«Իմ համոզմունքն է, որ կալանքը պետք է կիրառվի որպես խափանման միջոց ծայրահեղ դեպքերում, երբ ուղղակի անհնար է ուրիշ ձևով կասեցնել մարդու վտանգավոր գործունեությունը։ Չեմ կարծում, որ տվյալ դեպքում այդ երիտասարդը, այցելելով պատարագի և սովորելով, իր Վերջին զանգն անցկացնելով, այդպիսի մեծ վտանգ է ներկայացնում մեր հասարակությանը։ Նա պետք է հիմա լինի ազատության մեջ, պետք է գոնե կարողանա ավարտել դպրոցը, իսկ դատական գործընթացները թող գնան իրենց հունով»,-ՀՀ գլխավոր դատախազության դիմաց Դավիթ Մինասյանի ազատ արձակման պահանջով բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց «Ունիսոն» հ/կ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը
անդրադառնալով մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի գործով մեղադրյալ, 12-րդ դասարանցի Դավիթ Մինասյանի՝ երկու ամսով կալանավորմանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մերժեց հանդիպել ցուցարարներին: Նրանք Դավիթ Մինասյանին ազատ արձակելու կամ կալանքը տնային կալանքով փոխարինելու պահանջով իրենց դիմումը՝ տեղում հավաքված 150 ստորագրություններով փոխանցեցին դատախազություն։
Կարդացեք նաև
Լրագրողներն Արմեն Ալավերդյանից հետաքրքրվեցին՝ արդյոք սա բոլոր 18-ամյա տղաների դեմ չէ՞, որով ուզում են ցույց տալ՝ եթե համարձակվեն անհամաձայնություն հայտնել, ապա կկալանավորվեն, նա պատասխանեց․ «Իրականում անհամաձայնություն մեզ մոտ բավականին շատ երիտասարդներ և ոչ երիտասարդներ հայտնում են, չեմ կարող ասել, որ հիմա բոլորը կալանավորված են։ Այստեղ կոնկրետ Դավիթի հարցն է։ Իմ համոզմամբ՝ պետք է բոլոր երիտասարդները կարողանան ավարտել դպրոցը, համալսարան ընդունվեն՝ այն բացառություններով, երբ անձը՝ թեկուզ երիտասարդը լուրջ սպառնալիք է հասարակական կարգին։ Բոլոր դեպքում փաստեր չտեսա, որ Դավիթն իրոք շատ վտանգավոր է, եթե լինի ազատության մեջ մինչև դատական գործընթացներն ընթանան»։
ՀՀ գլխավոր դատախազության դիմաց Դավիթ Մինասյանի ազատ արձակման պահանջով բողոքի ցույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































