«Այս տեսաձայնագրության զննությունը առավել քան հստակ, ի լուր աշխարհի, ցույց է տալիս այս գործի թշվառությունը։ Նախ՝ ո՞վ է Հայկ Մաթևոսյանը։ Մենք այդպիսի մեղադրյալ չունենք, բայց արդեն մեկ ժամ է՝ այս ամբողջ կազմը՝ մեղադրողներով, պաշտպաններով, քաղաքացիներով հանդերձ, խոշտանգման է ենթարկվում, ինչո՞ւ չէ՝ նաև պատվարժան դատարանը։
Սա ցույց է տալիս, թե որքան փնթի են աշխատում։ Նույնիսկ տեսաձայնագրության արձանագրության մեջ քննիչը 10 անգամ հաշվում է գնդակները՝ 9 հատ, բայց ծրարում է 10 հատ։ Սա ինչի՞ մասին է խոսում։ Խոսում է այն մասին, թե որքան թշվառ է մեր իրավապահ համակարգը, որքան թշվառ է այս գործը։
Միայն այս հանգամանքը հաշվի առնելով՝ կարելի է այս գործը աղբանոցը շպրտել։ Ոնց որ Սովետաշենի աղբանոցում էր, կարծես՝ քուջուջ էր անում, որ մի բան գտնի»,– այսօր Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստում գրավոր ապացույցների հետազոտությունից հետո ասաց պաշտպան Աննա Մանթաշյանը։
Բագրատ Սրբազանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն էլ շարունակեց.
Կարդացեք նաև
«Բացի այն, որ այս զննությունից հասկացանք, որ, ի թիվս ապացույցներ կեղծելու, Քննչական կոմիտեում ապացույցներ նաև կորցնում են, հետաքրքիր պնդում կար։ Քննիչը գործողությունը սկսելուց ասում է, որ այս գործողությունը կատարում ենք, որովհետև անհրաժեշտություն է առաջացել Հայկ Մաթևոսյանի վերաբերյալ վարույթն առանձնացնելու, և փամփուշտները պետք է զննության ենթարկվեն։
Նպատակն արդեն քննչական գործողության սկզբում քննիչը բացահայտում է, բայց այս նույն գործողությունը ուղարկվում է դատարան՝ հետազոտվելու։ Այս չապացույցը գործի ծավալում է ընդգրկված»։
Հանրային մեղադրողը նախ առարկեց փաստաբան Մանթաշյանի այն պնդմանը, թե քննիչը մեկ ժամ շարունակ հաշվել է 9 գնդակ, սակայն ծրարել 10-ը։ Դատախազը վստահեցրեց, որ քննիչը 9 գնդակ է հաշվել և նույնքան էլ ծրարել։
Այնուհետև նա անդրադարձավ իրավապահ համակարգին ուղղված Մանթաշյանի քննադատությանը։
«Չեմ գտնում, որ քննիչի գործողությունները վկայում են քննիչի կամ քննչական համակարգի թշվառության մասին։ Սա իրավական առումով հստակ զննություն է։ Առկա գործողությունները վկայում են ոչ թե թշվառության, այլ քննիչի գործողության օբյեկտիվության մասին»,– ասաց հանրային մեղադրողը։
Հետո գործով պաշտպաններից Մկրտիչ Դավթյանն էլ հեգնեց, որ 18 արդարներին մեղսագրվում է պայթուցիկներ, աստղիկներ ձեռքբերել ու պահելը թաքստոցում, ու մինչև հիմա դեռ այդ թաքստոցը չեն գտել։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































