ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, որը դատարանի որոշմամբ այսօր վաղ առավոտից խուզարկություններ էր անցկացնում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի առանձնատանը, այնուհետ «Առաջարկ Հայաստանին» քաղաքական ուժի նախընտրական շտաբներում՝ նախընտրական բարեգործական արգելքը խախտելու կասկածանքով, քիչ առաջ ավարտել է այն՝ կենտրոնական գրասենյակից առգրավվելով համակարգիչներ, փաստաթղթեր, անգամ նոթատետրերը, որոնց մեջ աշխատակիցների կողմից նշումներ, սղագրություններ են կատարվել։
Նրանք առգրավվել են նաև Մարտուն Գրիգորյանի հեռախոսը, որի իրավունքը, ըստ էության, չեն ունեցել։
Այս ամենը մեզ հայտնեցին պատգամավորի նախընտրական շտաբից՝ կասկածներ ունենալով, որ խուզարկությունները սկսել են կատարվել Մարտուն Գրիգորյանի վերջին օրերի վարկանիշը՝ հնարավոր ձայների քանակը ԱԱԾ-ի կողմից հստակ ուսումնասիրելուց հետո։
Կարդացեք նաև
Կան նաև կարծիքներ, որ Գյումրիում բավական թույլ դիրքեր ունեցող ՔՊ-ական իշխանությանը անհանգստացրել է Մարտուն Գրիգորյանի՝ Գյումրու թատրոնում ունեցած երեկվա ելույթը, որտեղ նա հայտարարել է․ «Այո, Գյումրի 2 լինելու է․ Հայաստանի Հանրապետությունում բոլորս միասին դա անելու ենք»։
Խուզարկություններ անցկացվել են նաև Մարտուն Գրիգորյանի թիմակիցների տանը, երկու հոգու ձերբակալել են, նրանցից մեկը Գյումրու ավագանու անդամ Արտակ Հովսեփյանն է (գլխավոր լուսանկարում) ։ Թիմակիցներից մեկին էլ մինչև գրասենյակ հասնելը պարեկներն են հետապնդել։
Պատգամավորի նախընտրական շտաբում այս ամենը որակում են ահաբեկման փորձ, վախի մթնոլորտի ստեղծում, որին իրենք ծանոթ էին դեռ ՏԻՄ ընտրությունների ժամանակ․ նույն ձեռագիրը գործել է նաև այդ ժամանակ։
Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանը երեկ Գյումրու թատրոնում իր ընտրազանգվածի հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ իր թիմակիցներին, տան անդամներին հետապնդում են։ Նա կասկածներ էր հայտնել, որ իրենց նկատմամբ ճնշումներն այս օրերին սաստկանալու են։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































