Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը, մեղմ ասած, ավելի շատ hարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս՝ հատկապես գործազրկությանն ու աղքատությանը վերաբերող արձանագրումների մասով։
Զեկույցի 23-րդ էջում գործազրկության մասին գրված է. «Գործազրկության մակարդակը 2025 թվականի 3-րդ եռամսյակի տվյալներով կազմել է 11,8%՝ 2024 թվականի նույն եռամսյակի 13,3%-ի և 2017 թվականի 16,4 %-ի համեմատ»: Սակայն այստեղ ներկայացված չէ ամբողջական պատկերը: Խոսքը եռամսյակային ցուցանիշի մասին է: 2025թ. տարեկան տվյալները դեռևս չեն հրապարակվել։ Իսկ վերջին հասանելի տարեկան ցուցանիշը վերաբերում է 2024թ.-ին, երբ գործազրկության մակարդակը կազմել է 13.4%՝ 2023թ. ցուցանիշից 1.0 տոկոսային կետով ավելի, այսինքն՝ այն փոխանակ նվազելու, աճել է։ Ստացվում է, որ, չնայած արձանագրված տնտեսական աճին, 2024-ին գործազրկության մակարդակն ավելացել է։
Աղքատության մասով պատկերը ոչ պակաս խնդրահարույց է։ Զեկույցի 63-րդ էջում տեղ է գտել հետևյալ արձանագրումը. «Աղքատության մակարդակը շարունակել է նվազել՝ 2017 թվականի 25,7%-ից 2024 թվականին դառնալով 21,7%, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 1,4%–ից` 0,6%»։ Սակայն այստեղ շրջանցվել է ամենակարևորը՝ կառավարության 2021-2026թթ. ծրագրային թիրախների հետ համեմատությունը։ Մինչդեռ այդ ծրագրով նախատեսվում է մինչև 2026թ. կրկնակի կրճատել աղքատության մակարդակը (էջ 21), իսկ ծայրահեղ աղքատությունը՝ ամբողջապես վերացնել (էջ 67)։
Թվային ցուցանիշները կողք-կողքի դնելիս՝ պատկերը դառնում է ավելի քան խոսուն։ Աղքատության մակարդակի կրկնակի կրճատումը նշանակում է, որ այն 2020թ.-ի 27%-ից պետք է նվազի մինչև 13.5%։ Բայց 2024թ.-ին գրանցված 21.7% աղքատության մակարդակը և, ընդհանրապես, անցած չորս տարիների դինամիկան հաշվի առնելով՝ նույնիսկ ծայրահեղ լավատեսական գնահատականներով անլուրջ է կտրուկ շրջադարձ ակնկալելը։
Կարդացեք նաև
Ծայրահեղ աղքատության պարագայում իրավիճակն առավել մտահոգիչ է։ Անցած չորս տարվա ընթացքում այն նվազել է ընդամենը 0.1 տոկոսային կետով՝ 2020-ի 0.7%-ից 2024-ին հասնելով 0.6%-ի։
Արմինե ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։


















































