«Խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրողություն է։ Մենք ավելի քան 9 ամիս խաղաղ ապրում ենք արդեն եւ սովորում ենք ապրել խաղաղության մեջ։ Անցած տարի Սպիտակ տանը՝ Վաշինգտոնում Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեցին ընդհանուր հռչակագիր, նախագահ Թրամփը դա նույնպես ստորագրեց՝ որպես վկա։ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները նախաստորագրեցին այս համաձայնագրի տեքստը, եւ մեզ համար, վստահ եմ՝ նաեւ մեր հայ գործընկերների համար խաղաղությունն արդեն իրականություն է»,- Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ տեսակապով իր ելույթում ասաց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Նա նշեց, թե այդ փաստից հետո Ադրբեջանը միակողմանիորեն հանեց բոլոր տարանցման սահմանափակումները, որոնք դրված էին դեռեւս 1990-ականների սկզբից․ «Այդ պահից ի վեր մի քանի հազար տոննա բեռ հասել է Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Ադրբեջանն էլ ավելի առաջ գնալով՝ սկսել է մատակարարել մեր նավթամթերքը եւ դիզելը դեպի Հայաստան՝ համապատասխանաբար ստեղծելով հենք մեր առեւտրային հարաբերությունների համար»։
Ալիեւն անդրադարձավ նաեւ ԹՐԻՓՓ-ին․ «Եվս մեկ ձեռքբերում խաղաղության այս օրակարգի ներքո՝ դա փոխկապակացվածությունն է, Թրամփի՝ բարգավաճման եւ խաղաղության ճանապարհը հասնելու է Հայաստանով դեպի Նախիջեւան եւ դառնալու է Միջին միջանցքի մի մաս։ Եվ Հայաստանը, եւ Ադրբեջանն արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները»։
Այնուհետեւ Ալիևը սկսեց դժգոհել եվրոպական համայնքից։ «Այս հնարավորությունից օգտվելով՝ ես կցանկանայի երախտիքս հայտնել Եվրահանձնաժողովին՝ իր ջանքերի համար։ Ցավոք սրտի, ոչ բոլոր եվրոպական կառույցներն են ցուցադրել նույն մոտեցումը։ Նրանցից մեկը՝ Եվրոպական խորհրդարանն է, մյուսը ԵԽԽՎ-ն։ Ադրբեջանը Եվրախորհրդի անդամ է 2001 թվականի հունվարից, մեր պատվիրակությունը երբեք որեւէ սահմանափակումների տակ չի եղել ԵԽ կողմից, մինչեւ 2024 թվականի հունվարը։ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանն ավարտեց սեպարատիզմը Ղարաբաղում, մենք իրականացրեցինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերը, որոնք թղթի վրա էին մնացել 30 տարի։ Դրանից 4 ամիս հետո ԵԽԽՎ-ն պատժամիջոցներ կիրառեց մեր պատվիրակության նկատմամբ։ Ցավոք սրտի, երկակի ստանդարտներն այսօր դարձել են աշխատաոճ ԵԽԽՎ համար։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նույն արժեքն ունի, ինչպես ցանկացած այլ երկրի տարածքային ամբողջականությունը։ Եվ այս հարցում երկակի ստանդարտներն անընդունելի են»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ալիեւն անդրադարձավ նաեւ Եվրոպական խորհրդարանին եւ ասաց․ «Այս հավաքը խաղաղության գործընթացին նպաստելու փոխարեն՝ սաբոտաժի մասին է խոսում։ 2021 թվականի մայիսից մինչեւ 2026 թվականի ապրիլի 30-ը Եվրոպական խորհրդարանն ընդունել է 14 բանաձեւ, որոնք շատ վիրավորական կերպով ստում են Ադրբեջանի մասին։ Վերջինն ընդամենը 4 օր առաջ կանխամտածված կերպով անմիջապես գագաթնաժողովից առաջ ընդունվեց։ Անդամ պետությունների հիմնարար խնդիրներին անդրադառնալու փոխարեն՝ Եվրոպական խորհրդարանը թիրախավորում է Ադրբեջանին՝ տարածելով զրպարտանք։ Պատճառն այն է, որ Ադրբեջանը պաշտպանել է իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վերջ դրել սեպարատիզմին եւ պատերազմական հանցագործներին բերել արդարության։ Մայիսի մեկին Ադրբեջանի խորհրդարանը պաշտոնապես որոշել է կասեցնել մասնակցությունը ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական փոխգործակցության կոմիտեում եւ նախաձեռնել ընթացակարգ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովին անդամակցության դադարեցման»,- նշեց Ալիեւը։
Նա հավելեց․ «Չնայած բոլոր այն մարդկանց ջանքերին, ովքեր փորձում են խաթարել այս գործընթացը, Ադրբեջանը միտված է խաղաղության օրակարգին, եւ իմ հայ գործընկերոջ ելույթը շատ հստակ դա ընդգծեց»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































