Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով հայտարարում է, որ իշխանափոխությունից հետո, վաղը անմիջապես վերադարձնելու է Արցախը, նա կամ խելք չունի, կամ արկածախնդիր է»․ Անդրանիկ Թևանյան

Ապրիլ 09,2026 22:33 Share

«Մենք ժողովրդին ներկայանում ենք 10 առաջարկով։ Նախ՝ երաշխավորված խաղաղության և անվտանգության մասին։ Այն, ինչ ունենք այսօր, ժամանակավոր շոու-հրադադար է, և թող մեր ժողովրդին չխաբեն, որ արդեն խաղաղություն են հաստատել։ Սա ոչ թե խաղաղություն է, այլ մի իրավիճակ, որի երաշխավորը, ինչպես վերջերս ՔՊ-ականներից մեկը ասաց, Իլհամ Ալիևն է։

Երաշխավորված և կայուն խաղաղության համար անհրաժեշտ է ապավինել սեփական ուժերին, ունենալ փոխվստահելի դաշնակիցներ, վարել հավասարակշռված արտաքին քաղաքականություն, չի կարելի Հայաստանը վերածել աշխարհաքաղաքական մանրադրամի ու մեր երկիրը դարձնել բախումների թատերաբեմ»,- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարի և «Առաջարկ Հայաստան»-ի թիմի շնորհանդեսի ժամանակ, իր ելույթում ասաց «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը։

Իր փոխանցմամբ՝ 2008-ի Վրաստանը և այսօրվա Ուկրաինան օրինակներն են, որոնցից մենք պետք է դասեր քաղենք․ «Մի՞թե Արցախի կորուստը մեզ դաս չեղավ։ Համոզված եմ, որ մեր ժողովրդի մեծ մասն արդեն ամեն ինչ հասկացել է։ Մենք վերականգնելու ենք հայոց բանակը՝ այն դնելով պրոֆեսիոնալ հիմքերի վրա։ Մենք վերականգնելու ենք նաև մեր բնական դաշնակիցներ Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունները։

Օրվա իշխանությունների վարած արկածախնդրային, անխոհեմ ու բացառապես սեփական նեղ շահերի վրա հիմնված քաղաքականության արդյունքում, մենք հիմա կանգնած ենք Ռուսաստանի հետ առնվազն տնտեսական պատերազմի նախաշեմին։ Դրա հետևանքով կարող են փակվել ավիափոխադրումները, ավելի քան երեք անգամ կթանկանա գազը, գյուղացին կկանգնի մթերքի իրացման խնդրի առաջ, կզրոյացվի դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանումը, արտադրողներն ու գյուղացիները կտուժեն, Ռուսաստանում խնդիրներ կառաջանան հայ գործարարների համար, թույլ չի տրվի այն տեղից գումարներ ուղարկել։ Հարց է առաջանում՝ ու՞մ է սա ձեռնտու, պատասխանը ակնհայտ է, ոչ Հայաստանին։

Իհարկե, մենք էլ հարցեր ունենք Ռուսաստանին, մեր հասարակության մեջ էլ կուտակված են որոշակի խնդիրներ կապված Ռուսաստանի վարքագծի հետ, բայց այդ հարցերը մենք բարձրացնելու ենք՝ դրանք բարեկամաբար լուծելու մեր երկրի համար օգուտներ ապահովելու, այլ ոչ թե արհեստական հակադրություն ստեղծելու և թշնամանալու նպատակով։ Մենք պետք է շահերի համադրում իրականացնենք արտաքին քաղաքական ոլորտում և փոխշահավետ հարաբերություններ հաստատենք բոլորի հետ, պետք է խորացնել հայ-վրացական հարաբերությունները, ԱՄՆ-ի և Եվրամիության հետ գործընկերային կապերի զարգացումը նույնպես բխում է մեր շահերից»։

Բանախոսն ընդգծեց՝ պետք է ակտիվ բանակցել դեպի ԵՄ՝ Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանելու նպատակով․ «Ութ տարի այս իբր արևմտամետ իշխանությունը մեկ մետր անգամ չի մոտեցել այս խնդրի լուծմանը։ Հենց սրա համար է, որ մենք ասում ենք, որ այն ձևակերպումները, թե սա արևմտամետ է, նա ռուսամետ է, դատարկություն են։ Չինաստանի, Հնդկաստանի, արաբական երկրների հետ կապերի զարգացումը հսկայական տնտեսական օգուտներ կարող է բերել։ Ինչո՞վ ենք մենք պակաս Վրաստանից, որն այդ երկրներից միլիարդավոր ներդրումներ է ստանում»։

Հայ-թուրքական հարաբերությունները, Անդրանիկ Թևանյանի փոխանցմամբ, պետք է լինեն առանց նախապայմանների․ «Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերություններին, ապա մենք կողմ ենք խաղաղ կարգավորմանը, և այս առումով մեր դիրքորոշումը հետևյալն է․ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծում և սահմանազատում իրականացվի ողջամիտ ժամկետներում՝ կոնկրետ քարտեզով և իրավական հիմքով։

Ռազմագերիների անվերապահ վերադարձ, որպես վստահության ձևավորման ու խաղաղ գործընթացին նպաստող կարևորագույն հարց։ Արցախցիների վերադարձի իրավունքի ապահովում՝ միջազգային անվտանգության երաշխիքների և միջազգային գործընկերների մասնակցության ներքո, հայ-ադրբեջանական հարաբերություններում միջնորդ-երաշխավորների ինստիտուտի ներմուծում։ Հայաստանի ներքին որոշումները չեն կարող կայացվել ադրբեջանական ճնշման ներքո, այդ թվում սահմանադրական փոփոխությունների մասով։

Նա, ով չի ափսոսում Արցախի կորստի համար, սիրտ ու հոգի չունի և մեծ հաշվով հայ չէ, բայց նա, ով հայտարարում է, որ իշխանափոխությունից հետո, վաղը անմիջապես վերադարձնելու է Արցախը, նա կամ խելք չունի, կամ արկածախնդիր է»։

«Առաջարկ Հայաստանի» տնտեսական դրույթներն են՝ հինգ տարում ՀՆԱ-ի կրկնապատկում, 10 մարզերում հարկերից ազատված 10 արդյունաբերական գոտիների ստեղծում, առաջիկա երկու տարիների ընթացքում նվազագույն աշխատավարձը փուլային տարբերակով դարձնել 150 000 դրամ, տարեկան մինչև 60 միլիոն դրամ շրջանառության ունեցող միկրոբիզնեսի ներկայացուցիչների հարկային բեռից ազատում՝ այսինքն՝ 0% հարկ միկրոբիզնեսի համար, իսկ տարեկան 60-ից մինչև 180 միլիոն դրամ շրջանառություն ունեցող փոքր բիզնեսի համար սահմանել մեկ տոկոս շրջանառության հարկ, գույքահարկի չափի կրճատում։

«Աղքատության հաղթահարումը մեզ համար պատվի հարց է։ Առաջարկում ենք ամսական կենսաթոշակի նվազագույն չափը 2027 թվականից փուլային տարբերակով դարձնել 100 000 դրամ և յուրաքանչյուր տարի թոշակների չափն ավելացնել նախորդ տարվա ինֆլյացիայի չափով։ Պետական ու համայնքային պատկանելության բոլոր կրթօջախները՝ մանկապարտեզից մինչև բուհեր, պետք է լինեն անվճար»,- ասաց Անդրանիկ Թևանյանը՝ ՀՀ քաղաքացիներին առաջարկելով՝ հունիսի 7–ին անպայման գնալ ընտրատեղամաս և նպաստել իշխանափոխությանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930