Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի բարձրաստիճան զինծառայողների բնակարաններից օգտվելու իրավունքը

Հոկտեմբեր 07,2026 22:55 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ պաշտպանության նախարարությունը դադարեցրել է մի շարք արցախցի բարձրաստիճան զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը։

Փաստաբան Ռոման Երիցյանը Aravot.am-ին ասաց, որ ՊՆ բնակկենցաղային հանձնաժողովի կայացրած վարչական ակտերն արդեն վիճարկվել են դատական կարգով։

«Այս պահի դրությամբ այդ վարչական ակտի տարիքը 10 տարին գերազանցել է, ինչը օրենքի ուժով այդ վարչական ակտն արդեն դարձնում է անբողոքարկելի։ Այսինքն՝ արցախցիները ժամանակին օրդեր են ստացել, այդ պահին գործող իրավահարաբերության համաձայն՝ այդ օրդերը հետագայում կարող էին փոխարինվել սեփականության իրավունքի վկայականով։ Հատկացման հիմք է եղել այն, որ նրանք ապահովված չեն բնակարաններով, հանդիսանում են զինծառայողներ, ընդ որում՝ այնպիսի զինծառայողներ, որոնք բնակարանային ապահովման բարելավման կարիք ունեն։ Համապատասխանաբար, ՊՆ որոշումներով արցախցիներին հատկացրել են համապատասխան օրդերներ։ Խոսքը վերաբերում է 2-3 սենյականոց բնակարաններին»,- ասաց Երիցյանը։

Նրա խոսքով՝ այս տարվա ամռանից սկսվել է բնակարանների վեճը, և ՊՆ-ն համապատասխան դիմումներ է հասցեագրել արցախցիներին՝ պահանջելով ազատել իրենց ծառայողական հիմունքներով հատկացված բնակարանները։

«Խոսքը վերաբերում է այն արցախցիներին, որոնք Հայաստանում այդ բնակարանից բացի՝ կեցավայր չունեն։ Օրինակ՝ նրանցից մեկի տանը չորս մանկահասակ երեխա է բնակվում։ Համապատասխան հայց եմ ներկայացրել դատարան՝ որոշակի գործողություններից զերծ մնալուն պարտավորեցնելու պահանջով։ Դատարանը հայցի ապահովում է կիրառել ու ՊՆ-ին պարտավորեցրել որևէ գործողություն չձեռնարկել մինչև վերջնական դատական ակտի կայացումն ու դրա ուժի մեջ մտնելը»,- հավելեց Երիցյանը։

Փաստաբան Երիցյանը հայցի հիմքում դրել է այն, որ նրանց օգտագործման իրավունքը օրենքով սահմանված կարգով դադարեցված չէ, ինչից հետո ՊՆ-ն, ըստ Երիցյանի, օրենքին ու տրամաբանությանը չհամապատասխանող քայլի է դիմել․

«Իրենք ուղղակի դադարեցրել են արցախցիներին օրդերով տրամադրված օգտագործման այդ իրավունքը։ Այն դեպքում, երբ այդ վարչական ակտը օրենքի ուժով արդեն դարձել է անբողոքարկելի։ Հիմքում որևէ իրավական նորմ չեն վկայակոչել, ուղղակի գրել են՝ հաշվի առնելով դատախազության միջնորդագիրը»։

Մեր հարցին, թե այս բնակարանային վեճի ինչպիսի հանգուցալուծում է տեսնում, հնարավո՞ր է օրենքի ուժով զինծառայողների բնակարանային սեփականությունը հաստատվի, օրդերը փոխարինեն սեփականության վկայականով, ի պատասխան Երիցյանն ասաց․

«Դեռևս այդ հարցը չի քննարկվում, դեռևս քննարկվում է՝ օգտագործման իրավունքը պետք է դադարեցվի, թե ոչ։ Ես համոզված եմ, որ օրենքի դրույթներից հետևում է, որ քաղաքացու օգտագործման իրավունքը ուղղակի չի կարող դադարեցվել, բնակկենցաղային հանձնաժողովը նման վարչական ակտ կայացնելու իրավունք չունի։ Վստահ եմ, որ դատարանը հայցերը բավարարելու է, դրանից հետո հետագա քայլերի մասին խոսելը ավելորդ եմ համարում»։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել