Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ բացառում գազի գնի թանկացումը, բայց դա Ռուսաստանի զինանոցում ամենավերջին փամփուշտն է»

Հոկտեմբեր 26,2026 12:30 Share
Աջակցեք aravot.am-ին

«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

«Իրականում տարբեր ոլորտներում և միջոցներով ճնշում է գործադրվում ՀՀ-ի վրա, որպեսզի կասեցնի ՀՀ-ի մերձեցումը Արևմուտքի հետ։ Սա ՌԴ-ի ձեռագիրն է, ՌԴ-ի կողմից արված քայլերն են»,- «Առավոտի» փաստմանը՝ մի՞թե ԵԱՏՄ անդամ երկրներն իրենք չգիտեն, որ ըստ ԵԱՏՄ ընթացակարգի՝ հնարավոր չէ երկրին դուրս բերել ԵԱՏՄ-ից, եթե դա նրա ցանկությամբ չէ և հարցին՝ հետևաբար ինչո՞ւ են ԵԱՏՄ-ի կողմից այսպիսի քայլեր արվում՝ մասնավորապես ԵԱՏՄ այն զեկույցը, որում նշվում է ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ից դուրս թողնելու հետևանքների մասին, այսպես պատասխանեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

Ըստ նրա՝ մի կողմից ընթացակարգ չկա, մյուս կողմից ԵԱՏՄ-ին էլ ձեռք չի տալիս Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը. «ՀՀ-ն ավելի շատ մուծում է ԵԱՏՄ գանձարան, քան ստանում, բացի դրանից, ԵԱՏՄ-ի որոշ երկրներ ՀՀ-ի միջոցով կարողանում են երրորդ երկրների հետ առևտուր անել. ՀՀ-ն միջնորդ ու տրանզիտ երկիր է»։

Փաստեցինք՝ մի կողմից ՀՀ տարբեր իշխանական օղակներ գազի գնի թանկացման հետ կապված մտահոգություններ ունեն. եթե ԵԱՏՄ-ից դուրս գալու հետ կապված մտավախությունները մեծ չեն, ապա գազի գնի թանկացման հետ կապված հակառակն է, մյուս կողմից էլ հույսը դնում են նրա վրա, որ ռուս պաշտոնյաները հայ ժողովրդին բարեկամ են համարում, ուստի այդ քայլին չեն գնա և հարցրինք՝ ի՞նչ եք կարծում՝ գազի գնի թանկացում կլինի՞, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Գազի գնի թանկացումը չեմ բացառում, դա ՌԴ-ի զինանոցում մնացած ամենավերջին և ամենաազդեցիկ լծակներից մեկն է։ Բայց նաև ՀՀ իշխանությունն իրեն շատ վստահ է զգում. կարծես թե այլևս ռուսական սպառնալիքներն այնքան էլ չեն ազդում այս իշխանության վրա, և նրանք էլ հայտարարում են, որ եթե  Ռուսաստանը գազը թանկացնի, իրենք էլ այլ համարժեք քայլեր կձեռնարկեն։ Հաշվի առնելով ՌԴ-ի վարած քաղաքականությունը՝ չեմ բացառում, որ գազի գինը կթանկանա։ Բայց չգիտեմ՝ որքան նպատակահարմար կլինի ՌԴ-ի կողմից օգտագործել այդ ամենավերջին փամփուշտը՝ մանավանդ, որ այս իրադարձությունները ցույց են տալիս, որ դա այլևս չի վախեցնում ՀՀ իշխանություններին»։

Մեր հակադարձմանը՝ ինչպե՞ս չի վախեցնում, եթե ՀՀ իշխանության ներկայացուցիչները նշում են, որ գազի գինը շատ լուրջ տոկոսներով ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա՝ անգամ մինչև 70 տոկոս թանկացումներ են սպասվում, քաղաքագետն արձագանքեց. «Ոչ մեկը չի կարող հակառակը պնդել. ՀՀ տնտեսությունը կտուժի գազի գնի թանկացումից, բայց ես կարծում եմ՝ ՀՀ իշխանություններն ինչ-ինչ տարբերակներ ունեն և իրենք էլ հայտարարում են, որ ունեն այլընտրանքային սցենարներ այն դեպքում, եթե ՌԴ-ն գազը թանկացնի»։

Հետաքրքրվեցինք՝ ՀՀ իշխանության հռետորաբանությունն ընդդեմ ՌԴ-ի նվազե՞լ է, այդպիսի տպավորություն ունե՞ք, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Ժամանակ առ ժամանակ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն՝ առավել ևս, փորձում են մեղմացնել իրավիճակը։ Դա նկատելի է։ Մի կողմից ակնհայտ է, որ շատ լուրջ և խորքային հակասություններ կան ՀՀ-ՌԴ հարաբերություններում՝ նաև Պուտին-Փաշինյան անձնական հարաբերություններում, բայց մյուս կողմից էլ ՀՀ-ի ղեկավարությունը հասկանում է, որ ամեն դեպքում դեռևս ՌԴ-ից ունեցած կախվածությունը մեծ է և փորձում են ժամանակ առ ժամանակ մեղմացնել իրավիճակը։ Այնպես չէ, որ ՀՀ-ն կուրս է վերցրել ամբողջությամբ խզել հարաբերությունները ՌԴ-ի հետ, կամ Վրաստանի նման կտրուկ հակառուսական քաղաքականություն վարել, պարզապես հիմա իրավիճակն այնպես է, որ ՀՀ իշխանությունը չի ուզում շատ սրել հարաբերությունները։ Մյուս կողմից էլ ինքը փորձում է դիվերսիֆիկացման քաղաքականություն վարել, որն այդքան էլ Ռուսաստանի սրտով չէ։ ՌԴ-ն ՀՀ-ին միշտ համարել է իր ազդեցության գոտի, նույնիսկ Հարավային Կովկասի բացառիկ ազդեցության գոտի է համարել, բնականաբար, ռուսական իշխանությունների սրտով չէ ՀՀ-ի մերձեցումը Արևմուտքի հետ։ Ամբողջ խնդիրը հենց սա է։ ՀՀ իշխանությունը չի պատրաստվում կասեցնել այդ մերձեցման ընթացքը, մյուս կոմից էլ գոնե հռետորաբանության մակարդակով փորձում է անել քայլեր, որ ՌԴ-ին այդքան էլ չգրգռի»։

Մեր այն փաստմանը՝ մամուլում որոշ հրապարակումներ եղան՝ որ հնարավոր է ԵՄ անդամակցության նախաձեռնությունը, որն ընդունվեց ԱԺ-ում, հետ կանչվի և հարցին՝ այդպիսի հավանականություն տեսնո՞ւմ եք. Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Նման ընթացակարգ չկա օրենքը կասեցնելու, բայց դրա իմաստն էլ չկա, չեմ կարծում, թե ՀՀ իշխանությունը կգնա դրան՝ մանավանդ, որ դա ավելի շատ նորմ-ցանկություն է, քան ռեալ գործողությունների ծրագիր։ Իրականում ՌԴ-ին գրգռում է ոչ թե այդ օրենքը, այլ ՀՀ կոնկրետ քայլերը Արևմուտքի հետ մերձեցման ուղղությամբ։ Օրենքը մեծ հաշվով ոչինչ չասող մի քանի նախադասությամբ օրենք է։ Ավելի կոնկրետ գործողություններ են գրգռում ՌԴ-ին, քան կոնկրետ օրենքը։ Այդ օրենքի՝ հետ կանչելու իմաստ չեմ տեսնում։ Չեմ կարծում՝ իշխանությունը կգնա դրան»։

Նկատեցինք՝ որոշ վերլուծություններ կան, որ Ուկրաինայում խաղաղության պայմանագիր ստորագրելու ուղղությամբ լուրջ տեղաշարժեր են տեղի ունենում և հարցին՝ այդ դեպքում ՌԴ-ի՝ ՀՀ-ին ուղղված քաղաքականությունը կփոխվի՞, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Այս պահին քիչ հավանական է նաև ՌԴ-Ուկրաինա հրադարարի պայմանագրի կնքումը, քանի որ ՌԴ-ն շատ կոշտ պայման է դրել, հրադադարի դիմաց պահանջում է ամբողջ Դոմբասը, ինչը Ուկրաինայի համար անընդունելի է։ Մյուս կողմից էլ տեսնում ենք, որ Թրամփն է շատ լուրջ ճնշումներ գործադրում Ուկրաինայի վրա, որ վերջինս գնա զիջումների, հրադադարի համաձայնագիր ստորագրի, այդ թվում նաև Թրամփը Ուկրաինաին առաջարկել է անվտանգության շատ ուժեղ երաշխիքներ ապագայում ՌԴ-ի կողմից հարձակման դեպքում։ Խոսքը ՆԱՏՕ-ի հինգերորդ հոդվածին համարժեք անվտանգության երաշխիքների մասին է։ Սա փոքր-ինչ հնարավորություն է ստեղծում, որ կարող է հրադադարի համաձայնագիր ստորագրվի, չնայած պնդում եմ, որ գնդակը Ռուսաստանի դաշտում է։ Ինչ վերաբերում է դրա ազդեցությանը ՀՀ-ի վրա, ապա եթե Ուկրաինայում հրադադարի համաձայնագիր ստորագրվի, խաղաղություն հաստատվի, Ռուսաստանն ավելի է մեծացնելու ուշադրությունը և ճնշումը ՀՀ-ի և Հարավային Կովկասի վրա։ Հիմա ՌԴ-ն իր ամբողջ ռեսուրսը դրել է Ուկրաինայի վրա, և այդ դեպքում, այո, այստեղ էլ ինչ-որ ճնշումներ կգործադրեն։ Այս պահին ՌԴ-ն կոշտ դիրքորոշում է որդեգրել՝ չնայած ակտիվ բանակցություններ կան նաև ՌԴ-ԱՄՆ մակարդակում։ Թրամփն ամեն գնով փորձում է խաղաղություն հաստատել, չնայած այնուամենայնիվ, նա կձախողի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Ամբողջ այս «քաղաքական քաշքշուկը» հենց գազի գինը բարձրացնելու համար է, ավելի ճիշտ՝ այդ բարձրացմանը Հայաստանից մեղավոր նշանակելու համար։

Պատասխանել