Լրագրողները ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցին, թե ընդդիմությունն ի՞նչ քաղաքականության մեջ է եւ ինչո՞ւ հարց ու պատասխանին իրենք չեն մասնակցում։ Երեկ էլ Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե ըստ էության «վեշերը արդեն հավաքել-գնացել են»։
«Այդ խոսքի մեջ դուք չեք տեսնո՞ւմ աննորմալություն։ Մենք ունեցե՞լ ենք երբեւէ մի վարչապետ, որ այսքան փողոցային բառապաշարով ընդհանրապես խոսի։ Այդ փողոցային բառապաշարը անընդհատ գալ՝ լսելը… իրեն հարգող մարդը այս փողոցային միջավայրում չի ուզում գտնվել։ Ինչքա՞ն կարելի է, հինգ տարի է՝ զզվել ենք»,-պատասխանեց պատգամավորը։
Հարցին, թե եթե ընդդիմությանը չհաջողվի նորից իշխանության գալ եւ Նիկոլ Փաշինյանը մնա, նորից գալու են որպես Նիկոլ Փաշինյանի ընդդիմություն եւ չորս տարի հետո նորից ասելու են՝ զզվեցի՞նք, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ժամանակը կգա, կխոսենք։ Եթե այս իշխանությունները իսկապես հաջողեն, մենք կունենանք ոչ թե խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորված Ազգային ժողով, այլ միլլի մեջլիս։ Եթե իսկապես որոշում են, որ սա միլլի մեջլիս է, ընտրություններից հետո թող որոշեն՝ աշխատել իմաստ ունի՞, թե՞ չունի»։
Արմեն Ռուստամյանը նաեւ մեկնաբանեց, թե ինչու ընտրացուցակում իր անունը չկա։ «Պատճառն այն է, որ ես կուսակցության ներկայացուցիչն եմ։ Կուսակցության ներկայացուցիչն այնքան ծանրաբեռնվածություն ունի, որ արդեն ես դժվարանում եմ համատեղել։ Մեր կուսակցությունը հո սովորական կուսակցություն չէ։ Համաշխարհային կառույց ունենք, 30-ից ավելի երկրներում՝ ներկայություն։ Իսկ բյուրոյի ներկայացուցիչը ըստ էության այդ ամբողջ կառույցի ղեկավարումը պետք է համակարգի»։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































