Մեկնաբանելով իր կուսակից պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի՝ ընդդիմության միասնական հանրահավաք անցկացնելու առաջարկի իմաստը եւ թե այն ինչ օրակարգով պետք է անցկացվի, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը լրատվամիջոցներին ասաց. «Ընդդիմությունը անկախ ամեն ինչից մի պարզ տրամաբանություն պետք է ընդունի։ Այսօր ոչ ոք առանձնաբար չի կարող հաջողել այս ընտրություններում։ 50 տոկոսից ավել ոչ ոք չունի։ Բայց միասնական ընդդիմությունը, այո, կարող է ունենալ ավելին, քան այսօրվա գործող իշխանությունները։ Եվ սա նշանակում է, որ պետք է առաջին հերթին հասնել մասնակցության տոկոսի բարձր մակարդակի։ Դա է տեղի ունենում բոլոր տեղերում։ Տեսնում եք, որտեղ որ իշխանությունը պարտվում է, պարտվում է, որովհետեւ մասնակցության բարձր տոկոս է գրանցվել։ Հունգարիան ձեզ օրինակ։
Այսինքն, եթե այստեղ էլ, ինչպես Հունգարիայում եղավ, 60 տոկոս մասնակցություն ունենանք, այս իշխանությունը վերընտրվելու տարբերակ չունի։ Բացառված է։ Խոսքն ընդդիմության մեծ շանս ունենալու մասին է։ Ընդդիմությունը պետք է աշխատի ընդհանուր ընդդիմության ձայները մեծացնելու ուղղությամբ։ Թե այդտեղ ով ինչ տոկոս կունենա, ինձ այդքան հետաքրքիր չէ։ Կարեւորը, որ բոլորը միասին ունենան ավելի շատ մանդատ, քան այսօրվա գործող իշխանությունը։ Դա հնարավոր է անել ջանքերը համադրելով։
Երկրորդ խնդիրը։ Այսօր ընտրական գործընթացներն ամբողջությամբ վերահսկելու հարց գոյություն ունի։ 2000-ից ավելի տեղամաս կա եւ այդ տեղամասերում պետք է ամբողջական վերահսկողություն իրականացնել։ Ոչ մի քաղաքական ուժ դա ամբողջական ծածկելու հնարավորություն չունի։ Ընդդիմությունը այսօր հնարավորություն ունի ամեն տեղամասում չորս հոգի ունենալ։ Միայն դա նշակում է 8000 մարդ։ Եթե դրան գումարենք անհրաժեշտ քանակ, որ պետք է աշխատի շտաբային կարգավիճակում, 15-20 հազար մարդ է անհրաժեշտ մոբիլիզացնել, որպեսզի այս ընտրությունները վերահսկվեն։ Իսկ վերահսկել անհրաժեշտ է, որովհետեւ այս իշխանություններն իրենց իշխանությունը պահելու համար ամեն ինչի գնալու են՝ կեղծիքներ էլ կանեն, ամեն ինչ էլ կանեն։ Ես չեմ կասկածում, որովհետեւ իրենց համար կյանքի-մահու հարց է։ Այսօր փաթեթներով գործեր են սպասվում այս իշխանություններին դատարաններում այս հարցերը հետապնդելու համար։ Իրենք շատ լավ գիտեն դրա մասին»։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































