Արդեն երեք տարի է՝ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին անպարկեշտ արտահայտություններով վիրավորած Facebook-ի օգտատեր Խաժակ Թանանյանը այդպես էլ ներողություն չի խնդրել վիրավորանքի համար։ Ջեբեջյանն ընդդեմ Թանանյանի գործը դատական շրջապտույտի մեջ է։
Թանանյանը Վերաքննիչ դատարանում հաջողության է հասել՝ բողոքարկելով Ջեբեջյանի հայցը բավարարած առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը։
Հիշեցնենք, որ Հռիփսիմե Ջեբեջյանը պահանջել էր դատարանից Թանանյանին պարտավորեցնել ներողություն խնդրել ու վճարել 400.000 դրամ փոխհատուցում։ Հիշեցնենք նաև, որ Թանանյանը Ջեբեջյանի պատիվն ու արժանապատվությունը վիրավորել է 2023-ին Նիկոլ Փաշինյանի ասուլիսում նրա
տված հարցից հետո։ Թանանյանն ասուլիսից հետո թիրախավորել է լրագրողին, պախարակել, վիրավորական մեկնաբանություններ գրել նրա հասցեին, նրա նկարները տեղադրել վիրավորական արտահայտություններով։
Առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկած Թանանյանը վերաքննիչ բողոքում նշել էր, թե առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել իր հաշմանդամությունը՝ փոխհատուցման գումարի չափը սահմանելիս, ու նաև իբրև թե առաջին ատյանի դատարանը կողմնակալ վերաբերմունք է ունեցել։
Կարդացեք նաև
«Վերաքննիչ դատարանը բավարարել է Թանանյանի բողոքը, գործը նորից ուղարկել առաջին ատյանի դատարան։ Առաջին դատական նիստ էր նշանակված, մենք դիմում գրեցինք՝ պահանջելով, որ ընդդատության կարգով գործը բերվի Երևան, որովհետև չեմ պատրաստվում ևս երեք տարի գնամ Տավուշ, հետ գամ։ Ընդ որում՝ Թանանյանը Տավուշի բնակիչ է, պարզել ենք, որ նրա բնակարանը դատարանից մի 100 մետր հեռավորության վրա է, բայց ինքը ամբողջ դատական գործընթացի ժամանակ մի անգամ չի եկել դատարան, ամբողջը գրավոր ընթացակարգով պատասխանել է։ Պահանջել էինք, որ գոնե այս անգամ Երևան տեղափոխվի գործը, որ ևս երեք տարի չգնամ Տավուշ, հետ գամ։ Հերիք չէ ինձ վիրավորել են, մի հատ էլ տարիներով պետք է ընկնեմ դատարաններ։ Բայց դատարանը մերժեց մեր պահանջը»,- Aravot.am-ին պատմեց Հռիփսիմե Ջեբեջյանը։
Լրագրողը նաև պատմեց, որ Վերաքննիչ դատարանը շատ տարօրինակ ու անհասկանալի կերպով է բաշխել ապացուցման բեռը՝ ապացույցների հիմնական բեռը թողնելով իր վրա. «Ես պիտի ապացուցեմ, որ Խաժակ Թանանյան Facebook-յան էջը պատկանում է հենց պատասխանող Խաժակ Թանանյանին։ Այսինքն՝ մի բան, որը միայն ԱԱԾ-ն կարող է իմանալ։ Այս կետի մասով դիմում ենք գրել ՆԳ նախարարին, ԱԱԾ պետին, որ պարզեն այդ օգտահաշիվը ում է պատկանում։ Բայց մենք մեր կողմից, քանի որ ունեինք Facebook-յան ամբողջ էջը տեսագրված, ունենք նույնականացման լիքը տվյալներ։ Թանանյանի այդ էջում իր դստեր նկարը կա, Միքայելյան հիվանդանոցում իր վիրահատության ժամանակ իր նշումը կա, իր անձնական լուսանկարները կան։ Բացի այդ՝ ընտրողների ռեգիստրում Խաժակ Թանանյան անունով ուրիշ մարդ չկա, միայն մեկ անձ կա, որը բնակվում է այն նույն հասցեում, որտեղից պատասխանող Թանանյանը միշտ այդ հասցեից պատասխաններ է գրում։ Այսքանը նույնականացված է։
Դատարանը նաև պարտավորեցրել է, որ ապացուցեմ, որ Թանանյանը ինձ է նկատի ունեցել՝ ասելով լիրբ ու պոռնիկ։ Երբ կոլաժ էր սարքել ու տարածել՝ իմ ու կողքիս մի այլ կնոջ նկարով և գրել՝ ես եմ էս լրբի մորքուրը, բայց ես նման բան չեմ ասել այս պոռնիկին։ Բայց ակնհայտ է, որ մորքուրին վերաբերող հարցը ես եմ տվել, հետևաբար հենց ինձ է ուղղված եղել այդ վիրավորական արտահայտությունները։
Դատարանը նաև ինձ պարտավորեցրել է, որ ապացուցեմ, որ արատավորել է իմ բարի համբավն ու արժանապատվությունը։ Իսկ ամենախնդրահարույցն այն է, որ դատարանը պարտավորեցրել է ինձ, որ Թանանյանի գույքային դրության մասին փաստեր բերեմ։ Որոնման արդյունքում «Հետք»-ում նրա մասին տվյալներ ենք գտել, որ ինքը Իջևանում ձեռներեց է, կանաչ տարածք ունի, որը որպես սրճարան է աշխատեցնում։ Իհարկե, գույքային մասին որևէ փաստ կհամարվի այդ տեղեկությունը, բայց իրականում աբսուրդ է. ես իմ գույքային դրության մասին կարող եմ փաստեր բերել, Թանանյանի գույքային դրության մասին որտեղի՞ց փաստեր պետք է բերեմ։ Մենք էլ նույն նամակը հասցեագրել ենք Խաժակին, գրել ենք՝ ձեր գույքային կարգավիճակի հետ կապված տվյալներ ներկայացրեք։
Դատարանը ինձ նաև պարտավորեցրել է ապացուցել 400.000 դրամի փոխհատուցման ողջամտությունը։ Այսինքն՝ ապացուցեմ՝ արդյոք 400.000 դրամի վիրավորվե՞լ եմ, թե՞ ոչ»։
Ի դեպ, այս գործով այսօր դատական հերթական նիստն էր նշանակված, Հռիփսիմե Ջեբեջյանի ներկայացուցիչ Ռազմիկ Բաղդասարյանը միջնորդել է հետաձգել նիստը ու ժամանակ տրամադրել դատարանի պահանջած տվյալները ներկայացնելու համար։
Խաժակ Թանանյանը, ըստ Հռիփսիմե Ջեբեջյանի, ՔՊ-ի ակտիվ պրոպագանդիստներից է, նրա Facebook-ի ամբողջ էջը ողողված է Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների քարոզչությամբ։
Լրագրողը հիմնավոր կասկածներ ունի, որ ՔՊ-ի այս պրոպագանդիստը իշխանության հովանավորչությունն է վայելում. «Օրինակ՝ Ալեն Սիմոնյանին մեկը մի հատ պու է ասում, անմիջապես հայտնաբերում են վիրավորողին, արագ դատական գործերը քննում են, պարտավորեցնում են ներողություն խնդրել։ Բայց իմ դեպքում գործերը տարիներով քնում են դարակներում։
Մենք տարբեր մարմիններ դիմեցինք՝ խնդրելով մեզ ուղղված սպառնալիքների ու վիրավորանքների հետևից գնալ։ 2023-ից մինչ օրս մատը մատին չեն տվել։ Երեք տարի է՝ ոչինչ չեն արել վիրավորողին, սպառնացողին հայտնաբերելու ուղղությամբ։ Դարակներում այդ գործերը փոշոտվել են արդեն»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ Հռիփսիմե Ջեբեջյանի ֆեյսբուքյան էջից։

















































