Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության վարչապետի թեկնածու, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական հանդիպումը քաղաքացիների հետ վերածվեց բանավեճի։
Մինչ Մարությունը լրագրողների հետ զրույցում հաստատում էր ավելի վաղ հայտնած պնդումները, թե հատկապես որ ուժերի հետ է համագործակցությունը բացառում, տարեց մի տղամարդ միջամտեց իր հարցով՝ ՔՊ-ի հետ չկա՞ սկզբունքային ոչ մի համաձայնություն։
«ՔՊ-ի հետ չենք համագործակցելու, որովհետև 3 տարի իրենց հետ աշխատել ենք, երեք տարվա մեջ տեսել ենք՝ այն ծրագրերը, որոնք մենք ուզում ենք իրականացնել, իրենք ուղղակի թույլ չեն տալիս, որ մենք իրականացնենք»,- քաղաքացու հարցին այսպես արձագանքեց Մարությանը։
Կարդացեք նաև
«Բա ինչ արել եք, ո՞ւմ թույլտվությամբ եք արել, ինքնագլո՞ւխ»,- հարցրեց քաղաքացին։
«Առաջին անգամ Հայաստանում եղել է այդ երեք տարվա ընթացքում, որ քաղաքապետը գործել է ինքնուրույն»,- իր քաղաքապետ եղած 3 տարվա մասին խոսելիս հպարտացավ Մարությանը։
«Ինքնուրո՞ւյն, իսկ ինքնուրո՞ւյն եք ընտրվել՝ առանց Նիկոլ Փաշինյանի թևերի տակ մտնելո՞ւ»,- իր հարցերը շարունակեց քաղաքացին։
«Թևերի՞ տակ։ Կներեք, ընտրվել ենք ժողովրդի կողմից»,- ասաց Մարությանը։
Իսկ քաղաքացին շարունակեց հակառակվել․ «Առանց Նիկոլ Փաշինյանի հովանավորության դուք կարո՞ղ էիք ընտրվել։ Նա է ձեզ առաջադրել… հայերեն մի հատ լավ բառ կա՝ երախտամոռ»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































