այսինքն՝ մենք կխոսենք ցեղասպանությունից, թե չենք խոսի, ադրբեջանական կողմը կշարունակի իր մեղադրանքների շարանը ներկայացնել։ Եվ, անշուշտ, որեւէ խաղաղության, մանավանդ միակողմանի խաղաղության մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ հակառակ կողմն իր հայատյաց հռետորաբանությունը շարունակում է։ Ադրբեջանի հռետորաբանությունը եւ գործողությունները հայկական կողմի նկատմամբ ոչ մի թիզ չեն փոխվել։ Այնպես որ, ադրբեջանական կողմի եւ գործողությունները, եւ բառապաշարը չեն հուշում եւ հույս չեն տալիս այս տարածաշրջանում խաղաղության մասին խոսելու։ Անշուշտ, ճիշտ է բարձրաձայնել Ադրբեջանի գործողությունների մասին, այս պարագայում դա գոնե ներկայացնել ադրբեջանական մեղադրանքներին որպես հակակշիռ։ Լռելը չի փոխելու Ադրբեջանի ագրեսիվ նպատակները։
Ադրբեջանին պետք չէ լեգիտիմ պատճառաբանություն՝ Հայաստանի հանդեպ ագրեսիա իրականացնելու համար։ Այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջանի» խոսույթն ավելի քան 30 տարիների ընթացքում ադրբեջանական բոլոր դասագրքերում եւ գիտական հրատարակություններում, տարբեր գիտաժողովներում արծարծված թեմա է։ Իրականում նրանք երբեք էլ չեն պատրաստվել միայն Արցախով բավարարվել, իրենց հիմնական նպատակը Հայաստանն է։ Հիմա գուցե ճանաչում են Հայաստանի սահմանները, բայց պետք է ճշտել՝ ի՞նչ սահմաններով են ճանաչում, իհարկե, ՀՀ-ն ճանաչում են Բաթումի խայտառակ պայմանագրի սահմաններով, որն ընդամենը 10 հազար քկմ է։ Նրանք ՀՀ ներկայիս տարածքից մոտ 20 հազար քկմ-ն համարում են «Ադրբեջանի տարածք»։ Եվ նրանք դա չեն էլ թաքցրել վերջին 30 տարիների ընթացքում, Արցախը նրանց հավակնությունների վերջը չէ, միայն սկիզբն է, ախորժակ է գրգռել։ Այսինքն՝ վտանգը չի մարել, եւ Իրանի շուրջ այս սրված իրավիճակը ցանկացած պահի կարող է Հայաստանը դարձնել թիրախ թուրք-ադրբեջանական տանդեմի համար, որպեսզի ավելի կայուն հյուսիսային ճակատ ստեղծեն իրեն համար՝ ընդդեմ Իրանի։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































