«Արցախցիների վերադարձի իրավունքը ոչ ոք չի կարող նրանցից վերցնել։ Միջազգային ատյանների միջոցով արցախցիները միշտ կարող են դիմել ու հասնել հաջողության ու այդ իրավունքն իրագործել։ Ամենագլխավոր պահանջն այս իշխանություններից՝ չխոչընդոտել դա։ Պետք չէ արցախցիներին թիրախավորել։ Իսկ մեր իշխանությունները շատ հստակ, պլանավորված, քայլ առ քայլ զբաղված են արցախցիներին թիրախավորելով, արցախցիներին՝ այդ իրավունքի իրագործման գործում միջամտելով…. մեր կառավարությունը հստակ ծրագիր ունի վարկաբեկելու արցախցիներին։ Ես ու մեր թիմը դեմ ենք դրան, և մենք ասում ենք մեր ծրագրով, որ մարդկանց պետք է թույլ տաս իրագործել իրենց իրավունքները, որոնք միջազգային ատյանները թույլ են տալիս»,- այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նախընտրական հանդիպման շրջանակներում լրագրողներին ասաց «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության վարչապետի թեկնածու, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
Aravot.am-ի դիտարկմանը, թե ձեզ նախընտրական քարոզարշավում ավելի շատ տեսնում ենք որպես դերասան, տարբեր հումորային տեսահոլովակներում, ինչի համար տարբեր քննադատություններ են հնչում, թե մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք, մեզ պետք է լուրջ ու փորձառու առաջնորդ, որ երկիրը դուրս հանի ստեղծված իրավիճակից, Հայկ Մարությանն այսպես արձագանքեց․ «Ես հանդես եմ գալիս ոչ թե դերասան, այլ որպես քաղաքական գործիչ, որը փորձում է հումորի միջոցով հասցնել իր ուղերձները։ Մենք տեսնում ենք, որ ուղիղ թիրախին ենք խփել, և մեր բոլոր ուղերձները տեղ են հասել»։
Անդրադառնալով փորձառությանը՝ Մարությանն ասաց՝ ժողովուրդն իրեն թույլ է տվել 2018-ի ընտրությունների արդյունքում 3 տարի կառավարել Երևան քաղաքը, և դա բավականին մեծ փորձ է իր համար։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

















































