Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լսել է ԵԽԽՎ-ում ՔՊ-ական տիկնանց ելույթները. «Վերջերս սկսել եմ ուսումնասիրել հոգեբանություն, որում մի շերտ կա, երբ սերիալ մարդասպանները սկսում են իրենց կատարած դաժան, սերիալ սպանությունների մեջ մեղադրել զոհին եւ այնքան են ներքաշվում այդ թվացյալ խեղված իրականության մեջ, որ, իսկապես, իրենք վստահ են նրանում, որ իրենք սերիալ մարդասպան են, եւ մեղավոր են զոհերը, ոչ թե իրենք»,- ասում է նա։
Զոհրաբյանը հիշեցնում է, որ ՔՊ-ն է, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ատելության խոսքի քերթողահայրը․ «Մի քաղաքական ուժ, որը կնքահայրն ու կնքամայրն է, քավորը, նախապապը, նախատատը հայհոյանքի, ատելության խոսքի, հասարակությունը սեւ ու սպիտակի բաժանելու, 18 թվականից սկսած սեփական ընդդիմախոսների երեխաների հեռախոսահամարները բաժանելու իր սեկտայի անդամներին եւ գրոհի հրահանգներ տալու, օրիորդաց վարժարանի սաների այնպիսի անմեղությամբ էին խոսում ատելության խոսքի անթույլատրելիության մասին, որ հերթական անգամ հասկանում ես, որ սրանց բարոյական կոդեքսում երբեւէ ամոթ եզրույթը գոյություն չի ունեցել»։
Այսօր մեր հասարակության գլխավոր խնդիրներից մեկը, ըստ Զոհրաբյանի, փոխադարձ անհանդուրժողականությունն է, ատելությունը․ «Զավեշտն այն է, որ այս ատելության հիմնահայրերը, կերտողներն ու ճարտարապետները պադոշիզմի գերագույն աստիճանով խոսում են իրենց ընդդիմախոսների ատելության խոսքից։ Գիտեք, ես չգիտեմ, սա այն դեպքն է, երբ փորձում ես քո բառամթերքում գտնել բառեր, որ հնարավորինս չնմանվես իրենց, այն ռեժիմին, որ ատելության խոսքը դարձրեց նորմ, հայհոյանքը դարձրեց հարաբերությունների, շփման նորմ։ Չեմ էլ զարմանում այն եվրոպացիների վրա, ովքեր այս կարգի անհեթեթությունները լսում են, եւ իրենց մեջ չկա գեթ մեկ բանական արարած, որ սրանց ընդհատեր եւ ասեր՝ «ստոպ», այդ դուք չէի՞ք, որ հրահանգ էիք տալիս շրջափակել Ազգային ժողովը եւ հաշվեհարդար տեսնել այն մարդկանց հետ, ովքեր ընդամենը օրենքի նախագիծ էին ուզում ընդունել ձեզ համար, գուցե, անընդունելի։ Այդ դուք չէի՞ք, որ ձեր քաղաքական օպոնենտների հեռախոսահամարները բաժանում էիք եւ անգամ մատնացույց էիք անում՝ ով որտեղ է սովորում, եւ քսի հրահանգն էիք տալիս։ Դուք չէի՞ք, որ կոչ էիք անում՝ շրջափակել դատարանները, եւ դատավորը ստիպված էր լինում աշխատանքի գնալ պատուհանից ու ընկնել։ Դեռ 2019 թվականին ԱԺ ամբիոնից, երբ ատելության խոսքը դեռ օնլայն տիրույթում էր, ես ասացի, որ այս ատելությունն իջնելու է մեր կյանք՝ օֆլայն տիրույթ, եւ դառնալու է մեր պետությունը քանդող ամենահիմնական ողբերգություններից մեկը, ցավոք սրտի` իմ կանխատեսումն իրականություն դարձավ»։
Զոհրաբյանը վստահ է, որ ատելության, անեծքի խոսքի ճարտարապետները ենթարկվելու են բումերանգի կանոնին, երբ էլ դա լինի․ «Պարզապես կանայք գոնե պետք է ամոթ ունենային եւ այդպիսի հարթակներում չփորձեին իրենց իսկ ստեղծածը շարֆի նման փաթաթել այլոց վզին»։
Կարդացեք նաև
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ»-ում


















































