Այսօր ավագանու նիստում քննարկվում էր Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով անվանափոխելու վերաբերյալ հարցը:
Հիշեցնենք, որ այս նախագիծը օրակարգ էր բերել «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Գրիգորյանը:
Նախագծի քննարկման ժամանակ «Հանրապետություն» խմբակցությունից Անի Խաչատրյանը քննադատեց փոփոխության առաջարկը, ասաց որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը եւ հիշեցրեց, որ այդ հարցը հանրային պատշաճ ու լայն քննարկման չի դրվել: Ըստ նրա՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակում էլ այդ նախագծին արձագանքել է ընդամենը 30 քաղաքացի, որից հինգը՝ բացասական:
Կարդացեք նաև
Խաչատրյանը քննադատեց ոչ միայն նախագիծը, այլ նախագիծ բերող ավագանու անդամին. «Արեւմտամետ խաղացող, բայց իրականում ռուսական օրակարգ սպասարկող Հայկ Գրիգորյանը իրեն սուպերարեւմտամետի տեղ դրած՝ իրական սուպերմամա Հայկոյի հետ է եկել քաղաքապետարան»:
«Հանրային ձայն » խմբակցությունից Վահան Ավագյանն էլ հիշեցրեց՝ ում սիրած կերպարն է Պապ թագավորը. «Եվ Գրիգորյան Հայկին ասեմ՝ պետք չի ՔՊ-ին հաճոյանալու համար նախագծեր բերես: Մենք դեմ ենք այս նախագծին, ուշացել ես»:
Ավագանու անդամները նախագծի հեղինակից նաեւ հետաքրքրվեցին՝ ինչու է կանգ առել Պապ թագավորի վրա, ի պատասխան Գրիգորյանն ասաց. «Օրինակ` քառակուսի կիլոմետրերով, եթե նայենք Տիգրան Մեծն ավելի շատ բաներ է գրավել, բայց Տիգրան Մեծը գրավել է խաղաղության ժամանակ ու վարել է արտաքին պատերազմը, երբ ամեն ինչ շատ բարենպաստ էր Հայաստանի համար: Եթե նայենք՝ ինչ անդունդից է Պապ թագավորը Հայաստանը վերականգնել, ինքը նույնիսկ Տիգրան Մեծից էլ ավելի մեծ բան է արել: Իմ կարծիքով՝ Պապ թագավորը մեր պատմության դասագրքերում ներկայացված է սխալ լույսի ներքո ու շատ կարճ, նպատակս է՝ այս միջոցառումը լինի նաեւ ինֆորմատիվ քայլ»:
Երբ քվեարկության դրվեց Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով անվանակոչելու նախագիծը, ավագանու անդամների մեծամասնությունը բոյկոտեց քվեարկությունը:
Արփինե ՍԻՆՄՈՆՅԱՆ




















































