«ՀՀ զինված ուժերում գենդերային հավասարության և մարդու իրավունքների կրթության ամրապնդում» ծրագրի ամփոփիչ հանդիպում-քննարկում
Այսօր՝ 31․03․26 թ․, տեղի ունեցավ «ՀՀ զինված ուժերում գենդերային հավասարության և մարդու իրավունքների կրթության ամրապնդում» ծրագրի ամփոփիչ հանդիպում-քննարկում, որն իրականացվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից՝ Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) դրամաշնորհային աջակցությամբ և Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակի (FCDO) հետ համատեղ։
Հանդիպման շրջանակում ներկայացվեց և մասնագիտական քննարկման դրվեց «ՀՀ զինված ուժերում գենդերային հավասարության և մարդու իրավունքների կրթության վերաբերյալ» դասընթացի մոդուլն ու մեթոդական ուղեցույցը, որը մանրամասնորեն ներկայացրին ոլորտի առաջատար փորձագետներ Արա Ղազարյանը և Աննա Հովհաննիսյանը։
Ուղեցույցն ընդգրկում է այնպիսի առանցքային թեմաներ, ինչպիսիք են կանանց իրավունքների պաշտպանության հայեցակարգը, խտրականության արգելքը, գենդերային խտրականության դրսևորումները զինվորական ծառայությունում, զինծառայող կանանց սոցիալական իրավունքները, ինչպես նաև կանանց իրավունքների պաշտպանությունը զինված հակամարտություններում։
Կարդացեք նաև
Քննարկմանը ներկա էին ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոնի, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի և ՀՀ ՊՆ կանանց գումարտակի ներկայացուցիչները։
Քննարկման կարևորությունն ընդգծվեց ինչպես ՀՔԱ Վանաձորի գրասենյակի, այնպես էլ ՀՀ ՊՆ ներկայացուցիչների կողմից, ովքեր վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը: Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին հետագա քայլերի շուրջ՝ ուղղված գենդերային հավասարության և խտրականության թեմաների հետևողական ներառմանը զինված ուժերի ուսումնական ծրագրերում և կրթական գործընթացում։
Հիշեցնենք, որ 2023-2025 թթ. ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իրականացրել է ՀՀ զինված ուժերում կանանց իրավունքների վիճակի վերաբերյալ ուսումնասիրություններ, որոնց արդյունքում պատրաստվել և հրապարակվել են «Կանանց իրավունքների պաշտպանության վիճակը ՀՀ ԶՈւ-ում» զեկույցը և «ՀՀ ԶՈՒ-ում կանանց ժամկետային զինծառայության ուսումնական ծրագրում առաջարկվող լրացումներ» տեղեկանքը։
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ


















































