Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը Չեխիայի համար կարևոր գործընկեր է. Պետր Պիրունչիկ

Հունիս 04,2026 21:21 Share

Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկի մասնակցությամբ կայացավ Չեխիայի Հանրապետության TLS վիզաների դիմումների ընդունման կենտրոնի պաշտոնական բացումը, որի հետ դեսպանատունը սկսել է համագործակցությունը 2026 թվականի հունիսի 1-ից։

Դեսպանը նախ ներկայացրեց վիզաների դիմումների ընդունման կենտրոնի պատերին փակցված գեղեցիկ նկարները, որոնցում նաև պատկերված էին Չեխիայի դղյակները։ Նա հպարտությամբ նշեց, որ Չեխիան ամենամեծ թվով դղյակներ և չքնաղ տեսարժան վայրեր ունեցող երկիրն է, որը գրավում է զբոսաշրջիկներին։

«Այս գեղեցիկ նկարները, որ տեսնում եք, իմ հայրենիքի նկարներն են, բոլոր նկարները Չեխիայի Հանրապետությունից են՝ Պրահան, Վլտավա գետը, Շառլի կամուրջը, մյուս վայրերը»,- նշեց դեսպանը։ Նա ընդգծեց օրվա կարևորությունը Չեխիայի դեսպանության համար։

Դեսպանը պարզաբանեց, որ շենգեն վիզայի համար դիմողների թիվը մեծացել է, գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ են ցանկանում մեկնել Չեխիայի Հանրապետություն և այլ շենգենյան երկրներ։ Դիմորդների աճն է առաջին պատճառը, որ Չեխիայի վիզաների կենտրոնի միջոցով են այսուհետ վիզաներ տրամադրվելու։ Երկրորդ պատճառը, դեսպանի խոսքով, այն է, որ մինչ այժմ դեսպանատունն էր վիզաներ տրամադրում, և դեսպանատան սահմանափակ թվով աշխատակիցների կեսը զբաղված էր վիզաներ դիտարկելով։

Պետր Պիրունչիկը նշեց, որ հասկանում է հայկական կողմի հետաքրքրությունը, բայց դեսպանատան միջոցները և աշխատակիցները բավարար չեն մեծաքանակ վիզաներ դիտարկելու համար, իսկ իրենք ցանկանում են, որ հայ դիմորդներն արժանապատիվ ձևով ստանան վիզա, նրանց մատուցվեն պրոֆեսիոնալ ծառայություններ, դրա համար փորձել են այդ ամենը կատարելագործել, ինչի համար իրենց անհրաժեշտ էր նաև նոր տարածք։

Ինչ վերաբերում է TLS-ի հետ համագործակցությանը, դեսպանն ասաց, որ Պրահայի և Երևանի գործընկերները ներգրավված են եղել ընտրության գործընթացում և, ի վերջո, ընտրել են TLS-ը՝ հաշվի առնելով բոլոր առանձնահատկությունները։ «Ինչպես գիտեք, Հայաստանում TLS-ն աշխատում է մի քանի շենգենյան երկրների հետ, Չեխիայի Հանրապետությունը նրանցից մեկն է»,- ասաց դեսպան Պիրունչիկը։

Նրա խոսքով՝ ավելացել են չվերթները Հայաստանից դուրս և դեպի Հայաստան, աճել է եվրոպական երկրներ ճամփորդող ՀՀ քաղաքացիների թիվը, հետևաբար՝ վիզայի համար դիմողների թիվը։ Դեսպանն ընդգծեց, որ Հայաստանը Չեխիայի համար կարևոր գործընկեր է, և մարդիկ, որոնք իրապես հետաքրքրված են իր հայրենիք այցելելով, պետք է շանս ունենան այցելելու։

Ինչ վերաբերում է մերժվող դիմումների վերաբերյալ հարցին, դեսպանը նշեց, որ չկա որևէ դիմում, որ մերժվի առանց ծանրակշիռ պատճառի․ ոմանք ոչ ամբողջական փաստաթղթերի փաթեթ են ներկայացնում, ոմանք՝ ոչ ճիշտ տեղեկատվություն, հենց նման հայտերն են միայն մերժվում։

Բնականաբար, ինչպես ցանկացած նորամուտ, վիզաների կենտրոնի բացումն էլ մեկնարկեց խորհրդանշական կարմիր ժապավենի կտրմամբ։ Դեսպանը կատակեց, որ իր ձեռքի ժապավենի կտորը կպահի Սուրբ Ծննդյան տոնի համար։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930