Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սարգիս Արմենակյանի նախագահությամբ կայացավ Aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանն ընդդեմ Խաժակ Թանանյանի գործով առաջին նիստը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023-ի հուլիսի 25-ին տեղի ունեցած հայտնի մամուլի ասուլիսից հետո վիրավորանքների և ոտնձգությունների արշավ էր սկսվել լրագրողների, հատկապես՝ Հռիփսիմե Ջեբեջյանի եւ «NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանի նկատմամբ: Ասուլիսից հետո նրանց հասցեին համացանցում եւ էլեկտրոնային նամակներում տարածել էին սպառնալիքներ, ծանր վիրավորանքներ եւ ֆիզիկական հաշվեհարդարի կոչեր:
Հաշվի առնելով, որ Հռիփսիմե Ջեբեջյանի՝ վարչապետին ուղղված հարցը մոր մորաքրոջ հետ երկխոսություն էր, համացանցում իշխանության աջակիցները փնտրում էին հավանական ու անհավանական մորաքույրներ, լրագրողի «պապաներ» եւ այլն՝ թիրախավորելով լրագրողին:
Փաշինյանի աջակիցներից մեկը՝ «Խաժակ Թանանյան» անունով օգտատերը ֆեյսբուքյան իր էջում տարածել էր մի կոլաժ, որտեղ մի մեծահասակ կնոջ հետ լրագրողի լուսանկարն էր, վրան գրված՝ «Ես եմ էս լրբի մորքուրը, բայց ես նման բան չեմ ասել էս պոռնիկին»:
Կարդացեք նաև
Մեկ այլ գրառմամբ էլ տարածել էր Հռիփսիմե Ջեբեջյանի նկարը՝ վրան գրված. «Տո ես քո մաման է՛լ, մամայիդ մաման է՛լ, մամայիդ մորքուրն էլ ՎՐԵՆ»:
Լրագրողը հայց էր ներկայացրել դատարան՝ պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու եւ պահանջել ներողություն եւ 400 հազար դրամի բռնագանձում՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
Դատական նիստին ո՛չ Խաժակ Թանանյանը, ո՛չ էլ նրա ներկայացուցիչը չէին եկել, չնայած պատշաճ ծանուցվել էին դատարանի կողմից: Բայց Խաժակ Թանանյանը հայցադիմումի պատասխան էր ուղարկել, որտեղ նշել էր, որ լուսանկարի վրա պատկերված խոսքը հասցեագրված չէ հայցվորին, քանի որ նշված չէ նրա անունը, ազգանունը, հայրանունը կամ անձը նույնականացնելու համար անհրաժեշտ որեւէ տվյալ: Այսինքն, լրագրողի լուսանկարը, ըստ պատասխանողի, չի համարվում անձի նույնականացման տվյալ: Ավելին՝ պատասխանում նշել են, թե՝ «պարադոքս» է, թե ինչու է լրագրողը ինքն իրեն նույնականացրել այդ նկարում գրված մարդկային բնույթ բացահայտող «պոռնիկ» եւ «լիրբ» բնորոշումների հետ:
Ուշագրավ է, որ Խաժակ Թանանյանը հայցադիմումի պատասխանում հասնում է մինչեւ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը ու գրում, որ խնդիրը այդ ֆիլմի Կարապետի ու Հայրապետի ձեւավորած հայկական կլասիցիզմի ծիրում է եւ լավ կլինի հայցվորը նոր թիրախ որոնի ու իր իրավահարաբերությունները պարզի Հայրապետի հետ:
Այս գեղարվեստական մասից բացի, դատարանում ամենայն մանրամասնությամբ քննարկվեց Խաժակ Թանանյանի այն պատասխանը, թե լրագրողի հետ մի նկարում զետեղված կնոջ դեմքը «խաղաղ արտահայտություն» ունի, «ընդգրկուն ժպիտ», հետեւաբար այդ կերպարը չի ասոցացվում հայհոյական խոսքի հետ: Դատավոր Սարգիս Արմենակյանը հետաքրքրվեց, թե լրագրողի շահերի ներկայացուցիչները՝ Շուշան Ավետիսյանը եւ Ռազմիկ Բաղդասարյանը ի՞նչ դիրքորոշում կարող են հայտնել դրա հետ կապված: Ռազմիկ Բաղդասարյանը պատասխանեց, որ դեմքի ամենաբարի արտահայտությամբ ու ժպիտով կարելի է մարդուն հայհոյել ու ամենասուր վիրավորանքները հասցնել եւ հակառակը՝ ամենախիստ ու դաժան դեմքով կարելի է մարդուն լավագույն մաղթանքները հղել, ուստի անհասկանալի է, թե ի՞նչ կապ ունի լուսանկարում դեմքի արտահայտությունը, երբ ասելիքը, այս դեպքում՝վիրավորական արտահայտությունները պարզ գրված են լուսանկարի վրա:
Դատական նիստը հետաձգվեց: Առաջիկայում դատավորը պետք է բաշխի ապացուցման բեռը:























































