Հայաստանցի մեկնաբանները միանգամայն արդարացիորեն նշում են, որ Ադրբեջանում քաղաքացիական հասարակություն չկա: Իսկապես, քաղաքացիների կամավոր միավորումներ, որոնք սահմանում են մարդկանց մեջ հորիզոնական կապեր, որոնք գործում են իրենց կանոնադրությունների շրջանակներում եւ ենթակա չեն, հաշվետու չեն իշխանություններին, Ադրբեջանում իսկապես չկան: Ռուսաստանում, Բելառուսում եւ բազմաթիվ այլ երկրներում նույնպես չկան:
Իսկ Հայաստանում կա՞ն: Կտրուկ դատողություններ չանելու համար նշենք, որ մինչեւ 2018 թվականը դրանց սաղմերը տարբեր ոլորտներում դրսեւորվում էին: Թե՛ խորհրդային շրջանից մնացած կազմակերպումները, թե՛ նորաստեղծ հ/կ-ները դրսեւորում էին հարաբերական ինքնուրույնություն:
Իշխանափոխությունից հետո աստիճանաբար պարզվեց, որ «նոր հ/կ-ների» գրանտատուները Փաշինյանի ջերմ երկրպագուներն են, այդ գրանտատուներն իրենց որոշումները այսպես թե այնպես համաձայնեցնում են ՀՀ կառավարության հետ, եւ այդպիսով այդ հ/՛կ-ների ինքնուրույնությունը եւ, հետեւաբար, առաքելությունը հարցականի տակ է հայտնվել, քանի որ այդ կազմակերպությունները միջնորդավորված ձեւով վերահսկվում են իշխանության կողմից:
Դրա մասին շատ է գրվել, բայց, պատկերացրեք, դա ամենամեծ ողբերգությունը չէ: Փաշինյանի, որպես մանր բռնապետի, մտասեւեռումն այն է, որ նա պետք է վերահսկի ամեն ինչ՝ սկսած Հայ առաքելական եկեղեցուց: Մասնավորապես, պետք է պաշտոնանկ անի Ամենայն հայոց կաթողիկոսին, որոշի, թե ով պետք է լինի թեմի առաջնորդ, ում կարելի է կարգալույծ անել, ում՝ ոչ: Ի դեպ, վերոհիշյալ գրանտատուները, որոնք «արժեքահեն» (value based) համագործակցություն են ծավալել ՀՀ կառավարության հետ, ինչպե՞ս են դրան նայում իրենց value-ների տեսանկյունից:
Կարդացեք նաև
Հիմա հերթը հասել է Օլիմպիական կոմիտեին՝ զուտ այն պատճառով, որ դրա նախագահն ընտրություններում ՔՊ-ի հետ մրցակցող ընդդիմադիր կուսակցության ղեկավարն է: Հիշեցնեմ, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր դրսեւորումներ է ունեցել նաեւ 2018 – ից առաջ: Բայց ոչ մեկի մտքով չէր անցնում «իրենով անել» Օլիմպիական կոմիտեն: Անկախ Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեությունից՝ ոչ ոք, կարծում եմ, չի հերքի, որ նա տասնամյակներ շարունակ նվիրումով ծառայել է հայկական սպորտին:
ՀԱՕԿ-ի բռնազավթմամբ Փաշինյանը, բնականաբար, չի սահմանափակվելու: Հերթի մեջ է, կարծում եմ, Գրողների միությունը: Ինչպես հայտնի է, Փաշինյանին ծառայող պոետներ կան:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Նկարը ստեղծված է արհեստական բանականության միջոցով


















































