«Ժողովրդավարական նորմերը բացահայտորեն և առանց ամոթի ենթարկվում են մարտահրավերների, իսկ մարդու իրավունքներն այլևս չեն դիտարկվում որպես համընդհանուր, այլ՝ որպես ընտրովի։ Սա պետք է մտահոգի մեզնից յուրաքանչյուրին ոչ միայն որպես քաղաքական գործիչների, այլ որպես մարդկանց»,- Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի բացման ելույթում հայտարարեց ԵԽԽՎ նախագահ Պետրա Բայերը։
Նա կոչ արեց խորհրդարանականներին ցուցաբերել վճռական և սկզբունքային առաջնորդություն՝ միջազգային ասպարեզում առկա ճգնաժամերի շղթայի պայմաններում։
Դատապարտելով ՌԴ-ի պատերազմն ընդդեմ Ուկրաինայի՝ ԵԽԽՎ նախագահը նաև անդրադարձավ Իրանում պատերազմին․ «Իրանում պատերազմը նույնպես զարգանում և սրվում է։ Տարածաշրջանը, որն արդեն իսկ փխրուն է, ավելի է մասնատվում։ Եվ դրա հետևանքները չեն մնում միայն այնտեղ։ Դրանք հասնում են մեր անվտանգությանը, մեր տնտեսություններին, մեր էներգամատակարարմանը, որոշ երկրների պարենային անվտանգությանը և մեր հասարակությունների համախմբվածությանը։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ ընտրովի ուշադրություն։ Մեր լռությունը նույնպես ընտրություն է։ Մենք նաև կանգնած ենք այնպիսի որոշումների առաջ, որոնք հարվածում են մեր էության հիմքերին։ Իսրայելի Քնեսեթի կողմից մահապատժի կիրառման ընդլայնման փորձը՝ խտրական կերպով, այն խորհրդարանի, որն ունի դիտորդի կարգավիճակ այս վեհաժողովում, հենց այդպիսի դրսևորում է։ Մահապատժի վերացումը տեխնիկական կամ իրավական դիրքորոշում չէ։ Դա քաղաքակրթական ընտրություն է»։
Կարդացեք նաև
Նա հայտնեց, որ ԵԽԽՎ համապատասխան մարմիններն ուսումնասիրում են այս հարցը։
Ապրիլի 20-24-ն անցկացվող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում Վեհաժողովը կհյուրընկալի Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության նախագահ Դենիս Բեչիրովիչին և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյին։
Ընթացիկ հարցերի շրջանակում կանցկացվեն քննարկումներ՝ «Միջազգային իրավունքի, խաղաղության և կայունության պահպանման անհրաժեշտությունը Մերձավոր Արևելքի ավելի լայն տարածաշրջանում» թեմայով, ինչպես նաև «Պատասխանատվություն և արդարություն․ կոչ՝ ակտիվացնելու ջանքերը Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության համար հատուկ տրիբունալի ստեղծման ուղղությամբ» թեմայով։
ԵԽԽՎ օրակարգում Հայաստանի վերաբերյալ հարց ընդգրկված չէ։ Վեհաժողովը կքննարկի քաղաքական գործիչների նկատմամբ բռնության և ատելության խոսքի թեման, Եվրոպայում կրոնի և համոզմունքների ազատության պաշտպանությունը, մահապատժի վերացման հարցերը։ Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միխայ Պոպշոյը կներկայացնի Նախարարների կոմիտեի աշխատանքը, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՚Ֆլահերթը՝ 2025 թվականի տարեկան զեկույցը։
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ հարցուպատասխանի ընթացքում պատվիրակները մտահոգություն հայտնեցին Մերձավոր Արևելքում տեղի ունեցողի հետ կապված։ Անդրադառնալով Հարավային Լիբանանում՝ խաղաղապահ առաքելություն իրականացնելիս դարանակալման ժամանակ վիրավորում ստացած երեք ֆրանսիացի զինվորներին և հարգանքի տուրք մատուցելով զոհված սերժանտ Ֆլորիան Մոնտորիոյին՝ նա ասաց․ «Մենք պահանջում ենք, որ այս հարձակման համար պատասխանատուները, որը ռազմական հանցագործություն է, ձերբակալվեն, և արդարադատություն իրականացվի։ Մենք երբեք չենք ողջունել Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սկսված պատերազմը և ոչ էլ մասնակցել ենք դրան՝ հաշվի առնելով, որ դրա նպատակները շեղվում են միջազգային իրավունքից։ Սակայն Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն և կայունություն, քանի դեռ իրանական ռեժիմը չի որոշել արմատապես փոխել իր դիրքորոշումը և կատարել խոշոր զիջումներ, որոնք թույլ կտան Իրանին ապրել, խաղաղ գոյակցել իր տարածաշրջանային միջավայրի հետ և թույլ տալ իրանցի ժողովրդին ազատորեն կառուցել իր ապագան»։
Այս համատեքստում Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը հայտարարեց՝ եվրոպական քաղաքական հանրությունը կհանդիպի մայիսի 5-ին Երևանում կազմակերպվելիք ֆորումի ժամանակ․ «Այն դարձել է մի ֆորում, որը տարին երկու անգամ հնարավորություն է տալիս մեր մայրցամաքի պետությունների և կառավարությունների ղեկավարներին քննարկել հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ մայրցամաքը ընդգրկող անվտանգության հարցեր։ Խորհրդի և այս Եվրոպական քաղաքական համայնքի միջև պետք է երկխոսություն ծավալվի և զարգանա»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




















































