Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի փեսան՝ «Ուժեղ Հայաստանի» ցուցակի 8-րդ համարում

Ապրիլ 21,2026 23:58 Share

Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը, որը կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր ամուսինն է, որպես պատգամավորի թեկնածու ընդգրկվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակում՝ զբաղեցնելով 8-րդ տեղը։

Այն, որ մեծ ընտրազանգված ունեցող Վարդան Ղուկասյանը սատարելու է միլիարդատեր բարերար Սամվել Կարապետյանին, նրա փեսան էլ ընդգրկվելու է ցուցակում, այս մասին Aravot.am-ը տեղեկացրել էր դեռ կես ամիս առաջ, այն ժամանակ Ավետիս Առաքելյանը պարզաբանել էր, թե ոչինչ հստակ չէ։

Նախընտրական ցուցակի 5-րդ տեղում Գյումրիում «Ուժեղ Հայաստանի» աշխատանքները համակարգող փաստաբան Ռուբեն Մխիթարյանն է, որին Վարդան Ղուկասյանի ձերբակալման օրը ևս ձերբակալել էին՝ իբրև զանգվածային անկարգություններին մասնակից դառնալու համար, սակայն լրատվամիջոցների տեսանյութերում հստակ երևում էր, որ նա փորձում էր հանդարտեցնել Վարդանանց հրապարակում ստեղծված իրավիճակը։ Իհարկե, նրան կարճ ժամանակ անց ազատ արձակեցին։

Ամենևին պատահական չէ, որ նա ևս ընդգրկվեց Վարդան Ղուկասյանի փաստաբանական խմբի մեջ՝ հակակոռուպցիոն դատարանում պաշտպանելով նրա շահերը։

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ու նրա թիմի կողմից Սամվել Կարապետյանին սատարելը, ինչպես նաև Գյումրու ավագանիում ընդդիմադիր երկրորդ ուժի՝ «Մեր քաղաքը» դաշինքի հիմնադիր, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի՝ Գագիկ Ծառուկյանին սատարելը արդեն իսկ լուրջ մտահոգության թեմա կարող է դառնալ իշխող ՔՊ-ի համար։

Միքայել Սրբազանի տնային կալանքը ևս նախընտրական շրջանում լուրջ մարտահրավեր է ՔՊ-ին․ ինչպես երևում է, շիրակցիների մեծ մասը ոչ մի կերպ չի համակերպվում այս մտքի հետ․ կիրակի օրվանից, երբ Գյումրու Վարդանանց հրապարակում Նիկոլ Փաշինյանի «Վարչաբենդն» էր ելույթ ունենում, նույն վայրում զուգահեռ ստորագրահավաք էր ընթանում՝ Միքայել Սրբազանին ազատ արձակելու ու ապօրինի քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով։

Նիկոլ Փաշինյանի այցը, համերգը, ինչպես նկատելի էր գյումրեցիների շրջանում անցկացվող հարցումներից, քչերին էր հետաքրքրում։ Համերգը գյումրեցիների մասնակցության առումով էլ աչքի չէր ընկնում։

Գուցե սա է պատճառը, որ վարչապետ Փաշինյանը վաղը նորից Գյումրի է գալու, այս անգամ ամենամեծ բնակելի թաղամաս՝ Անի, այստեղ գտնվող թիվ 41 հիմնական դպրոցի վերաբացմանը մասնակցելու, որը վերանորոգվել է պետական միջոցներով։

Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամներից ոմանք, սոցիալական էջերում դիմելով Անի թաղամասի բնակիչներին, տեղեկացրել են, որ վարչապետը կայցելի այս թաղամաս։

Թե ի՞նչ կփոխվի Նիկոլ Փաշինյանի այցով գյումրեցիներից շատերի տրամադրության մեջ, դժվար է ասել, բայց գոնե վարչապետը իր աչքով կտեսնի, թե ինչ խայտառակ վիճակում են Անի թաղամասի փողոցները՝ քարուքանդ, ցեխոտ, անանցանելի։ Մեծ թվով դպրոցներ, մանկապարտեզներ, Շիրակի պետական համալսարան ունեցող այս թաղամասի բնակիչները բոլոր իշխանությունների օրոք խոստումներ լսել են իրենց փողոցների վերանորոգման մասին, բայց դրանք սին, դատարկ են դուրս եկել, ու նրանց կյանքը նույնն է մնացել։ Այս առումով ևս վարչապետի այցը այս թաղամասի բնակիչներից շատերին դժվար թե առանձնապես ոգևորի։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930