Քիչ առաջ արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ դարձյալ բարձրաձայնելով արցախցիների՝ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու իրավունքը ոտնահարման փորձերի մասին։
Նա ասաց, որ թեև 2026 թվականի մայիսի 29-ի դրությամբ բավարարվել է երեք արցախցիների հայցը, դատարանը պարտավորեցրել է Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիական ծառայությանը այդ արցախցիներին ներառել ընտրացուցակում։ Սակայն Ներքին գործերի նախարարությունը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակումներ է արել՝ հայտարարելով, որ վարչական դատարանը իրավասու չէ նման հարցեր քննել և նման վճիռ չկա։
«Այսինքն՝ Ներքին գործերի նախարարությունը իր ֆեյսբուքյան էջում հայտարարում է, որ վարչական դատարանն իրավասու չէ նման գործեր քննել։
Ես համապատասխան մեկնաբանության մեջ և իմ ֆեյսբուքյան էջում հայտարարություն եմ տարածում՝ այո՛, որոշումները կայացվել են քաղաքացիական, այլ ոչ թե վարչական դատարանի կողմից, վայրկյաններ հետո հաջորդում է Ներքին գործերի նախարարության կողմից ներկայացվող բողոքը։
Կարդացեք նաև
Վերաքննիչ բողոքում Ներքին գործերի նախարարությունը ոչ թե խոսում է արցախցու ընտրական իրավունք ունենալ-չունենալու մասին, այլ ասում է՝ գիտեք, գործերը ենթակա են վարչական դատարանին, այլ ոչ թե քաղաքացիական։
Նույն Ներքին գործերի նախարարությունը, որը վերաքննիչ բողոք ներկայացնելուց ժամեր առաջ իր պաշտոնական էջում տարածում է հայտարարություն, որ ըստ իրենց՝ վարչական դատարանն իրավասու չէ նման հայցեր քննել և նման վճիռներ կայացնել, բայց իրենք բողոքը ներկայացնելով վերաքննիչ դատարանին՝ հակառակն են խոսում, որ գործը պետք է քններ վարչական դատարանը։
Եվ իզուր չէր, որ նրանք խոսում են ոչ թե արցախցու ընտրական իրավունք ունենալ-չունենալու մասին, այլ գործերը քաղաքացիական դատարանին քննության ենթակա չլինելու մասին»,- ասաց փաստաբանը։
Ըստ նրա, մինչ այս եղած դատական պրակտիկան ու օրենքները խոսում են այն մասին, որ բոլոր նման գործերը պետք է քննի քաղաքացիական դատարանը։ Վարչական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է, որ ընտրացուցակի հետ կապված վեճերը ենթակա են քննության քաղաքացիական դատարանում, ընդ որում այդ որոշումները ուժի մեջ են մտնում հրապարակման պահից և բողոքարկման, վերանայման ենթակա չեն։
Փաստաբանը թվարկեց այն դատավորների անունները, որոնք 2021 թվականին բավարարել են արցախցիների պահանջը, իսկ հիմա այդ նույն դատավորները, տեղափոխվելով վերաքննիչ դատարան, քննում են իրենց նախկինում կայացրած նույնաբովանդակ դատական ակտերի դեմ ներկայացված բողոքները և ընդունում են վարույթ ու կայացնում են վճիռ, որ նմանատիպ գործերը ենթակա են վարչական դատարանում քննության։
«Սա աբսուրդ է, դատավորի մոտ ի՞նչ է փոխվել, եթե լիներ օրենսդրական փոփոխություն, սա կհամարեինք տրամաբանական, օրինաչափ»,- ասաց փաստաբանը։
Նա չի բացառում, որ եթե արցախցիները դիմեն վարչական դատարան՝ վարչական դատարանը հայցը վերահասցեագրի քաղաքացիական դատարանին՝ նշելով, որ նման գործեր վարույթ չի ընդունում։
«Քաղաքացիական դատարանն էլ կասի՝ ես էլ գտնում եմ, որ վարչականին է քննության ենթակա։ Առաջին ատյանի դատավորն իրավունք ունի դիմել Վճռաբեկ դատարան, որպեսզի ենթակայության հարցը լուծի այս դատարանը։ Վճռաբեկ դատարանն էլ կընդունի վարույթ, որոշումը կհրապարակի հունիսի 7-ից հետո, և արցախցիները կզրկվեն իրենց պասիվ ընտրական իրավունքից, ընտրություններին ընտրողի կարգավիճակում մասնակցելու իրավունքից։
Ինձ համար վերաքննիչ դատարանի կայացրած որոշումն աբսուրդ է, ընդ որում կայծակնային արագությամբ կայացված որոշում է։ Աբսուրդ է, իրավական տրամաբանության մեջ չի տեղավորվում, ընդ որում իմ համար ցավալին այն է, որ այդ որոշումները կայացնում են այն դատավորները, որոնք 2021 թվականին կայացրել են հակառակի վերաբերյալ որոշում»,- ասաց փաստաբանը։
Նա ասաց, որ քաղաքական ենթատեքստ է տեսնում, դատավորներ Սահակյանի ու Բազմանյանի կարծիքների փոփոխությունը հենց դրանով է պայմանավորված։
Արցախցի փաստաբանը նշեց՝ ամեն արհեստական խոչընդոտ ստեղծում են, որ արցախցիները չկարողանան մասնակցել ընտրության, քանի որ մտավախություն ունեն, որ նրանք իրենց ձայնը չեն տա իշխանությանը, այլ կտան ցանկացած ընդդիմադիր ուժի, բայց ոչ իշխանությանը։
Նա ասաց, որ վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու է, դիմելու է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Փաստաբանի տեղեկացմամբ՝ դատարան արդեն 50 արցախցի են դիմել, իսկ 5 հազար արցախցի էլ դիմել է Ներքին գործերի նախարարություն՝ իրենց ընտրացուցակներում ներառելու համար։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































