Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք որդեգրել ենք խաղաղության օրակարգը և այս օրակարգով առաջ ենք շարժվում»․ ՔՊ-ական պատգամավորը՝ Ալիեւի ելույթին չարձագանքելու մասին

Մայիս 05,2026 13:49 Share

«Մենք հյուրընկալել էինք գագաթնաժողովը, մենք հյուրընկալ կողմն էինք։ Եվրոպայի խորհրդարանի նախագահը՝ Ռոբերտա Մեցոլան, հնարավորություն ունեցավ արձագանքելու, անդրադառնալու հայտարարությանը։ Եթե կարիք տեսնեինք այդ պահին՝ արձագանք կլիներ, կամ հետագայում, եթե կարիք ունենանք՝ կարձագանքենք։ Բայց արձագանքը եղավ խորհրդարանի նախագահի կողմից, այն էր, որ խորհրդարանում այլակարծությունը նորմալ է, և որ կոնսենսուսային են որոշումներն ընդունվում, այնպես որ դրան ավելացնելու այս պահին ոչինչ չկա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

Լրագրողների հարցերը վերաբերում էին Երեւանում ընթացած գագաթաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահի հայտարարություններին։ Հիշեցնենք, ԵԽ-ին եւ ԵՄ-ին ուղղված քննադատությունից զատ, նա ասաց նաեւ, որ 2023 թվականին Արցախի հայաթափմամբ, լուծել են «սեպարատիզմի» հարցը։ Գագաթաժողովին մասնակից ՀՀ իշխանության ներկայացուցիչները չարձագանքեցին։ Ավելին, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ադրբեջանի նախագահին փոխըմբռնման եւ համագործակցության համար։

Ի պատասխան լրագրողների դիտարկումների, որ ՀՀ վարչապետի լռությունը ընկալվում է համաձայնություն Ալիևի ձևակերպումներին, ՔՊ-ական պատգամավորը հակադարձեց․ «Հիշու՞մ եք ժամանակին` ոչ վաղ անցյալում, պարբերաբար կրակոցներ կային ադրբեջանական կողմից, էլի բուլինգի էր ենթարկվում Հայաստանի հանրապետությունը, թե արձագանքեք, արձագանքեք, նույն կերպ գործեք։ Բայց մենք մշտապես հայտարարում ենք, որ ունենք նպատակ և օրակարգ, և մենք մեր օրակարգով առաջ ենք շարժվում։ Եվ ոչ ոք չի ասել, որ այս ընթացքը հեշտ է լինելու, և հենց դրա համար էլ երևի անհրաժեշտություն կա ունենալու պայմանագրեր և հավելյալ երաշխիքներ: Երբ որ կրակոցներ կային և մենք պատասխան չէինք կրակում, նշանակում է՝ մենք համաձա՞յն ենք այդ կրակոցի հետ։ Ուղղակի մենք որդեգրել ենք խաղաղության օրակարգը և այս օրակարգով առաջ ենք շարժվում։ Եվ ոչ ոք չի ասում, որ այդ ընթացքում չեն լինելու խոչընդոտներ՝ հայտարարություններ, գործողություններ և այլն, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է մեր ուղուց շեղվենք»։

Հիշեցնենք, Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանքներին՝ ԵԽ-ի կողմից Ադրբեջանի դեմ ուղղված 14 բանաձեւերի մասով, ասել էր․ «Եվրոպական խորհրդարանը ուղղակիորեն ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է, որի բանաձևերը ընդունվում են մեծամասնության միջոցով, և դրանց արդյունքները գուցե անհարմարություն են ստեղծում շատերի համար, բայց մենք երբևէ չենք փոխի մեր աշխատակարգը և այն դիրքորոշումները, որոնք որդեգրում ենք»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031