Կրեմլում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին պաշտոնական հանդիպումից անմիջապես հետո «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարեց Հայաստանից ՌԴ արտահանվող ապրանքների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին՝ այն պատճառաբանությամբ, որ դրանց մեծ մասը որակյալ չեն, չեն համապատասխանում ԵԱՏՄ շուկայի չափանիշներին․ ոչ բոլոր ապրանքատեսակներն են, որոնք արտադրված են Հայաստանի Հանրապետությունում։ Ըստ ռուսական կողմի, դրանք Հայաստան ներկրվում են Եվրոպայից՝ սանկցիոն ապրանքներն են, Հայաստանում փոխվում են դրանց արտադրման վայրի մասին տվյալները։
Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանն, անդրադառնալով այս վերջին նորությանը ու առհասարակ Կրեմլում Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում քննարկված տնտեսական հարցերին, որի ժամանակ ՌԴ նախագահի կողմից հստակ մեսիջներ հղվեցին հայկական կողմին, կարծիք հայտնեց, որ այս ձևով ԱԺ ընտրություններին ընդառաջ Ռուսաստանի Դաշնությունը փորձում է սաստել Նիկոլ Փաշինյանին ու բերել իրենց դաշտ։
Նրա համոզմամբ, ՌԴ նախագահ Պուտինը երբեք չի հրաժարվի Նիկոլ Փաշինյանից, նա ձեռնտու է իրենց, հարմար թեկնածու է, քանի որ Փաշինյանը երբեք «ոչ» չի ասում։ Ըստ քաղաքագետի, ՌԴ-ն բազմաթիվ հնարավորություններ է ունեցել Նիկոլ Փաշինյանին սաստելու, բայց ոչ թե սաստել է, այլ հակառակը՝ օգնել է պահելու իր իշխանությունը։
Գագիկ Համբարյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ հակառուսական հռետորաբանությամբ հայտնի Նիկոլ Փաշինյանը իր կառավարման տարիների ընթացքում ամեն ինչ արել է, որպեսզի հայկական արտադրողն էլ ավելի կախված լինի ռուսական շուկայից։
Կարդացեք նաև
«Ինֆոգրաֆիկայում Հայաստանի արտահանման տասը երկրների ցուցակն է՝ 2015 և 2025 թվականների դրությամբ։ Եթե 2015 թվականին Հայաստանի արտահանման թիվ մեկ գործընկերը եղել է Ռուսաստանը, որի վրա է ընկել 16,5 տոկոս արտահանման ծավալ, ապա 10 տարի հետո ՝ 2025 թվականին այդ ցուցանիշը կրկնապատկվել է՝ 35,3 տոկոս է դարձել (տես փաստաթղթում)։
Բացի այդ, եթե 2015 թվականին Բելառուսն ընդհանրապես չկար որպես արտահանման շուկա, հիմա մոտ 2 տոկոս ապրանքաշրջանառությունն ընկնում է Բելառուսի վրա, այսինքն՝ ԵԱՏՄ երկրներից այս երկուսն են։ Իսկ մյուս ԵԱՏՄ երկրները չկան, այն թեզերը, թե Հայաստանը մեծ առևտուր ունի ԵԱՏՄ մյուս երկրների հետ, ֆիկցիա է։
Հակառուսական տրամադրություններով աչքի ընկնող Նիկոլը իր կառավարման վերջին տարիներին ամեն ինչ արել է, որպեսզի Հայաստանն էլ ավելի մեծ կախվածություն ունենա Ռուսաստանից»,- ասում է քաղաքագետը։
«Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտի հայտարարությունների հետ կապված էլ մեր զրուցակիցը նշում է, որ 2022 թվականի փետրվարի 24-ից հետո, երբ Արևմուտքի, ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ մտցվեցին ՌԴ-ի նկատմամբ, Հայաստանը դարձավ խոշորագույն ռէքսպորտ անող պետություններից մեկը, որի միջոցով ռուսները դուրս են հանում իրենց երկրում արտադրված ոսկին։ ՀՀ-ն այս պահի դրությամբ համարվում է մեծ քանակությամբ ոսկի վաճառող երկրներից մեկը, և սա այն դեպքում երբ ՀՀ-ն չունի այդ քանակությամբ ոսկի։
Բայց այդ, ըստ քաղաքագետի, Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկը իր ընկերության միջոցով Ռուսաստան է արտահանում բջջային հեռախոսներ։ Հայաստանը բջջային հեռախոսներ չի արտադրում, բայց համարվում է խոշորագույն արտահանողներից մեկը։
Գագիկ Համբարյանի ասելով՝ բացարձակապես զարմանալի չէ, որ արտահանման շուկան ՌԴ-ն է, որի ղեկավարությունը շատ լավ գիտի այս մասին, իսկ ռուսական ընդդիմադիր մամուլում բազմիցս է արծարծվել Հայաստանի ՝ ՌԴ-ի ու այլ երկրների միջև տարանցիկ շուկա լինելը։ Ավելին, մամուլում ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի անունը նշվում է՝ որպես բիզնես գործունեություն ծավալող Հայաստանի գործող իշխանությունների հետ։
Քաղաքագետը, մեջբերելով այս ամենը, առավել քան համոզված է, որ նման շահերը թույլ չեն տա չսատարել Նիկոլ Փաշինյանին, սակայն նրա վրա տնտեսական ճնշումներ են գործադրում՝ ջանալով ռուսական կողմ բերել։
Վերլուծելով Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ քննարկված տնտեսական հարցերը ու ՌԴ նախագահի կողմից Փաշինյանին ուղղված մեսիջները, Գագիկ Համբարյանն ասաց․ «ՌԴ նախագահը բացահայտ հասկացրեց, որ մինչ այժմ ՀՀ-ի կողմից վարվող քաղաքականությունն այլևս անընդունելի է ․ Հայաստանը ընտրություն պետք է կատարի՝ կամ կմնա ԵԱՏՄ-ում, կամ ԵԱՏՄ-ից դուրս կհանվի, թող գնա Արևմուտք։
Պուտինի մեսիջը սա էր, նա շատ լավ գիտի, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող որևէ չափանիշով եվրոպական երկիր լինել, առավել ևս ՀՀ-ն Եվրամիության որևէ երկրի հետ սահմաններ չունի․ ո՛չ Թուրքիան, ո՛չ Վրաստանը մոլի եվրոպամետ չեն, առավել ևս երկուսն էլ վիրավորված են Եվրամիությունից՝ իրենց նկատմամբ վարվող Բրյուսելի քաղաքականությունից։
ՌԴ-ն շատ հստակ հասկացրեց Նիկոլ Փաշինյանին այսուհետ չնստել երկու աթոռին ու խաղեր տալ, սեփական ժողովրդին խաբել ով՝ ԱԺ-ում օրինագծեր ընդունել, թե Հայաստանը պետք է Եվրամիության ինտեգրման գործընթաց սկսի, բայց միաժամանակ խորացնի առևտուրն ու տնտեսական կապերը ԵԱՏՄ երկրների հետ ու Հայաստանում գեներացնի հակառուսական տրամադրություններ, այդ ամենն այլևս չի ստացվելու։
Պաշտոնական Մոսկվան հասկացրեց՝ վերջ դնել այդ խաղերին։
Պուտինը նաև հասկացրեց, որ գազի գնի վերանայում կարող է լինել, եթե ՀՀ-ի իշխանությունները շարունակեն իրենց այս կեցվածքը։ Հատկապես հետաքրքիր էր այն, որ փաստորեն ՌԴ-ն գազը Հայաստանին վաճառում է 177,5 դոլարով՝ 1000 խորանարդ մետրը, բայց հայ սպառողին այն վաճառվում է մոտ 400 ամերիկյան դոլարով։ Այստեղ խնդիրն այն է, որ եթե գազի գինը կրկնապատկվում է , ապա դա այն պատճառով, որ «Գազպրոմ Արմենիան» բավական մեծ հարկեր է վճարում պետական բյուջե, ինչպես նաև իր մեծ թվով աշխատակազմին է լավ աշխատավարձ վճարում։
Երրորդն այն է, որ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր բացահայտ սպառնաց, որ եթե Հայաստանի գործող իշխանությունները շարունակեն ռուսական կապիտալի վտարման գործընթացը Հայաստանից, և եթե դա անեն տարբեր մեթոդներով՝ փորձելով թե՛ պետական մակարդակով համոզել, թե թող Ռուսաստանը հրաժարվի Հարավ-Կովկասյան երկաթուղու կոնցեսիայից և այն տրվի թե՛ Ռուսաստանի և թե՛ Արևմուտքի համար ընդունելի երկրին, կամ եթե զրկեն Ռուսաստանի քաղաքացիներին իրենց ունեցվածքից, ենթադրաբար նկատի ունեն Սամվել Կարապետյանին, որի ձեռքից Հայաստանի գործող իշխանությունները խլեցին ՀԷՑ-ը, ապա Ռուսաստանը կանցնի իրենց երկրում բնակվող հայ մեծահարուստների կապիտալի խլման գործընթացին։
Իսկ ռուսներն այդ առումով շատ լավ փորձ ունեն, 2008 թվականի օգոստոսին 8-ից հետո՝ ռուս-վրացական պատերազմից հետո ռուսները ուղղակի ունեզրկեցին մի քանի տասնյակ միլիոնատեր և միլիարդատեր վրացիների, ովքեր ապրում էին ՌԴ-ում»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ




















































