«Բովանդակային, ծրագրային քննարկումներ տեղի չունեցան, որոնց համար ընտրողը պետք է պատրաստ լիներ ընդառաջ գնալ ծրագրին և գաղափարին։ Սակայն մենք տեսնում ենք ուրիշ բան՝ իրար վրա ցեխ շպրտելու, ատելության խոսքի մթնոլորտ ձևավորելու ավելի բարդ սրացումներ՝ քարոզարշավային այս մթնոլորտում… որը համարում ենք անթույլատրելի և որը, մեր կարծիքով, ապատեղեկատվության ու ոչ մաքուր մթնոլորտ է ստեղծում ընտրողի կողմնորոշման և դիրքորոշման համար»,- արդեն ավարտին մոտեցող քարոզարշավն «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում այսպես բնութագրեց «Երիտասարդական ակումբների դաշնություն» հասարակական կազմակերպության «Արդար քվե» դիտորդական առաքելության ղեկավար Սոնյա Համբարձումյանը։ Այս դիտորդական առաքելությունը հավատարմագրել է 285 դիտորդ։
Հաղորդման ընթացքում անդրադարձ եղավ այն փաստին, որ ընտրություններին մասնակից մի շարք ուժեր ԿԸՀ կայքում անգամ ընդհանրապես չեն հրապարակել իրենց նախընտրական ծրագրերը։ Խոսքը մասնավորապես հետեւյալ ուժերի մասին է՝ «Բոլորին դեմ եմ», Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, «Նոր ուժ» կուսակցությունը, «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ Իսկ Ռեֆորմիստների կուսակցությունը ոչ թե ծրագիր է հրապարակել, այլ նախընտրական ծրագրային դրույթներ՝ 7 կետ։
«Արդար քվե» դիտորդական առաքելության ղեկավարը նաեւ առանձնացրեց իրենց դիտարկումներից մեկը. «Կուսակցությունների թեկնածուների մարզային բաշխվածությունը, երբ ուսումնասիրել ենք՝ 19 քաղաքական ուժերից միայն երեքն ունեն ամբողջական տարածում բոլոր մարզերում, իրենց թեկնածուների մեջ բոլոր մարզերից ներկայացուցիչներ։
Կարդացեք նաև
Սակայն մնացածների մեջ գերիշխողը Երևանն է։ Եվ ակտիվ մարզերից կարող ենք նշել Լոռին, Կոտայքը, Արմավիրը և Շիրակը։ Սա ևս ցավալի երևույթ է, քանի որ հետագայում հինգ տարի ներկայացվածություն ենք ունենալու Ազգային ժողովում՝ որպես օրենսդիր մարմին և ամենածանրակշիռ մարմիններից մեկը, ես կասեի։ Հետևաբար, գովելի կլիներ, երբ մեր կուսակցություններն ունենային ավելի լայն աշխարհագրություն»։
Հաղորդումն ամբողջությամբ 22.00-ին
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ


















































