Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո՛, Գյումրի 2 լինելու է, Հայաստանի Հանրապետությունում բոլորս միասին դա անելու ենք»․ Մարտուն Գրիգորյան

Մայիս 22,2026 00:13 Share

«Առաջարկ Հայաստանին» քաղաքական ուժի պատգամավորի թեկնածու, ԱԺ ներկայիս պատգամավոր Մարտուն Գրիգորյանն այսօր Գյումրու թատրոնի դահլիճում համախոհների հետ հանդիպման ժամանակ իր ելույթը սկսեց՝ Շիրակի թեմի՝ տնային կալանքի տակ գտնվող առաջնորդ Միքայել Սրբազանին ողջունելով։ Ասաց, որ նա բանտարկված է ազատ խոսքի համար։

«Սիրելի Սրբազան, մենք բոլորս ձեր կողքին ենք, դուք մեր մարզում սիրված, հարգված հոգևոր առաջնորդ եք, յուրաքանչյուրս պիտի դուրս գանք մեր տներից, գնանք ընտրության, մասնակցենք ընտրություններին, որպեսզի այն մարդիկ, որոնք քաղաքական խոսքի կամ երկրի, պետության ու պետականության անվտանգության հետ կապված անհանգստացել են, արտահայտվել են, այսօր նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցված՝ կամ բանտերում են, կամ տնային կալանքի տակ են։

Մեկ տարի առաջ մենք՝ գյումրեցիներս, այս իշխանություններին ցույց տվեցինք, ապացուցեցինք, որ գյումրեցին, շիրակցին վախեցող չէ՝ չնայած ճնշումներին ու լարվածությանը և չնայած նրան, որ վախի մթնոլորտ տարածելով Հայաստանի Հանրապետությունով մեկ՝ տուն առ տուն, ընտանիք առ ընտանիք փորձում են վախեցնել, որպեսզի կաշկանդված լինենք, ակտիվություն չցուցաբերենք այս ընտրություններին»,- ասաց Մարտուն Գրիգորյանը։

Նա նշեց, որ չնայած հետընտրական ռեպրեսիաներին՝ Գյումրին չի հանձնվել, պայքարել են, իսկ դա Գյումրու քաղաքապետի աթոռի պայքար չի եղել։

«ՔՊ-ն կենաց-մահու կռիվ էր տալիս, որ քաղաքապետի աթոռին կարողանային մնալ, իրենց երազած, բաղձալի աթոռին, որ վերջապես կարողանային Գյումրու քաղաքապետի աթոռը գրավել, մեր սկզբունքը քաղաքապետի աթոռը չի եղել, այլ ցույց տալն է, որ այս իշխանություններին հենց ընտրություններով հնարավոր է հաղթել»,- ասաց Մարտուն Գրիգորյանը։

Նա ասաց․ «Այո՛, Գյումրի 2-ը Հայաստանի Հանրապետությունում բոլորս միասին անելու ենք»։

Մարտուն Գրիգորյանը հիշեցրեց, որ Գյումրին բոլոր իշխանությունների օրոք կեցվածք է ցուցաբերել ու թույլ չի տվել, որ ով ինչ ուզի, անի այս երկրում։

«Գյումրին բոլոր իշխանություններին իր մեծական ապտակը տվել է, որ արխային չընկնեն, թե Գյումրիում ինչ ուզեք, անեք, ու պետք չէ այս ընտրություններով պայմանավորված՝ քեն քշել գյումրեցիների հետ, նրանց թողնել փոսերի, քարի, վթարային շենքերի մեջ ու հազարավոր պրոբլեմների մեջ, ինչ է թե ցույց տաք, որ մեզ չեք ընտրել, դե գնացեք, քաշեք էդ պրոբլեմը»,- ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ Գյումրին հազարավոր խնդիրներ ունի, ներկայիս իշխանությունները դրանք լուծելու համար 8 տարի ժամանակ ունեին, քաղաքը փողոցների խնդիր ունի, բայց ՏԻՄ-ը իր սեփական միջոցներով դա չի կարող լուծել, Գյումրու խնդիրների լուծումը կառավարությունում է։

Նա հայտարարեց, որ պարտված իշխանությունները երկար մնալու հնարավորություն չունեն, անընդհատ խաղաղություն են քարոզում, իսկ խաղաղությունը, ըստ նրա, սրտիկելով չէ, գրելով չէ, այլ երաշխավորված պիտի լինի։

«Հույս դնել, որ խաղաղության երաշխավորը ադրբեջանցին ու թուրքն է լինելու, իմ կարծիքով՝ սա ձեռառնոցի է»,- ասաց պատգամավորը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031