«Մայր Հայաստան» կուսակցությունն այսօր ներկայացրեց իր նախընտրական 10 առաջարկները։ Խորհրդարանական ընտրություններին «Մայր Հայաստան»-ը մասնակցելու է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ միասին։
«Մեր 10 առաջարկների առաջին կետը կոչվում է երաշխավորված խաղաղություն։ Իշխանությունը, որը ներկայացնում է պարտության կուսակցությունը, բոլորիս մեղադրում է, որ մենք պատերազմ ենք բերում։ Բայց իրականում պատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է, մենք ներկայացնում ենք խաղաղության կուսակցությունը։ Պատերազմի ագռավները հագել են խաղաղության աղավնու հագուկապը եւ խաբում են ժողովրդին։ Այս առումով փաստորեն Ալիեւն ավելի անկեղծ է եւ չի խաբում, որ որեւէ խաղաղություն չկա Հայաստանի հետ, կան ընդամենը միակողմանի զիջումներ։ Օրվա իշխանությունը Հայաստանը դարձրել է դոշի «բռոշկա» եւ «ուրախ ավտոբուսով» շրջում է մարզերով ու խաբում ժողովրդին, թե իբր խաղաղություն է բերել։ Բայց Ալիեւը պայթեցրեց այդ «ուրախ ավտոբուսը» եւ ցույց տվեց, որ իրական ու երաշխավորված խաղաղություն չկա։ Մեր պատկերացրած երաշխավորված խաղաղությունն ինստիտուցիոնալ բնույթ ունի։ Մենք ասում ենք, որ ոչ թե խաղաղությունն է անվտանգության երաշխիքը, այլ ճիշտ հակառակը՝ անվտանգային համակարգ ապահովելով է հնարավոր հասնել խաղաղության»,- ասաց «Մայր Հայաստանի» առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը։
Նա նշեց, որ իրենց պատկերացրած երաշխավորված խաղաղությունն ունի հետեւյալ բաղադրիչները։ Առաջինը՝ հայկական բանակի վերականգնումն է, մեր անվտանգության թիվ մեկ երաշխավորը բանակն է, որը պետք է ձգտի դեպի պրոֆեսիոնալիզմի։ Թեւանյանի խոսքով՝ իշխանափոխությունից հետո Հայաստանի բանակը կհամալրվի ժամանակակից զինանոցով, կզարգացվի տեղական ռազմարդյունաբերությունը։ Բանակի սպայական կազմը պետք է համալրվի բարձրակարգ կադրերով։
Արցախի հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշմանն անդրադառնալով՝ Թեւանյանն ասաց․ «Մենք գտնում ենք, որ նա, ում սիրտը չի ցավում Արցախի կորստի համար, սիրտ ու հոգի չունի եւ մեծ հաշվով հայ չէ։ Բայց նա, ով ասում է, որ իշխանափոխությունից հետո անմիջապես հետ կբերենք Արցախը, նա խելք չունի կամ արկածախնդիր է։ Արցախի հետ կապված մենք մեր դիրքորոշումը հետեւյալ կերպ ենք հայտնում՝ Արցախի թեման փակված չէ, քանի որ կան էթնիկ զտման ենթարկվածներ։ Մենք գտնում ենք, որ արցախահայության վերադարձի իրավունքը պետք է դրվի Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում։ Եվ դրա հետ կապված միջազգային բոլոր խոշոր խաղացողները որեւէ խնդիր չունեն։ Բացի Հայաստանի իշխանությունից ու Ալիեւից, ոչ մի միջազգային կենտրոն որեւէ խնդիր չեն տեսնում արցախահայության վերադարձի իրավունքի պաշտպանության հետ կապված։ Եվ այդ հարցը հայտնվելու է մեր օրակարգում։ Արցախահայության սոցիալական եւ միջազգայնորեն պաշտպանված այլ իրավունքները պետք է նորից հայտնվեն մեր օրակարգում, ինչպես աշխարհում ընդունված է»։
Կարդացեք նաև
Թեւանյանն ասաց, որ իրենց պատկերացմամբ՝ անվտանգության կարեւոր բաղադրիչը դաշնակցային հարաբերությունների վերականգնումն է։ «Առաջին հերթին պետք է վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, այն դարձնելով վստահելի։ Լիարժեքորեն պետք է վերականգնենք Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին»,- ասաց նա՝ հավելելով, Իրանի հետ նույնպես կապերը պետք է խորացնել։
«Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում մեզ միջնորդ երաշխավոր է պետք, եւ այդ միջնորդ երաշխավորի պարագայում մենք տեսնում ենք հնարավորություն, որ 5 տարվա ընթացքում կարող ենք ամբողջականացնել Ադրբեջանի հետ սահմանագծումը եւ սահմանազատումը։ Իսկ այդ միջնորդի դերում մենք առաջին հերթին տեսնում ենք Ռուսաստանին, որի քարտեզներով կարող ենք նաեւ իրականացնել սահմանագծումն ու սահմանազատումը եւ որի միջնորդությամբ ու երաշխավորությամբ հնարավոր է բարձրացնել անվտանգային մակարդակը, հակառակ պարագայում ստացվում է, որ Ալիեւն է մեզ երաշխիք տալու»,- հայտարարեց Թեւանյանը։
Ըստ նրա՝ բացի արցախցիների վերադարձի իրավունքից, հայ-ադրբեջանական հարաբերություններում պետք է դրվի նաեւ հայ գերիների վերադարձի հարցը։ Գերիների հարցն այն ինդիկատորն է, որը ցույց է տալու՝ Ադրբեջանն անկե՞ղծ է խաղաղության հասնելու ձգտման մեջ, թե՞ ոչ։
Հայ-թուրքական հարաբերություններում, Թեւանյանի խոսքով, Հայաստանի գլխավոր խնդիրը պետք է լինի առավելագույնս տարանջատելու այդ հարաբերությունները հայ-ադրբեջանական հարաբերություններից։ Նա նշեց, որ իրենք կողմ են, որպեսզի կոմունիկացիաները ապաշրջափակվեն, Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, բայց առանց նախապայմանների եւ փոխկապակցվածության։
«Մայր Հայաստանի» երկրորդ առաջարկը «Հավասարակշռված դիվանագիտություն է» կոչվում։ «Օրվա իշխանությունները «էստի համեցեք»-ի տարբերակով Հայաստանը դարձրել են բախումների թատերաբեմ, մենք դրան դեմ ենք եւ առաջարկում ենք հետեւյալ մոտեցումները՝ խորացնել Հայաստան-Վրաստան հարաբերությունները՝ բարեկամականից բարձրացնելով ռազմավարականի մակարդակի։ Հայաստանը հավատարիմ է մնալու ԱՄՆ հետ ձեռքբերված բոլոր համաձայնություններին՝ փոխլրացնելով դրանք եւ առավելագույնս պաշտպանելով հայկական շահը։ ԹՐԻՓՓ ծրագիրը կարող է կյանքի կոչվել մեր երկրի անկախության, իրավազորության եւ Ադրբեջանի հետ փոխադարձության սկզբունքով, այլ ոչ այնպես, ինչպես հիմա է։ Եվրամիությունում մեզ չեն սպասում, բայց Եվրամիությունը մեր գործընկերն է, բարեկամն է, եւ CEPA -ի շրջանակներում մենք պատրաստ ենք զարգացնել ԵՄ հետ հարաբերությունները»,- ասաց նա։
Երրորդ ուղղությունը տնտեսության աճին է վերաբերում։ Անդրանիկ Թեւանյանը նշեց․ «Այն տնտեսական մոտեցումները, որոնք մենք առաջարկում ենք ներդնել, մեզ հնարավորություն են տալու հաջորդ հնգամյակում՝ արդեն 2031 թվականի ավարտին ունենալ 75 մլրդ դոլարի ՀՆԱ»։
Հաջորդ առաջարկը վերնագրել են «Հարկային դրախտավայր»։ Անդրանիկ Թեւանյանի խոսքով՝ առաջարկում են մինչեւ 60 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող միկրոբիզնեսին ազատել հարկերից, տարեկան 60-80 մլն դրամ շրջանառության համար՝ 1 տոկոս հարկ վճարել։ Առաջարկում են նաեւ ԱԱՀ-ն ներկայիս 20 տոկոսի դիմաց սահմանել 17 տոկոս, իսկ շահութահարկը սահմանել 14 տոկոս։
Հինգերորդ առաջարկը վերաբերում է արժանապատիվ թոշակներին։ «2027 թվականից փուլային տարբերակով առաջարկում ենք հետեւյալը՝ նվազագույն թոշակի չափ սահմանել 100 հազար դրամը եւ յուրաքանչյուր հաջորդ տարի նախորդ տարվա ինֆլյացիայի չափով ինդեքսավորել, այսինքն՝ բարձրացնել թոշակը»,- ասաց նա։
«Մայր Հայաստանի» վեցերորդ առաջարկը վերաբերում է մատչելի եւ անվճար կրթությանը։ Անդրանիկ Թեւանյանն ասաց, որ 2028 թվականից պետական դպրոցներում, մանկապարտեզներում, բուհերում եւ քոլեջներում կրթությունը լինելու է անվճար։
Յոթերորդ առաջարկը «վարկային գերության եւ բանկային ռեկետի» բացառումն է։ «Քանի որ զանգվածային բնույթ է կրում մարդկանց՝ վարկերի ու տոկոսի տակ ճկռելը, մենք առաջարկում ենք մինչեւ 5 մլն դրամի չափ վարկային պարտավորությունների մասով առաջացած բոլոր տույժ-տուգանքները չեղարկել ԿԲ միջնորդությամբ եւ բանկերի հետ համաձայնությամբ»,- նշեց Անդրանիկ Թեւանյանը։
Ութերորդ կետը վերաբերում է սպորտի զարգացմանը։
Իններորդ կետը «Երեւան․ խելացի եւ մատչելի քաղաք» խորագիրն ունի։ Անդրանիկ Թեւանյանն ասաց, որ առաջարկում են ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնել Երեւանում՝ սկսած տրանսպորտի կառավարումից, վերջացրած այլ համակարգերի ներդրմամբ։ Օդի մաքրության եւ կանաչ գոտիների ավելացման, արժանապատիվ եւ մատչելի քաղաքային տրանսպորտի ապահովման ծրագրերը եւս առաջնահերթ են լինելու։ Առաջարկում են նաեւ կարմիր կետագծերի չեղարկում, գույքահարկի դրույքաչափի կրկնակի կրճատում։
Տասներորդ առաջարկը վերաբերում է մեգանախագծերի իրականացմանը։ Մասնավորապես, Անդրանիկ Թեւանյանն ասաց, որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում պետք է ձեւավորել ազատ առեւտրի կամ այսպես կոչված «օֆշորի գոտի»՝ ֆինանսական եւ ոսկու հաբ դարձնելու հեռանկարով։ «Գյումրիում նույնպես ստեղծվելու է ազատ տնտեսական գոտի, որը Հայաստանի տնտեսական զարգացման գլխավոր դրայվերներից մեկն է դառնալու։ Մենք տեսնում ենք նաեւ հնարավորություն՝ Էջմիածինը դարձնել հայկական Վատիկան, այսինքն՝ միջազգային տուրիստական կենտրոն»,- նշեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




















































