Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառայությունը կդարձնենք գրավիչ, գումարները չեն հոսի ՀՀ-ից դուրս կամ կոռուպցիոներների գրպանները»․ ՔՊ-ն դեմ քվեարկեց Հայկ Սարգսյանի նախագծին

Ապրիլ 14,2026 11:10 Share

ԱԺ նստաշրջանում ՔՊ խմբակցությունը դեմ քվեարկեց պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած՝ զինծառայությունից գումարով ազատվելու մասին նախագիծը  լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցին։

RA National Assembly session took place

Հայկ Սարգսյանն իր ելույթում ասաց․ «Այսօր մենք ունենք զորակոչի հետ կապված լրջագույն խնդիր՝ 2025 թվականին բանակ է զորակոչվել զորակոչի ենթակաների ընդամենը 35 տոկոսը։ Իսկ զինվորների թվի 30 տոկոսի չափով տղաներ հրաժարվել են Հայաստանի քաղաքացիությունից։ Ստացվում է անարդար եւ անհավասար իրավիճակ՝ բանակից խուսափողներն ավելի շատ են, քան ծառայողները»։

Նրա խոսքով՝ անարդարությունը շարունակվում է նաեւ ծառայությունից հետո, քանի որ ծառայողները հետագայում մասնակցում են նաեւ վարժական հավաքների, իսկ խուսափողները շարունակում են մնալ արտոնյալ կարգավիճակում։

RA National Assembly session took place

«Գործող օրենսդրությամբ ծառայությունից խուսափած եւ 27 տարին լրացած անձինք վճարում են 15 մլն դրամ։ Այսպես, նրանք որոշ չափով փակում են իրենց չծառայելու բացը։ Առաջարկում եմ նույն սկզբունքով քաղաքացիությունից հրաժարվողներից նույնպես պահանջել 15 մլն դրամ եւ բաշխել 10 զինվորների միջեւ՝ ամեն մեկին տրամադրելով 1,5 մլն դրամ։ Առաջարկում եմ նաեւ քաղաքացիությունից հրաժարվելուն այլընտրանք տալ՝ վճարել նույն 15 մլն դրամը եւ ծառայել 1 ամիս։ Վստահ եմ՝ այս դեպքում քաղաքացիությունից հրաժարվողների թիվը բազմապատիկ կնվազի, կունենանք հավելյալ մի քանի հազար զինվոր, իսկ 1,5 տարի ծառայողները կստանան 1,5-3 մլն դրամ։ Այս մեխանիզմը մեզ թույլ կտա առաջինը՝ Հայաստան վերադարձնել 18-26 տարեկան 4000-ից ավելի հետախուզվող տղաների, երկրորդ՝ ամեն տարի ծառայության կբերենք գումար ծախսելով բանակից խուսափող հազարավոր քաղաքացիների եւ երրորդ՝ ծառայությունը կդարձնենք գրավիչ եւ եկամտաբեր, գումարները կհոսեն ոչ թե Հայաստանից դուրս կամ կոռուպցիոներների գրպանները, այլ կտրամադրվեն ծառայող զինվորներին»,- ասաց Հայկ Սարգսյանը։

Ըստ նրա՝ օրենքի ընդունմամբ կշահեն բոլորը՝ եւ պետությունը, եւ բանակը, եւ զինվորը, կտուժեն միայն բանակից փողով մարդ ազատողները։

Մանրամասները՝ տեսանյութում

Կառավարություն այս նախագծին տվել է բացասական եզրակացություն։ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նախքան քվեարկությունը հայտարարեց, որ ՔՊ-ն դեմ է քվեարկելու նախագծին։ Նախագծին դեմ քվեարկեց 57, կողմ՝ 3 պատգամավոր։

Քվեարկությունից հետո Հայկ Սարգսյանն ասաց, որ չի ընկճվում, առաջիկայում քննարկումները շարունակվելու են կառավարության եւ Պաշտպանության նախարարության հետ։ «Եվ ես վստահ եմ, որ մեխանիզմներ կգտնվեն, որպեսզի ծառայողները չգտնվեն անարդար վիճակում, եւ լինեն հավասար պայմաններ բոլորի համար, ծառայությունից խուսափելը չլինի այդքան հեշտ»,- նշեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930