«Ամբողջ քարոզարշավի ընթացքում ում ես ասել եմ՝ դուք եք ընտրում այդ մարդկանց, ինձ ասել են՝ մենք իրենց չենք ընտրել, մենք չգիտենք՝ իրենք ոնց են դարձել համատիրության նախագահ ու անդամ։ Ես վստահ եմ, որ հավաքագրման տեսանկյունից էլ բազմաթիվ խնդիրներ կան, և նախկին իշխանություններն էդ պորտաբույծներին օգտագործում էին ընտրությունների համար։ Եվ էդ նույն պորտաբույծների բավական մեծ տոկոս մնացել ա, զբաղվում ա պորտաբուծությամբ, պետք ա էդ պորտը կտրել»,- երեկ ավագանու նիստում վրդովվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով համատիրությունների աշխատանքի մասին։ Քաղաքապետի զայրույթը ավարտվեց առաջարկով՝ փոխել համատիրությունների նախագահներին։
Aravot.am-ը ուսումնասիրեց 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում «Արդար քվե» եւ «Ականատես» դիտորդական առաքելությունների զեկույցները՝ հասկանալու համար՝ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի վրդովմունքի պատճառն այն է, որ համատիրությունների ղեկավարներն ընտրական գործընթացում հավատարիմ են մնացել նախկին աշխատաոճի՞ն, թե՞ որ ներկայումս իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» համար «տասովչիկություն» չեն անում։ Տիգրան Ավինյանը միգուցե զարմանա, բայց մի քանի ամիս առաջ կայացած ընտրություններում դիտորդական առաքելությունները գրանցել են վարչական ռեսուրսի կիրառման բազմաթիվ դեպքեր, այդ թվում՝ նաեւ համայնքային ծառայողների՝ իշխող ուժի օգտին քարոզչության եւ ձայների ներգրավման։
Այսպես, ըստ «Արդար քվե» առաքելության ամփոփիչ զեկույցի, համայնքային ծառայողները ներգրավվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավում, իսկ համայնքային ենթակայության տակ գործող կառույցների աշխատակիցներին ուղղորդել են մասնակցելու իշխող կուսակցության քարոզչական միջոցառումներին։ Միաժամանակ արձանագրվել է համայնքային միջոցների և ռեսուրսների օգտագործում՝ ի նպաստ ՔՊ-ի քարոզարշավի։
Զեկույցում կա շատ կարևոր ավելի լայն արձանագրում՝ պետական և համայնքային համակարգի կազմակերպված օգտագործում իշխող քաղաքական ուժի օգտին։
Կարդացեք նաև
Զեկույցի «Համակարգային բնույթի խախտումներ» բաժնում բառացիորեն նշվում է, որ արձանագրված դեպքերը վկայում են «պետական և համայնքային համակարգի կազմակերպված օգտագործման մասին իշխող քաղաքական ուժի օգտին»։ Օրինակ՝ մարզպետների, համայնքապետերի, նախարարների և այլ պաշտոնատար անձանց ներգրավումը քարոզարշավներում, այդ թվում՝ աշխատանքային ժամի օգտագործմամբ և ենթակաների նկատմամբ ճնշմամբ։
Զեկույցում առանձին արձանագրված է նաև պետական և համայնքային ծառայողների ներգրավում քարոզչական միջոցառումներում, պաշտոնատար անձանց մասնակցություն կուսակցական գործունեությանը, ենթակաների նկատմամբ հնարավոր ազդեցություն և ճնշում, պետական կառավարման համակարգի և իշխող քաղաքական ուժի գործունեության սահմանների խախտում։
2026 թվականի հունիսի 7-ին՝ ընտրության օրը, ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Աբովյանում համատիրության նախագահ Ա. Գ.-ն ընտրողների ցուցակով մոտեցել է 29/09 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին և նրանց հետ զրուցել քվեարկության հետ կապված հարցերով։ Ոստիկանությունը նրան ձերբակալել է հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով։
«Ականատես» դիտորդական առաքելության՝ 2026 թվականի ԱԺ ընտրությունների դիտարկման նյութերում կա կոնկրետ արձանագրում համատիրության աշխատակիցների կողմից ՔՊ-ի օգտին քարոզչության և ընտրողների նախապատվությունները պարզելու վերաբերյալ։ 2026 թվականի մայիսի 27-ին հրապարակված նախընտրական տեղեկանքում նշվում է, որ Երևանի տարբեր վարչական շրջաններում թաղապետարանների աշխատակիցների կողմից արձանագրվել են բնակիչների տվյալների հավաքագրման և քարոզչության դեպքեր։ Ըստ առաքելության՝ աշխատակիցները բնակարաններով շրջել են, ճշտել տվյալ հասցեում գրանցված և փաստացի բնակվող անձանց, ինչպես նաև բացակայողների մասին տեղեկություններ, իսկ որոշ դեպքերում ուղղակիորեն հարցրել են քաղաքացիներին, թե որ քաղաքական ուժի օգտին են պատրաստվում քվեարկել։
Առավել կոնկրետ համատիրության վերաբերյալ «Ականատես»-ը գրում է. «Շենգավիթում «Գևորգ Չաուշ» համատիրության աշխատակիցները, բնակարաններով շրջելիս և քաղաքացիների քվեարկության նախապատվությունները՝ «Ո՞ւմ եք պատրաստվում ընտրել», պարզելիս, միաժամանակ բաժանել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական բուկլետները»։
Այսինքն՝ այստեղ խոսքը միայն այն մասին չէ, որ համատիրության աշխատակիցը քարոզչական նյութ է բաժանել։ «Ականատես»-ի արձանագրման համաձայն՝ միաժամանակ եղել է երկու գործողություն՝ բնակարաններ այցելել, քաղաքացիներից պարզել նրանց ընտրական նախապատվությունը, և այդ ընթացքում բաժանել ՔՊ-ի նախընտրական բուկլետներ։
Առաքելությունը նման վարքագիծը գնահատել է որպես վարչական ռեսուրսի չարաշահման և ի պաշտոնե քարոզչության կամ ՏԻՄ գործունեությունը քաղաքական քարոզչության հետ նույնացնելու դրսևորում։
«Ականատես»-ի/Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական արշավի շրջանակում մայիսի 25-ին հրապարակվել է նաև հատուկ նյութ՝ «Ո՛չ հարկադրանքին համատիրությունների կողմից», որում շեշտվում է՝ համատիրությունը չպետք է փորձի ազդել բնակիչների ընտրության վրա՝ բակի, շենքի, խաղահրապարակի կամ այլ համայնքային խնդիրների լուծման խոստումների միջոցով։
Պատրաստեց Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Տիգրան Ավինյանի լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից



















































