ՀՀ նախագահը նշել է, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի թիվ ԲԴԽ-1 ԴԴ/869-26 գրությունից պարզ չէ, թե ինչպիսի փաստական հանգամանքներ է հիմք ընդունել ԲԴԽ-ն՝ ընդունելով իր որոշումը, իր մտահոգությունները չեն փարատվել եւ ողջամտորեն չէին կարող փարատվել:
2026 թ. մարտի 31-ին որոշվեց գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով: Սահմանադրական վեճը հանգում է դատավորի թեկնածուի հավակնորդի բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած համապատասխան եզրակացության առկայության պայմաններում Բարձրագույն դատական խորհրդի կողմից համապատասխան անձի թեկնածությունը՝ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկության պատճառաբանվածության հարցին:
Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննեց «Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ 2026 թ. մարտի 12-ի թիվ ԲԴԽ-27-Ո-24 որոշմամբ Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Դիմողի ներկայացուցիչներն էին` Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պարտականությունները կատարող, ներման եւ քաղաքացիության բաժնի պետ Անի Մուրադյանը, իրավաբանական վարչության մոնիթորինգի եւ վերլուծության բաժնի պետ Անդրանիկ Ռաշիդյանը: Պատասխանողը`Բարձրագույն դատական խորհուրդն է: Մարտի 31-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարող Է. Հովհաննիսյանի ստորագրությամբ 2026 թ. մարտի 31-ի թիվ ԲԴԽ-1 Ե-2323 ի լրումն գրությունը, որով Սահմանադրական դատարանին են տրամադրվել ԲԴԽ-ի՝ 2026 թ. մարտի 12-ի եւ 19-ի նիստերի արձանագրությունների քաղվածքները:
Կարդացեք նաև
2026 թ. մարտի 25-ին ընդունվել է Սահմանադրական դատարանի ՍԴԱՈ-38 աշխատակարգային որոշումը՝ ՍԴ դատավոր Դավիթ Խաչատուրյանի՝ այս գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին:
2022 թ. սեպտեմբերի 29-ի թիվ ԲԴԽ-92-Ո-293 որոշմամբ 2022 թ. սեպտեմբերի 26-ին, 27-ին եւ 29-ին ԲԴԽ-ում կայացած հարցազրույցների արդյունքների ամփոփման նպատակով իրականացված քվեարկությունների արդյունքների հիման վրա կազմվել եւ հաստատվել է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը՝ քրեական եւ քաղաքացիական մասնագիտացման բաժիններով՝ համաձայն հավելվածի: Վերջինիս համաձայն՝ դատավորների թեկնածուների հավակնորդների քրեական մասնագիտացման բաժնի ցուցակում (10-րդ կետ) ներառվել է նաեւ Վազգեն Տիգրանի Սահակյանը:
Բարձրագույն դատական խորհրդի՝ 2023 թ. հոկտեմբերի 10-ի թիվ ԲԴԽ-86-Ո-261 որոշմամբ կազմվել եւ հաստատվել է դատավորների թեկնածուների ցուցակը՝ քրեական, քաղաքացիական մասնագիտացման բաժիններով եւ հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնով՝ համաձայն հավելվածի: Վերջինիս համաձայն՝ դատավորների թեկնածուների քրեական մասնագիտացման բաժնի ցուցակում ներառվել է նաեւ Վազգեն Սահակյանը: 2026 թ. մարտի 12-ի թիվ ԲԴԽ-27-Ո-24 որոշմամբ Հանրապետության նախագահին առաջարկվել է Վազգեն Սահակյանի թեկնածությունը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար: Որոշումը կայացվել է դռնփակ դատական նիստում եւ նույն օրը թիվ ԲԴԽ-1-ԴԴ-765-26 գրությամբ ներկայացվել է Հանրապետության նախագահին: Ինչպես կարգն է, առաջարկությանը կից ներկայացվել է թեկնածուի անձնական գործը, ներառյալ՝ թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը:
2026 թ. մարտի 16-ին Հանրապետության նախագահը ԲԴԽ է վերադարձրել 2026 թ. մարտի 12-ի թիվ ԲԴԽ-27-Ո-24 որոշմամբ ներկայացված առաջարկությունն այն հիմնավորմամբ, որ թեկնածուի բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած եզրակացությունում մատնանշված՝ դատավորի թեկնածուի գույքային դրության տվյալների արժանահավատությանն առնչվող ողջամիտ հարցադրումների եւ պարզաբանման կարիք ունեցող փաստ-հանգամանքների հիմնավորման կամ հերքման մասով ԲԴԽ կարծիքի բացակայության պայմաններում հնարավոր չէ օբյեկտիվ եւ ամբողջական դիրքորոշում ձեւավորել տվյալ թեկնածուի նշանակման հիմնավորվածության վերաբերյալ: Հանրապետության նախագահը նշել է, որ անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել վերոնշյալ եզրակացությանը՝ վերջինս դարձնելով ԲԴԽ կողմից ըստ էության ուսումնասիրման եւ քննարկման առարկա, եւ դրա արդյունքների հիման վրա վերստին քննարկել տվյալ անձի թեկնածությունը կրկին ներկայացնելու նպատակահարմարությունը:
2026 թ. մարտի 20-ին Հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է ԲԴԽ նախագահի ստորագրությամբ 2026 թ. մարտի 19-ի թիվ ԲԴԽ-1 ԴԴ/869-26 գրությունը:
Գրության մեջ մասնավորապես ասվում էր. «Տվյալ դեպքում Բարձրագույն դատական խորհրդի համար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունն ինքնին հիմք չի հանդիսացել Վազգեն Սահակյանին՝ դատավորների թեկնածուների ցուցակում չներառելու համար, ուստի վերջինս 2022 թ. սեպտեմբերի 29-ի 6 թիվ ԲԴԽ-92-Ո-293 որոշմամբ ներառվել է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում: Ընդ որում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից Վազգեն Սահակյանի վերաբերյալ … բարեվարքության եզրակացությունը տրվել է 2022 թ., որի 2-րդ պարբերության համաձայն՝ դրանում նշված տեղեկությունները ներկայացվում են բացառապես անձին՝ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկելու վերաբերյալ որոշում կայացնելու գործընթացում օգտագործելու նպատակով»:
Դիմողը հարցնում է` ինչ չափանիշներ են կիրառվել այն պայմաններում, որ թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրամադրված եզրակացությունը եղել է, ինչպիսի փաստարկված հիմնավորումներ են դրվել Հանրապետության նախագահի առարկությունները չընդունվելու հիմքում:
Ըստ պատասխանող ԲԴԽ-ի` որոշման կայացման (առաջարկության ներկայացման) համար հիմք ծառայած հանգամանքները Խորհրդի գնահատմամբ բավարար են եղել որոշումը (առաջարկությունը) պատճառաբանված համարելու համար, Խորհրդի 2026 թ. մարտի 12-ի որոշումը բավարար պատճառաբանված է, ուստի նշված որոշմամբ ներկայացված առաջարկությունը համապատասխանում է Սահմանադրությանը:
Ըստ Սահմանադրական դատարանի` սույն սահմանադրական վեճի քննության ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի վերաբերելի որոշումների, ինչպես նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ դատավորի թեկնածուի հավակնորդի բարեվարքության վերաբերյալ եզրակացության, նշված մարմինների գործողությունների օրինականությունը կամ իրավաչափությունը գնահատման ենթակա չեն. Սահմանադիրը Սահմանադրական դատարանին այդպիսի լիազորություն չի վերապահել: Հետեւաբար, Սահմանադրական դատարանն անդրադառնալու է ԲԴԽ կողմից Հանրապետության նախագահին ներկայացված համապատասխան առաջարկության՝ վերջինիս պատճառաբանվածության առումով, սահմանադրականության հարցին նախորդ պարբերությունում նշված մոտեցման շրջանակում:
Ըստ ՍԴ իրավական դիրքորոշումների` Դատավորի թեկնածուի հավակնորդի բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համապատասխան եզրակացության առկայության պայմաններում Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան որոշմամբ ներկայացվող առաջարկությունը պետք է պարունակի ոչ միայն իրավական եւ փաստական հիմքեր, այլեւ որակավորման գրավոր քննության եւ հարցազրույցի արդյունքների հետ համակցության մեջ վերոնշյալ եզրակացությանը նվազ նշանակություն տալու, դրանով իսկ՝ այդ եզրակացությամբ վերհանված փաստերը հաղթահարելու վերաբերյալ հիմնավորումներն ու պատճառաբանությունները, իսկ ներկայացված առաջարկությունը Հանրապետության նախագահի կողմից առարկությամբ վերադարձնելու պայմաններում այդ առարկությունը պետք է հաղթահարվի դրա փաստական եւ իրավական հիմքերի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի փաստարկված դիրքորոշումների համադրված վերլուծություն բովանդակող համապատասխան որոշմամբ: Պատճառաբանված որոշումն ինչպես իրավասու մարմիններին, այնպես էլ անաչառ դիտորդին պետք է հնարավորություն ընձեռի՝ վստահելու Բարձրագույն դատական խորհրդի առաջարկության լեգիտիմությանը՝ հիմք ընդունելով սահմանադրահեն այն գաղափարը, որ դատավորի նշանակման գործընթացում իրավասու մարմինների միջեւ առաջ եկած հարցերը չստվերեն դատավորի անբիծ հեղինակությունը, պատիվն ու արժանապատվությունը՝ դրանով իսկ հանգեցնելով տվյալ դատավորի եւ, ըստ այդմ՝ դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության նվազեցմանը: Հանրության շրջանում պետք է համոզմունք ձեւավորվի, որ դատավորի թեկնածուն արժանի է դատավորի բարձր կարգավիճակին եւ համապատասխան առաքելությունը ստանձնելուն. հակառակ մոտեցման պայմաններում կստվերվի արդարադատության լեգիտիմությունը:
ՍԴՈ-1823 ապրիլյան որոշմամբ Սահմանադրական դատարանը Բարձրագույն դատական խորհրդի՝ 2026 թ. մարտի 12-ի թիվ ԲԴԽ-27-Ո-24 որոշմամբ Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը ճանաչեց Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին հակասող:
Որոշումը 28 էջ էր:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.04.2026


















































