Լրահոս
Օրվա լրահոսը

Շտապ օգնություն է ժամանել Հակակոռուպցիոն կոմիտե. փաստաբաններին ժամեր շարունակ արգելում են վերեւ բարձրանալ

Հունիս 03,2026 17:40 Share

Ընտրություններին ենթադրյալ շահագրգռելու եւ գումար տալու հիմնավորմամբ «Հայաստան» դաշինքի առնվազն 4 ներկայացուցիչ է տարվել Հակակոռուպցիոն կոմիտե: Այս մասին Aravot.am-ին ահազանգեց փաստաբան Մկրտիչ Դավթյանը: Նա ասաց, որ ավելի քան 4 ժամ Հակակոռուպցիոն կոմիտեում գտնվող քաղաքացիների պաշտպաններին թույլ չեն տալիս որպես պաշտպան ներգրավել ու իրականացնել իրենց փաստաբանական գործունեությունը:

«Ինձ քաղաքացու քույրն է դիմումով խնդրել, որ քրոջը պաշտպանեմ, հիմա Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ եմ ու արդեն երկու ժամ է՝ չեմ կարողանում մուտք գործել կոմիտե, խոչընդոտվում է իմ փաստաբանական գործունեությունը: Մեր վստահորդները կապի դուրս չեն գալիս ընդհանրապես, հեռախոսազանգերին չեն պատասխանում, իսկ անվտանգության աշխատակիցները վերեւ չեն թողնում: Իմ պաշտպանյալը կին է, նրան այստեղ են բերել իր երկու աղջիկներով, բայց չգիտեմ՝ աղջիկներն ինչ կարգավիճակով են: Այստեղ նաեւ այլ փաստաբան կա, նրան էլ չեն թողնում»:

Մկրտիչ Դավթյանից հետաքրքրվեցինք՝ ահազանգե՞լ են ՄԻՊ-ին իրենց փաստաբանական գործունեության խոչընդոտման հարցով, ի պատասխան ասաց. «Ահազանգել եմ՝ ՄԻՊ-ը քրեադատավարական նոր օրենսգիրք է գրել իր համար, ասում է՝ նկարեք ձեր դիմումը, տարեք վարչություն մուտք արեք, էլեկտրոնայինով ուղարկեք: Այսինքն ՝քրեադատավարության օրենսգրքով այն կարգը, որ քննիչը՝ տեղեկանալով փաստաբան ներգրավելու մասին, պարտավոր է հանդիպում ունենալ մեզ հետ, փաստաթղթերը ճշտի, անձից ճշտի՝ համաձայն է, որ ներգրավի փաստաբանին, եթե այո՝ ներգրավի, այս ամենն արդեն քրեադատավարությունում հանել են իրենց համար, գոյություն չունի: Առերեւույթ հանցակազմ պարունակող արարք են թույլ տալիս, եթե նորմալ երկրում լինեինք, այդ մարդիկ այդ քայլին չէին գնա, քանի որ լավ կհասկանային, որ քրեական պատասխանատվության են ենթարկվելու: Հիմա շտապ օգնություն եկավ կոմիտե, օգնություն ցուցաբերեցին, չգիտեմ էլ՝ իմ պաշտպանյա՞լն էր, թե՞ ոչ: Ոչ մի տեղեկություն չհայտնեցին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930