«Այն փաստը, որ ՀՀ-ն հյուրընկալում է Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովը, որ բոլորս այսօր այստեղ ենք, բավականին հստակ ցույց է տալիս ՀՀ-ի աշխարհաքաղաքական ուղղության ճանապարհը։ ՀՀ-ն և ԵՄ-ն միասին են այդ ճանապարհին»,- ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի արդյունքներով համատեղ մամուլի հայտարարության ընթացքում նշեց Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
Ըստ նրա՝ այսօր ԵՔՀ գագաթնաժողովը պատմական էր․ «Առաջին անգամ ԵՔՀ-ն հանդիպել է Հարավային Կովկասում։ Այսօր այս գագաթնաժողովին մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս գագաթնաժողովը կհիշվի՝ որպես խաղաղության գագաթնաժողով Հարավային Կովկասում, ինչին հանգեցրել են խիզախ քաղաքական որոշումներն ու անխոնջ դիվանագիտական ջանքերը։ Սա պատմական իրադարձություն է։
Այստեղ՝ հանդիպելով Հարավային Կովկասում, այդքան մոտ լինելով Մերձավոր Արևելքին՝ ևս մեկ անգամ հիշում ենք, որ պատերազմը Եվրոպայի հարևանությամբ ուղիղ ազդեցություն ունի մեր ընդհանուր անվտանգության, էներգետիկ մատակարարման և տնտեսության վրա։ Դա նշանակում է, որ Եվրոպան համակողմանիորեն պետք է աշխատի ՀՀ-ի հետ։ Հարատև խաղաղությունն ու կայունությունը խարսխված են դիմակայուն ժողովրդավարական կառուցակարգերում և ուժեղ տնտեսական կապերում հարևանների միջև»։
Կարդացեք նաև
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի արդյունքներով համատեղ մամուլի հայտարարությունը
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































