Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոնվենցիայի երաշխիքները վերաբերում են Ադրբեջանում բանտարկված բոլոր անձանց՝ այդ թվում՝ հայ բանտարկյալներին, Ադրբեջանը պարտավորություններ ունի»․ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ

Ապրիլ 21,2026 20:20 Share

«Ադրբեջանը սահմանափակել է կարևոր միջազգային մարդասիրական կազմակերպությունների, մասնավորապես՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը, ինչի հետևանքով Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության հասանելիությունը դարձել է չափազանց սահմանափակ»,- Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ նախարար, ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ Միխայ Պոպշոյի հետ հարցուպատասխանի ժամանակ փաստեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը։

Նա փաստեց՝ Ադրբեջանը նաև անտեսում է միջազգային դատարանների որոշումները, այդ թվում՝ այս հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները։

Արմեն Գևորգյանը շեշտեց՝ չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանական պատվիրակությունը ներկա չէ Վեհաժողովում, միևնույն է, երկիրը շարունակում է կրել պարտավորություններ այս կազմակերպության նկատմամբ, և այս համատեքստում հարցրեց՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Նախարարների կոմիտեն՝ ապահովելու Ադրբեջանի գործողությունների համապատասխանությունը միջազգային մարդասիրական իրավունքին։

Անդրադառնալով ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը չվավերացնելու մասին ԵԽԽՎ որոշմանը՝ Միխայ Պոպշոյը նշեց․ «Սա ցավալի է, և ես հույս ունեմ, որ լուծում կգտնվի։ Ադրբեջանը կազմակերպության լիիրավ անդամ է, ունի նույն իրավունքները, ինչ ցանկացած այլ անդամ՝ միևնույն ժամանակ, իհարկե, ունենալով նույն պարտավորությունները՝ Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխանելու առումով։ Հետևաբար, Ադրբեջանի իրավասության տակ գտնվող բոլոր անձինք շարունակում են վայելել Եվրոպայի խորհրդի փաստաթղթերով և, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված պաշտպանությունը։ Կոնվենցիայով երաշխավորված երաշխիքները վերաբերում են երկրում բանտարկված բոլոր անձանց, այդ թվում՝ հայ բանտարկյալներին»։

Եզրափակելով խոսքը՝ ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը նշեց․ «Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր նշանակություն ունեն Եվրոպայի խորհրդի համար։ Ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ խաղաղության համաձայնագիրը վերջապես կվավերացվի, և, անշուշտ, այս շատ անհանգիստ ժամանակներում, երբ տեսնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, դա հուսադրող է»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930