Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղության համար ջանքեր գործադրող միջազգային հանրության նկատմամբ հարգալի՞ց է Փաշինյանի տարածած նարատիվը, թե՞ իր՝ չընտրվելու դեպքում կլինի պատերազմ․ Ալեն Բերսեի արձագանքը

Ապրիլ 21,2026 18:40 Share

«Այսօր Հայաստանում շատ լարված և ժողովրդավարական մարտահրավերներով լի ընտրական գործընթացում իշխող կուսակցությունը և նրա առաջնորդը տարածում են մի նարատիվ, որ եթե նրանք չհաղթեն առաջիկա ընտրություններում, կսկսվի նոր պատերազմ»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը։

Այնուհետև ԵԽ գլխավոր քարտուղարին հայ պատգամավորը հարցրեց․ «Որպես տարածաշրջանային գործընթացներով զբաղվող անձ՝ Ձեր կարծիքով՝ այսպիսի նարատիվի տարածումը որքանո՞վ է հարգալից միջազգային դերակատարների նկատմամբ, որոնք ջանքեր են գործադրում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար, մասնավորապես՝ վաշինգտոնյան համաձայնագրի հարցում, և ինչպե՞ս կարող է դա ազդել հայ հասարակության վստահության վրա միջազգային հանրության՝ խաղաղության նախաձեռնությունների նկատմամբ»։

Ալեն Բերսեն այս հարցին հստակ չպատասխանեց, այլ անդրադարձավ Հարավային Կովկասում իրավիճակին և ՀՀ-ում սպասվող ընտրություններին․ «Հարավային Կովկասն ունի իրական հնարավորություն և նաև պատասխանատվություն՝ շարժվելու դեպի տևական խաղաղություն և կայունություն։ Այս իրավիճակում և այս համատեքստում ցանկանում եմ նաև նշել Հայաստանի և Ադրբեջանի կողմից հարաբերությունների կարգավորման կարևորությունը, ինչը հատկապես կարևոր է ոչ միայն երկու երկրների, այլև տարածաշրջանային կայունության համար»։ Հարցը դիտարկելով ՀՀ խորհրդարանական առաջիկա ընտրությունների համատեքստում՝ ԵԽ գլխավոր քարտուղարը նշեց․

«Մենք լիովին գիտակցում ենք, որ շատ շուտով ընտրություններ են լինելու։ Կարծում եմ՝ սա կարևոր պահ է ժողովրդավարական հասարակության և ժողովրդավարական կյանքի համար, և նաև հումանիտար հարցերը՝ պատերազմի համատեքստում, հատկապես ընտրությունների պայմաններում, շարունակում են մնալ կարևոր։

Կարևոր բաղադրիչը վերաբերում է ամբողջ տարածաշրջանին և պատերազմի ու խաղաղության իրավիճակին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Հուսով ենք՝ հաջորդիվ կլինեն դրական քայլեր՝ այդ թվում՝ կալանավորված անձանց հարցով։ Սա ակնհայտորեն ազդեցություն ունի Հայաստանի բոլոր քաղաքական քննարկումների վրա․ դուք դա ինձանից լավ գիտեք։ Մյուս կարևոր բաղադրիչն այն է, թե ինչ կարող ենք անել, որպեսզի ապահովենք ազատ, արդար և պատշաճ ընտրություններ՝ ընդհանրապես բոլոր երկրներում։ Կտեսնենք՝ ինչ տեղի կունենա Հայաստանում, սակայն այս համատեքստում ուզում եմ նշել, որ մենք գրեթե ամենուր տեսնում ենք մանիպուլյացիայի, միջամտությունների և ապատեղեկատվության ռիսկեր, և սա վերաբերում է բոլոր երկրներին։ Սա հենց այն պատճառն է, թե ինչու ենք մենք աշխատում ապատեղեկատվության և ցանկացած միջամտության վերաբերյալ հնարավոր շրջանակային կոնվենցիայի վրա»։

ԵԽ գլխավոր քարտուղարն այս առիթով նաև հավելեց՝ պետք է միասին աշխատենք գործիքակազմի վրա՝ հասկանալու, թե ինչ կարող են և ինչ չեն կարող օգտագործել կառավարությունները՝ ժողովրդավարությունը պաշտպանելու համար։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930