Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդու ընտրական իրավունքը խլելով՝ չի ուժեղանալու քաղաքացի-պետություն կապը». «Առերեսում»

Հունիս 21,2026 22:00 Share

2018 թ. հուլիսին Սանկտ Պետերբուրգում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «թավշյա հեղափոխության» ֆինանսավորման մոտ կեսը փոխանցվել է Ռուսաստանից։ Նույնը նա կրկնել է մեկ տարի անց՝ ՌԲԿ-ին 2019-ի մայիսին տրված հարցազրույցում , թե հեղափոխության համար նվիրատվության մեծ մասը Ռուսաստանի հայերից էր։ Սակայն այն բանից հետո, երբ ռուսաստանցի հայերը, որոնք պահպանել են իրենց քաղաքացիությունը՝ 2026-ի հունիսին եկան Հայաստան՝ իրացնելու իրենց ընտրական իրավունքը, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները շուտափույթ շրջանառության մեջ դրեցին նախագիծ, որով սահմանափակվում է այդ իրավունքը։

Ընդ որում՝ սա էլ այն պայմաններում, երբ 2026 թվականի մայիսի 1-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը 13․390-ով ավելի քիչ է եղել, քան նախորդ տարվա նույն օրերին։ Ինչպես «Ֆակտորին» հայտնել էին ԱԱԾ-ից՝ 2025-ին Հայաստան է ժամանել 193․047 ՀՀ քաղաքացի, 2026-ի նույն օրերին՝ 179․657 ՀՀ քաղաքացի։

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում անդրադառնալով ՔՊ պատգամավորների շրջանառության մեջ դրած օրենքի նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանում համապետական ընտրություններին և հանրաքվեներին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն ունեցող այն անձինք, որոնք ընտրություններին նախորդած մեկ տարվա ընթացքում 6 ամիս բնակվել են Հայաստանում՝ «Հայաքվե» միավորման վարչության անդամ Արամ Պետրոսյանն ասաց, որ շատ վատ է վերաբերվում այս նախաձեռնությանը. «Մեր ժողովրդի մի զգալի հատված արտագնա աշխատանքի է գնում արտասահման, ու խոսքը 5, 10, 20 հոգու մասին չէ՝ 100,000 քաղաքացիների մասին է։ Ասեմ, օրինակ, Շիրակի մարզի արական սեռի գործունակ մեծ մասը գտնվում է Ռուսաստանում արտագնա աշխատանքում։ Հիմա ասում են՝ հանկարծ երեխուդ չպահես, հանկարծ կնոջդ չպահես, մորդ չպահես, կմնաս, որ գնաս ընտրությունների… Ուրեմն, եթե քաղաքացին գտնում է, որ այստեղի աշխատանքն իր համար բավարար չէ, ինքն իրացնում է իր սահմանադրական իրավունքը, ազատ տեղաշարժվելու իրավունքով գնում է, որտեղ ուզում է, աշխատում է։ Սահմանափակել պետք չէ. հակառակը, պետք է գտնել մեխանիզմներ։ Ինչ անել, որ ընտրություններին մասնակցողների թիվն ավելանա, օրինակ, ինչ-որ հարկային բոնուսներ տալ այդ մարդկանց, արտոնություններ տալ, ինչպես, օրինակ, Բելգիայում, շատ առաջատար երկրներում՝ կամ վարչական տույժ են տալիս, եթե չի մասնակցում, կամ որոշակի արտոնություններից զրկում են։ Դու պետք է ամեն ինչ անես, որ ոչ թե Երևանի քաղաքապետի ընտրությունների պես, Երևանի ընտրելու իրավունք ունեցողներից 9% քվե ստացած մարդը դառնա քաղաքի ղեկավարը, այլ հակառակը՝ պետք է ամեն ինչ անես, որ մասնակցությունն առավելագույնս լինի, որպեսզի արտացոլի քո ժողովրդի կամքը»։

«Ներկայիս կարգավորումներով, ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին եւ հանրաքվեներին մասնակցելու իրավունքի իրացման համար բացակայում է քաղաքացի-պետություն մշտական կապն արտացոլող որեւէ լուծում (ի տարբերություն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների եւ տեղական հանրաքվեների)… Քաղաքացիությունն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ առկա է իրական կապ անձի եւ պետության միջեւ,- հիմնավորման մեջ մասնավորապես նշել են նախաձեռնության հեղինակները։- Քաղաքացիությունը կարող է կորցնել իր «որոշիչ դերակատարումն» այդ հարցում, եթե անձը տեւական ժամանակ կտրված է պետության քաղաքական, սոցիալական, տնտեսական կյանքից: Այս համատեքստում, ընտրությունները պետք է արտացոլեն այն անձանց կամքը, որոնք իրապես գտնվում են այդ պետության որոշումների ազդեցության տիրույթում»։

Հաղորդման մյուս հյուրը՝ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի նախագահ Գրիգոր Երիցյանն այս հիմնավորման մասին մասնավորապես ասաց. «Քաղաքացի-պետություն կապը այսպես չի ուժեղանում։ Մարդու ընտրական իրավունքը խլելով՝ այդ կապը չի ուժեղանալու։ Այսինքն՝ երբ Հայաստանի Հանրապետությունը դիմում է սփյուռքին, արտերկրում բնակվող քաղաքացիներին, տարբեր օգնության ծրագրերով, Համահայկական հիմնադրամին աջակցելու խնդրանքով, փորձում է նրանց ներգրավել Հայաստանի կյանքում՝ դա քաղաքացի-պետություն կապ է։ Իսկ երբ այդ քաղաքացիներն ուզում են ներգրավվել իրենց պետության քաղաքական կյանքում և մասնակցել որոշումների կայացմանը, արդեն քաղաքացի-պետություն կապ չկա։ Կարծում եմ՝ մեր պետությունը պետք է փորձի քաղաքացի-պետություն կապը խորացնել և ոչ թե այդ քաղաքացիներին ավելի հեռու պահի պետությունից։ Եվ ոչ մի դեպքում ընտրական իրավունքի սահմանափակմանը ես կողմ չեմ, դա քաղաքացիության հետ եկող իրավունք է։ Բոլոր քաղաքացիների հովանավորը Հայաստանի Հանրապետությունն է։ Ում տվել է Հայաստանի անձնագիր՝ այդ անձնագրով տվել է բոլոր իրավունքները։ Այսօր ընտրական իրավունքն են վերցնում քեզնից, վաղը կրթություն ստանալու իրավունքը կվերցնեն, մյուս օրը՝ ուրիշ իրավունք»։ Նա հավելեց. «Քաղաքացիությունը բաժնետոմս չէ, որ ներդրում արեցիր, դու ավելի շատ իրավունք ունես։ Բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ, և այս մասով ես կտրականապես դեմ եմ, որ սահմանափակվի»։

Անդրադառնալով այն փաստին, որ հատկապես շեշտադրվում էր ՌԴ-ից ժամանած ՀՀ քաղաքացիների քվեարկությունը՝ Գրիգոր Երիցյանն ասաց. «Իշխանություններն ասում էին, որ այդ քաղաքացիները եթե գան՝ մեզ են քվեարկելու։ Եթե ձեզ են քվեարկել, ո՞րն է հիմա ձեր անհանգստությունը, որ ուզում եք այդ իրավունքը վերցնեք։ Պետք է խրախուսել և՛ Ռուսաստանի, և՛ Եվրոպայի, և ԱՄՆ-ի հայերին, որ գան, վերադառնան Հայաստան, այո, ապրեն Հայաստանում։ Բայց եթե ինչ-ինչ պատճառներով քաղաքացին վեց ամիս չի գտնվել երկրում, այդ իրավունքն իրենցից խլելը աբսուրդ է»։

Ի դեպ, պատահական չի դիտվում, որ այս նախաձեռնությունը հիմա է դրվում շրջանառության մեջ, երբ նախատեսվում է անցկացնել սահմանադրական հանրաքվե։ Հիշեցնենք, որ սահմանադրական հանրաքվեների պարագայում հատուկ շեմ է սահմանված՝ մոտ 650 հազար կողմ քվե է հարկավոր, որ հանրաքվեն անցած համարվի, եւ Սահմանադրությունն ընդունվի։ Վերլուծությունների համաձայն՝ այս քայլով իշխանությունն իջեցնում է ընտրողների քանակն ու ըստ այդմ՝ ոչ թե 650 հազար կողմ է անհրաժեշտ լինելու, այլ՝ շատ ավելի պակաս։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930