«Չնայած մեր քաղաքական մրցակիցն ու հակառակորդը շատ բացասական առումով հանճարեղ է, բայց պատմությունը նայեք, իմացեք՝ ինչքան ազդեցությունը մեծանա, այնքան մեծանալու է հակազդեցությունը»,- այսօր Հակակոռուպցիոն դատարանի շենքի բակում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի աջակիցներից Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Ըստ Ասլանյանի՝ անընդհատ մտածում ենք, թե մեր քաղաքական հակառակորդն այնքան է իջել, որ հասել է բացասական ամենաներքեւի նիշին, բայց հաջորդ պահին էլի տեսնում ենք, որ էլի իջնելու տեղ ունեն. «Նույնիսկ կանգ չեն առնում, կներեք, ծծկեր երեխայի մորը ժամեր շարունակ հարցաքննության մեջ պահելով: Երեխային կերակրելու հնարավորություն ստացել են երեկոյան 11-ին»:
Կարդացեք նաև
Ասլանյանից հետո խոսեց նաեւ երեկ ձերբակալված ու ժամեր անց` ուշ գիշերին ազատ արձակված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը. «Ես զգում էի բոլորիդ աջակցությունը, այս գործընթացը քաղաքական բնույթ է կրում: Ներկայացված մեղադրանքի բոլոր փաստարկներն անհիմն էին: Երբ երեկ դատարանից տուն գնացի, ուսումնասիրեցի լրատվամիջոցների իրարանցումը, երեւում է՝ իշխանականները խառնվել են իրար: Սա նշանակում է, որ մեր կողմից կազմակերպված հանրահավաքը շատ ծանր է իրենց վրա նստել, ու հասկացել են՝ մեր քաղաքական ուժն ինչ ուժեղ է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

















































