Կառավարությունն այսօրվա նիստում Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի եւ նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն կտա «Ջերմուկ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերությանը։ Մասնավորապես, մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 226 մլն դրամ։
Ըստ կառավարության հիմնավորման՝ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պոլիէթիլային ջերմակցման թաղանթի արտադրության համար։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 3․4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
«Ներկայումս առկա է 558 աշխատատեղ՝ 250 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 564-ի՝ 260 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3․4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 226 մլն դրամ։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին»,- նշվում է կառավարության հիմնավորման մեջ։
Նշենք, որ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն պատկանում է Վայոց ձորի մարզպետ ՔՊ-ական Վահագն Արսենյանի ընտանիքին։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































