«Այն մոդելները, որ ներկայացրել են խոշոր կուսակցությունները, բացի «Քաղաքացիական պայմանագրից», իրականում ծրագրեր չեն, այդտեղ կոնցեպտ չկա: Իրենք նշում են մի քանի թեզեր, որոնք որեւէ կերպով չեն հիմնավորվում, մանրամասներ չեն ներկայացվում, նաեւ դրանք իրար հակասող թեզեր են»,- Մեդիա կենտրոնում կայացած «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. ԱԺ նախընտրական շրջանում ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը» թեմայով քննարկման ժամանակ նշեց քաղաքագետ, «Հայկական խորհուրդ» մտակենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը:
«Հիմնական ընդդիմադիր եւ ակնհայտ պրոռուսական ուժերի կողմից ասվում է, որ պետք է ապահովվի Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձը, ասում են, որ TRIPP-ին անհրաժեշտ են լրացուցիչ երաշխավորներ: Անգամ ասում են, որ ընդհանրապես երաշխավորներ չկան, որեւէ ձեւով ամրագրված չէ՝ միջազգային համաձայնագրով, միջազգային կազմակերպության կողմից կամ որեւէ պետության կողմից երաշխիքներ տրված չեն, մենք պետք է հասնենք նրան, որ լինեն երաշխիքներ՝ կոնկրետ պետությունների կողմից:
Ընդ որում, իրենք երբեք սեւով սպիտակի վրա չեն գրում պետությունների անունները, բայց տարատեսակ քննարկումների, հարցազրույցների ժամանակ հնչում է Ռուսաստանի Դաշնություն, Իրան, երբեմն նաեւ Չինաստան: Նաեւ ասվում է, որ մենք պետք է ուժեղ դիրքերից հանդես գանք, բանակցությունները վարենք այլ մոդելով՝ առանց միակողմանի զիջումների: Ասում են, որ ընդհանուր առմամբ պետք է աշխատենք բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ եւ ապահովենք կայուն, իրական խաղաղություն: Բոլորը խոսում են այն մասին, որ պետք է բանակը հզորացնենք, նորագույն տեխնոլոգիաների միջոցով այնպես անենք, որ անխոցելի լինենք, օդը փակենք, դրոններ արտադրենք, որպեսզի մեր նկատմամբ որեւէ մեկը ոտնձգություն չանի: Սակայն, այս ամենից բացի, որեւէ հիմնավորում չի արվում»,-հավելեց Էդգար Վարդանյանը:
«Քանի որ ոչ բոլոր քաղաքական ուժերն են հրապարակել իրենց ծրագրերը եւ դրանցում առկա անվտանգային դրույթները, կկենտրոնանամ մի քանիսի անվտանգային թեզերի վրա: Հատկապես կցանկանայի «Ուժեղ Հայաստան» դաշինքի անվտանգային դրույթներին անդրադառնալ: Սովորաբար ընտրությունների ժամանակ շատ են լինում հեքիաթները, իրականությունից կտրված ներկայացումները:
Կարդացեք նաև
Ինձ համար ամենատարօրինակն այն է, որ այդ քաղաքական ուժն՝ ունենալով ահռելի ֆինանսական միջոցներ, մարդիկ, որոնց ներգրավել են տարբեր ոլորտներից, որպեսզի մրցունակ եւ կենսունակ ծրագիր ներկայացնեին՝ անվտանգության առումով այդ քաղաքական ուժի դրույթները շատ նեղ պրիզմայով են ներկայացված: Իրենք մեր հայտնի արցախցի հերոսին՝ Արթուր Ավանեսյանին ներկայացրել են որպես իրենց անվտանգային թիմի առաջնորդներից մեկը եւ նույնիսկ վերջերս ֆեյսբուքյան էջում հրապարակում էին կատարել, թե ում եք տեսնում ՀՀ անվտանգության պաշտպան՝ Նիկոլ Փաշինյանի՞ն, թե՞ Արթուր Ավանեսյանին: Սա անվտանգությունը շատ նեղ պրիզմայով դիտարկելու տեսանկյուն է, որովհետեւ անվտանգությունն առաջին հերթին սկսում է երկրի արտաքին քաղաքականությունից, դա միայն սահմանների պաշտպանությունն ու անվտանգությունը չէ, այլ երկրի արտաքին քաղաքականությունն այն է, թե ինչպես դու կհարաբերվես քո հարեւանների, տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների հետ: Այդտեղից է սկսում անվտանգությունը, հետո նոր սահմանը»,-ասաց Քաղաքագետ, իրանագետ Արմեն Վարդանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
Քննարկումն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի




















































