ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ճեպազրույցում իր որդու՝ Լեւոն Քոչարյանի բանակում չծառայելն օրերս արդարացրեց «Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դու նրա գիտելիքների չափ որ գիտելիք ունենաս, դու էլ չես ծառայի» արտահայտությամբ: Նրա այդ արտահայտությունը վրդովմունք եւ զայրույթ է առաջացրել հանրային դաշտում, դրան արձագանքել են հերոսածին մայրեր, պահեստազորի սպաներ, անգամ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էր գրել, որ մեծ ցավ է ապրել Քոչարյանի արտահայտության պատճառով:
Մարդիկ վրդովված են, որ նման արտահայտություն անողը ղեկավարում է ԱԺ պաշտպանության, նաեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը: ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն էլ գրել էր, թե իշխանությունն Անդրանիկ Քոչարյանի շուրթերով ազդարարում է զինծառայության վերաբերյալ իր բանաձեւը։
Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի (ԲԿԳԿ) կայքի աստիճանաշնորհմանը վերաբերվող բաժինը, որտեղ նախկին պաշտպանությունների մասին տեղեկատվություն է զետեղված, այսօր առավոտից ժամանակ առ ժամանակ չէր բացվում ու փոխարենը գրվում էր՝ The website encountered an unexpected error. Please try again later: Բայց քանի որ մեկ օր առաջ էինք այցելել կայք ու վերցրել անհրաժեշտ տեղեկատվությունը, կարող ենք նշել, որ Լեւոն Քոչարյանի թեկնածուական ատենախոսության թեման է «Գյուղատնտեսության ապահովագրության համակարգի կատարելագործման ուղիները ՀՀ-ում», գիտական ղեկավարը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Լիանա Գրիգորյանը, ընդդիմախոսները՝ Արմեն Հակոբյանը եւ Արման Դաղունցը, առաջատար կազմակերպությունը՝ Հայ-Ռուսական համալսարանը: Պաշտպանությունն էլ տեղի է ունեցել 2020թ փետրվարի 20-ին Հայաստանի տնտեսագիտական համալսարանում գործող ՀՀ ԲՈԿ-ի տնտեսագիտության 014 մասնագիտական խորհրդում: Դա այն շրջանն էր, երբ աշխարհում մոլեգնում էր կորոնավիրուսը:
Լեւոն Քոչարյանի ատենախոսության սեղմագրից, ի թիվս այլնի՝ տեղեկանում ենք, որ ատենախոսության հիմնական դրույթներն արտացոլվել են հեղինակի գիտական հոդվածներում, որոնք հրապարակվել են Գիտական Արցախում, Սեվծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների հանրային ինստիտուտի, Հայ-Ռուսական համալսարանի, Ագրարային համալսարանի պարբերականներում:
Կարդացեք նաև
Aravot.am-ը Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեից հետաքրքրվեց, թե ինչու չի բացվում կայքը: Պարզաբանեցին, որ տեխնիկական պատճառներով է պայմանավորված խնդիրը, եւ հատուկ միտում չկա Անդրանիկ Քոչարյանի որդու ՝ Լեւոնի տվյալները թաքցնելու:
Aravot.am-ը կապվեց նաեւ Լեւոն Քոչարյանի որդու գիտական ղեկավարի՝ Լիանա Գրիգորյանի հետ: Մասնավորապես հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ էր բացառիկ նրա «Գյուղատնտեսության ապահովագրության համակարգի կատարելագործման ուղիները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով աշխատանքը, որ հայրը որդուն «բարձրակարգ տղա» է որակում: Տիկին Գրիգորյանն ասաց, որ եթե աշխատանքը ԲՈԿ-ի պահանջներին չհամապատասխաներ, ինքն այդ աշխատանքը չէր ընդունի. «Դա եղել է 5-6 տարի առաջ, աշխատանքը ԲՈԿ-ի բոլոր չափանիշներին համապատասխանում է: Լեւոն Քոչարյանը պատրաստված էր, նա պատասխանել է ընդդիմախոսների եւ խորհրդի անդամների բոլոր հարցերին»:
Հարցրինք՝ արդյոք Լեւոն Քոչարյանը շատ առանձնանո՞ւմ էր մյուսներից, որոնց գիտական ղեկավարն է եղել ինքը, որ իսկապես արժեր գիտության հիմքով ազատվեր զինվորական ծառայությունից: Լիանա Գրիգորյանն ասաց, որ բանակի մասով ոչինչ չի կարող ասել, քանի որ դա իր լիազորությունների շրջանակում չէ, ինչ վերաբերվում է ատենախոսությանը՝ նշեց. «Քանի որ գիտական աշխատանքը կախված է ղեկավարից, մինչեւ դրանց հեղինակները լավ պատրաստված չլինեն, ես որպես ղեկավար՝ թույլ չեմ տա, որ գնան պաշտպանության: Եթե Լեւոն Քոչարյանը չհամապատասխաներ չափանիշներին, թույլ չէի տա մասնակցեր պաշտպանությանը: Ինքն իրեն հարգող տղա է, եթե պատրաստված չլիներ, չէր մոտենա ամբիոնին»:
Մամուլում կա ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտոնական պարզաբանումը. գերատեսչությունը տեղեկացրել էր, որ Լեւոն Քոչարյանը 2010 թվականից մինչեւ 15.06.2019 թվականն ունեցել է ուսումնական տարկետում, քանի որ ուսումնառել է բակալավրիատի, մագիստրոսական, ապա ասպիրանտական ծրագրով։ Իսկ 2019 թ. երկրորդ եւ 2020 թվականի առաջին զորակոչերի ընթացքում ստացել է տարկետում յուրաքանչյուրը հինգ ամիս՝ պայմանավորված առողջական վիճակով, այսինքն, ստացվում է՝ Անդրանիկ Քոչարյանի որդին նախ բանակից ազատվել է գիտությամբ զբաղվելու հիմքով, հետո՝ առողջական: Ի դեպ, չնայած գիտական զբաղվածությանը, գուցե նաեւ առողջական վիճակին, ոչինչ չի խանգարել, որ Լեւոն Քոչարյանը այցելի այլ երկրներ, Վրաստանում մասնակցի ցույցերի: Խոսքը մասնավորապես 2014թ. Թբիլիսիում «Ստոպ Պուտին» խորագրով ցույցի մասին է, որի վերաբերյալ լուսանկար էր հրապարակվել թելագրամյան ալիքներում:
Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի որդին, սակայն, միակ չծառայածը չէ, ՔՊ-ական վերնախավի մեծ մասը տարբեր հիմքերով ազատվել է զինվորական ծառայությունից:
Ժամանակին Կրթության եւ գիտության փոխնախարարի, այժմ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող Հովհաննես Հովհաննիսյանի եւ այլ հանձնաժողովականների ձեռամբ զինծառայությունից ազատվել էր այսօր արդեն Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը, որն ԱԺ նախագահի խորհրդական եղած ժամանակվանից՝ 2019-ից ասում էր, թե գիտական աշխատանքի վրա է աշխատում եւ սահմանված ժամկետում թեկնածուական ատենախոսությունը չպաշտպանելու պարագայում պատրաստ է մեկնել ԶՈւ ծառայության: Մեզ ոչ մի կերպ չի հաջողվում պարզել, թե ի վերջո ինչ ճակատագրի արժանացավ նրա՝ այրում էթնիկ խմբին վերաբերող ատենախոսությունը:
Տարբեր պաշտոններում տեղավորված իշխանության՝ բանակ չծառայածների ցուցակը, որը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չենք հրապարակում, այն վաղուց հայտնի է հանրությանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































