Պահպանելով արդեն դարձած ավանդույթը՝ ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը օրերս կայացավ հրաշալի համերգ «Հովեր» պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շնորհաշատ ուսանողների մասնակցությամբ:
Ծրագրում ներառված էին 19-20-րդ դարերի ֆրանսիական կոմպոզիտորական արվեստի մեծանուն ներկայացուցիչներ Պուլենկի, Միյոյի, Դեբյուսիի, Սեն-Սանսի, Մասնեի, Դելիբի և Ռավելի ստեղծագործությունները:
Համերգի սկիզբն ազդարարեց «Հովեր»-ը (կոնցերտմայստեր՝ Տիգրան Մեսրոպյան): Վաստակաշատ երգչախումբն, ունկնդրի ակնկալիքներն արդարացնելով, ներկայացավ գեղարվեստական բարձր ճաշակով և վարպետությամբ՝ հանդիսականին ընձեռելով երգչախմբի անզուգական հնչողությունը վայելելու հնարավորությունը: Ինչպես միշտ, «Հովերի» երկացանկը հիացրեց հազվադեպ հնչող ստեղծագործությունների նրբաճաշակ ընտրությամբ և անբասիր կատարողական հնչողությամբ։
Հաջորդիվ, բեմը տրամադրվեց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի տարբեր ամբիոնների ուսանողներին: Տաղանդաշատ երիտասարդներն ի ցույց դրեցին իրենց ձիրքը եւ ունակությունները, իրենց և մասնագիտական դասարանների ղեկավարների համատեղ քրտնաջան աշխատանքի արդյունքը: Նրանք ջանք ու եռանդ չխնայեցին արժանապատվորեն ներկայացնել կոնսերվատորիայի անունը:
Կարդացեք նաև
Հարկ ենք համարում նշել մասնակից ուսանողների անունները՝ Ալեքսանդրա Գևորգյան (ջութակ), Հովհաննես Օրդանյան (տենոր), Նարեկ Բալդրյան (բարիտոն), Շուշան Արևշատյան (դաշնամուր), Արուսյակ Արևշատյան (ջութակ), Սոֆյա Սիմոնյան (սոպրանո), Շուշաննա Պուչինյան (ջութակ), Մերի Շարբաթյան (դաշնամուր), Էդուարդ Արևշատյան (դաշնամուր), Գոռ Բարսեղյան (դաշնամուր), Էդուարդ Սարգսյան (դաշնամուր): Վստահաբար կարելի է ասել, որ այս շարքը կարող էր բազմապատկվել:
Aravot.am-ի հետ զրույցում կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար Ծովինար Մովսիսյանն էլ նշեց, թե բեմ բարձրացած ուսանող-երաժիշտների թիվը կարող էր բազմապատկվել, հետո ասաց. «Արդեն ավանդույթ է դարձել կոնսերվատորիայի մասնակցությունը Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերին։ Տարեցտարի բազմապատկվում են եվրոպական մշակույթի խորհորդը կրող հանդիսությունները: Այս տարի կոնսերվատորիայի բոլոր ֆակուլտետները, բոլոր ամբիոններն արձագանքեցին Հայաստանում ֆրանկոֆոնիայի երկամսյակի անցկացման մարտահրավերներին»:
Զրույցին ներկա, տիկին Մովսիսյանի ուսանողուհին՝ Սուսաննա Մարջանյանը, սահուն շարունակելով իր դասախոսի խոսքը, հայտնեց, որ արդեն իսկ անցկացվել են դաշնամուրային ֆակուլտետի երկու ներկայանալի ամբիոնների՝ մասնագիտական դաշնամուրի և կոնցերտմայստերական վարպետության երկու ծավալուն համերգները կոնսերվատորիայի դահլիճում։ Առջևում նվագախմբային, վոկալ տեսական ֆակուլտետների ամբիոնների ելույթներն են: Ռեկտորի պաշտոնակատարը հավելեց, որ մեծ հետաքրքրությամբ սպասում ենք ջազ-փոփ երաժշտության ամբիոնի յուրահատուկ համերգային նվիրումին: Իսկ այս համերգն իր բազմազան ներկայացվածությամբ կոնսերվատորիայի ֆրանկոֆոն համերգաշարի ամփոփումն է:
Մենք էլ հավելենք, որ երեկոն ընթացավ ջերմ, ավելին՝ տոնական մթնոլորտում: Ուսանողներն իսկապես հիացրին հանդիսատեսին իրենց ոգևորվածությամբ, մասնագիտական հմտություններով, նուրբ երաժշտականությամբ ու բարդագույն տեխնիկայով:
Երեկոյի ավարտին դասախոսներն ու հանդիսատեսը նշում էին, որ համերգն իրադարձություն էր ոչ միայն արվեստը գնահատող և ընկալող մարդկանց, այլև հենց ուսանողների համար, ովքեր հնարավորություն ունեցան ելույթ ունենալ Կոմիտասի անվան կամերային երաժշտության հեղինակավոր համերգասրահում՝ փորձառու և իր տեսակով եզակի «Հովեր» կամերային երգչախմբի հետ:
Հուսանք, որ այս ավանդույթը շարունակական կլինի և կնպաստի երաժշտության ամենակարող զորությամբ մեր իրականությունն ավելի մշակութային, ավելի նրբակիրթ և հուզական դարձնելուն։
Սամվել Դանիելյան
Լուսանկարներում՝ դրվագներ Կամերային երաժշտության տանը կայացած համերգից
























































