«Այստեղ ենք հիշեցնելու, որ այս երկրում գործում է հանցավոր ռեժիմ, hանցագործ ռեժիմ, որի գործունեությունն աղետաբեր է բոլորի համար՝ հատկապես 18-25 տարեկան երիտասարդների համար»,-ՀՀ գլխավոր դատախազության դիմաց Դավիթ Մինասյանի ազատ արձակման պահանջով բողոքի ցույցի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում նահատակված Դավիթի մայրը՝ Ալիսա Գևորգյանը՝ անդրադառնալով մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի գործով մեղադրյալ, 12-րդ դասարանցի Դավիթ Մինասյանի՝ երկու ամսով կալանավորմանը։
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մերժեց հանդիպել ցուցարարներին: Նրանք Դավիթ Մինասյանին ազատ արձակելու կամ կալանքը տնային կալանքով փոխարինելու պահանջով իրենց դիմումը՝ տեղում հավաքված 150 ստորագրություններով փոխանցեցին դատախազություն։
Սուրբ Աննա եկեղեցու բակում միջադեպը մեկնաբանելով՝ Ալիսա Գևորգյանն ասաց․ «Պատարագի եկած մարդն իր թիկնապահներով մարդկանց տեռորի ենթարկելով առաջ չի գնում առջևում կանգնելու՝ իր կարևորությունն ընդգծելու համար։ Եկել, սադրել են երեխեքին։ Ակնհայտ է, որ հաստավիզ թիկնապահը հարվածում է Դավիթին, և Դավիթի ձեռքի հարվածները ոչինչ չեն նշանակում․ պատարագի եկած 18 տարեկան երիտասարդի առողջ ռեակցիան է»։
Կարդացեք նաև
Ըստ Ալիսա Գևորգյանի՝ պետք է ազատվել այս իշխանություններից, հակառակ դեպքում բոլոր դավիթներն են դատապարտված․ «Փորձը ցույց է տալիս, այս տարիները ցույց են տալիս, որ էս մարդիկ 5000 էրեխու արյուն խմելուց հետո, 5000 դավիթներ և այլ անուններ են կործանել, չեն բավարարվել, չեն հագեցել, սրանք վամպիր են, չեն հագենում, ում ճանապարհին դուրս են գալիս, ճակատագրական աղետ են դառնում՝ հատկապես երիտասարդների համար։ Երիտասարդներն են ամենաազնիվ ու առողջ արձագանքող խավը, վախենում են երիտասարդներից, նրանց սիրտը շահելու համար ինչ կապիկություն ասես անում են, Վարչաբենդի համերգ են անում։ Երիտասարդությունը, բոլորը համատարած նրանց պետք է բոյկոտեն»։
ՀՀ գլխավոր դատախազության դիմաց Դավիթ Մինասյանի ազատ արձակման պահանջով բողոքի ցույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

















































