Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցիների հավաք՝ փաստաբանի հրավերով․ նրանց ապօրինաբար փորձում են զրկել ընտրելու իրավունքից

Մայիս 29,2026 23:30 Share

Քիչ առաջ Արցախի ներկայացուցչական շենքի դիմաց հավաքվել էին մեծ թվով արցախցիներ՝ իրենց բողոքն արտահայտելու առ այն, որ իրենց ապօրինաբար զրկում են հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին մասնակցելու իրավունքից։

Հավաքը հրավիրել էր արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը, նա պարզաբանեց, որ դատարանը իրավունք է տվել արցախցիներին մասնակցելու ԱԺ ընտրություններին, մինչդեռ ՆԳՆ-ն, շրջանցելով ՀՀ-ում առկա օրենսդրությունը, բողոքարկել է բողոքարկման ոչ ենթակա դատական ակտը։

Ռոման Երիցյանը հավաքի նպատակը պարզաբանեց հետևյալ կերպ․

«Չորս հոգի դիմել են դատական պաշտպանության՝ իրենց ցուցակներում ներառելու պահանջով, 4 դիմողից 3-ին դատական ակտով բավարարվել է։ Մեկը մերժվել է՝ պայմանավորելով այն հանգամանքով, որ այն ենթակա է քննության ոչ թե քաղաքացիական, այլ վարչական դատավարության կարգով։ Այսինքն՝ չի ասել՝ արցախցին չունի ընտրական իրավունք, իսկ մնացած երեք դատական ակտերով հստակ արձանագրվել է, որ արցախցին՝ անկախ 070 կոդով անձնագիր ունենալու հանգամանքից, քաղաքացիություն ընդունել-չընդունելուց, ունի ընտրական իրավունք։

Ո՞րն է տրամաբանությունը․ «Քաղաքացիության մասին օրենքով» Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կարող է կրել բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացին, և եթե արցախցին կրում է Հայաստանի Հանրապետության անձնագիր, որի առաջին էջում իր քաղաքացիությունը նշված է՝ ՀՀ քաղաքացիություն, ապա այդ քաղաքացիությունը կարող է դադարել բացառապես օրենքով սահմանված կարգով։

Այլ եղանակով քաղաքացիությունը դադարել հնարավոր չէ, իսկ օրենքով կամ նորմատիվ իրավական ակտով սահմանված չէ, որ քաղաքացու քաղաքացիությունը կարող է դադարել կառավարության որոշմամբ։

Այ, սա է դատարանի որոշման տրամաբանությունը, դատարանն ասում է՝ եթե դու այդ մարդուն շնորհել ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, կամ այդ մարդն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ապա կառավարության որոշմամբ այն դադարել չի կարող։

Եվ քանի որ Սահմանադրությամբ և Ընտրական օրենսգրքով Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու և քվեարկելու իրավունք, ուստի արցախցիներն այդ պարզ տրամաբանությամբ կարող են մասնակցել սպասվող ընտրություններին։

Հիմա ամենակարևորը՝ դրանից հետո Ներքին գործերի նախարարությունը մի անհեթեթ հայտարարություն է տարածել՝ գիտեք, սա այդպես չէ։ ՆԳՆ-ի այդ հայտարարությունը օրինական ուժի մեջ մտած որոշման նկատմամբ բառի բուն իմաստով անարգանք է, որովհետև դատարանի որոշման մեջ հստակ նշված է․ այն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։ ՆԳՆ-ն սա անտեսեց, ասում է՝ չէ, այդպես չէ և հրապարակային հայտարարություն տարածեց։

Ըստ փաստաբանի՝ զարմանալին այն է, որ Ներքին գործերի նախարարությունը բողոքարկել է դատարանի որոշումը, այսինքն՝ մի որոշում, որը բողոքարկման ենթակա չէ։

Ըստ փաստաբանի՝ էլ ավելի զարմացնող է այն, որ դատարանը կայծակնային արագությամբ վարույթ է ընդունել ՆԳՆ-ի բողոքը, այսինքն՝ բողոքարկման ոչ ենթակա որոշումը։

«Որպես դատական ակտի հրապարակման ամսաթիվ նշում են՝ հունիսի 1-ը, ի՞նչ է ստացվում․ պետական արդարությունը կայացնող մարմինը՝ դատարանը, կայացնում է որոշում, որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է, բողոքարկման ենթակա չէ, Ներքին գործերի նախարարությունը իրեն թույլ է տալիս քննադատել դատարանի որոշումը, անարգանք ցուցաբերել դատարանի՝ ուժի մեջ մտած որոշման նկատմամբ, այն չկատարել։

Այսինքն՝ կատարել Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն, որովհետև դատական ակտի չկատարումը, այն էլ պաշտոնատար անձի կողմից, որակյալ հանցագործություն է, թույլ է տալիս չկատարել, քննադատել, բողոքարկել, իսկ Վերաքննիչ դատարանը առանց որևէ պատճառաբանության կայացնում է վարույթ ընդունելու որոշում»,- ասաց Ռոման Երիցյանը։

Նա նշեց, որ մյուս զարմանալի փաստն այն է, որ վերաքննիչ դատարանը ՆԳՆ-ի բողոքը ընդունում է վարույթ, հրապարակման օր նշանակում 2026 թվականի հունիսի 1-ը, և սա այն դեպքում, երբ օրինակ՝ իր ձեռքի տակ կան գործեր, որոնց դատական ակտը պիտի կայացվի 2027 կամ 2028 թվականներին։

Փաստաբանը նաև նշեց, որ արցախցիները ընդունել են ՀՀ քաղաքացիություն, նրանց անձնագիր տրամադրելու գործողությունը արհեստականորեն ձգձգվում է։

«Կամ որ տրամադրում են անձնագիր, ՆԳՆ-ն մի անհեթեթ պարզաբանում է ներկայացնում, ասում է՝ դե չնայած անձնագիրը, բայց օրենքով դու պիտի ունենաս վերջին վեց ամսվա ժամկետում անձը հաստատող փաստաթուղթ, նախ՝ անձը հաստատող փաստաթուղթը միայն անձնագիրը չէ, և երկրորդ՝ վեցամսյա վաղեմության անձնագիր ունենալը պարտադիր նախապայման չէ ընտրություններին մասնակցելու համար։ Փաստացի՝ քանի արցախցու ընտրական իրավունք է խոչընդոտվում, առնվազն 95 տոկոսի»,- հայտարարեց փաստաբանը։

Նա նաև ասաց, որ արցախցի բարձրաստիճան զինվորականները ծառայողական բնակարաններն ազատելու ծանուցումներ են ստանում, այդպիսի հինգ վստահորդ միայն իր մոտ կա, սակայն նրանց թիվը շատ է։ Ընդ որում՝ այդ ծանուցումների մեջ որևէ պարզաբանում չկա, թե ինչու պիտի ազատեն բնակարանը, միայն նշվում է, թե 2007 թվականին 40 քառակուսի մետր բնակարանը հատկացված է սխալ, ընդ որում հասցեն ևս սխալ է նշվում։

Նա անդրադարձավ նաև Արցախի ներկայացուցչական շենքին, որը 1997 թվականի կառավարության որոշմամբ հատկացվել է Արցախի Հանրապետությանը, 2025 թվականին ԱԱԾ-ն զեկույց է ներկայացրել Գլխավոր դատախազությանը, որը իր հերթին հայց է ներկայացրել դատարան։

«Գիտեք՝ հայցը ինչով են բացատրում, ասում է՝ որոշում եղել է կառավարության, բայց նվիրատվության պայմանագիր չի եղել, ու հիբրիդային պայքարի միջոցով կեղծ տեղեկություններ են տարածում, մեկ ասում են՝ շենքը գրավադրված է, սա է, նա է, բայց իրականում սա է»,- ասաց փաստաբանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031